Ինչ բարոյականություն այնտեղ, որտեղ առյուծի հաստիքը էշն է զբաղեցնում

Ինչ բարոյականություն այնտեղ, որտեղ առյուծի հաստիքը էշն է զբաղեցնում

Նիկոլ Փաշինյանը խոսքի մարդ է, բայց ոչ դասական իմաստով, որ իր ասած խոսքը պահել գիտի, այլ որ միայն խոսել գիտի եւ ոչ թե գործ անել: Չէ, նա, իհարկե, վատ բաներ անում է, բայց հիմա խոսում ենք ոչ թե մարդ բռնելու, մարդկանց իրար դեմ հանելու, երկիրն ավիրելու, այլ կառուցելու եւ պահպանելու մասին: Փաշինյանն արդեն տեւական ժամանակ խոսում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մտադրության մասին, բայց ատոմակայանի շինարարությունը ոչ միայն չի սկսվել, այլեւ նույնիսկ չի նախագծվել, հայտնի չէ, թե ինչ ատոմակայան է կառուցվելու, որ երկրի օգնությամբ: Բայց դատարկաբանել նոր ատոմակայան կառուցելու մասին՝ միշտ կարելի է: Երբ մարդ ինչ-որ բանի մասին անընդհատ խոսում է, ոչինչ չանելով՝ ասածն իրականացնելու համար, դա հենց դատարկաբանություն է:

Կառավարության նիստերից մեկի ժամանակ Փաշինյանը կրկին խոսեց նոր միջուկային ռեակտոր կառուցելու անհրաժեշտության մասին. «Մենք խնդիր ենք դրել՝ նոր ատոմակայան ունենալու, եւ նոր ատոմակայան կառուցելու մեգանախագիծ ունենք իրականացնելու, եւ այդ մեգանախագծի մաս է մասնագետների պատրաստումը»: Հետո սկսեց փիլիսոփայել, թե ինչ տիպի ատոմակայան պետք է կառուցվի Հայաստանում. «Հիմա կան նոր տեխնոլոգիաներ, մեր իմացած ատոմակայանները, եւ կան մոդուլյար ատոմային էլեկտրակայաններ: Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվության ժամանակ կոմիտեի ներկայացուցիչները մի տեղեկատվություն կիսեցին մեզ հետ, որն ունի կենսական նշանակություն` մոդուլյար տեխնոլոգիաների դեպքում երբ տեղի է ունենում ատոմային ռեակտորի վթար, դա համարվում է լոկալ միջադեպ, այսինքն՝ եթե մոդուլյար ատոմային էլեկտրակայանի մոտակայքում կա բնակավայր, երբ որ տեղի է ունենում վթար, էդ մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետեւ այդ վթարը շրջակա բնակչության համար վտանգ չի ներկայացնում։

Ըստ էության, այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է»: Ապա դիմելով կոմիտեի նախագահ Խաչատուր Խաչիկյանին՝ խնդրեց նրան հաստատել իր ասածը, սակայն նախագահն այդպես էլ որոշակի բան չկարողացավ ասել: «Մենք այդ տեղեկատվությունը ստացել ենք նախագծող կազմակերպությունների հետ հանդիպումների ընթացքում, սակայն իրական տվյալները մեր կողմից դիտարկելու համար անհրաժեշտ է, որ նրանք թույլ տան, որ մենք ծանոթանանք այն հաշվարկային տվյալների հետ, որոնք իրենց հիմնավորումների մեջ նստած են, իսկ այդ տվյալները բավականին ամուր շղարշի տակ են պահված: Որ կարողանանք հասանելի դարձնել Հայասանի Հանրապետության մասնագետներին, պետք է միանանք որոշ համաձայնագրերի, որ դրանց ծանոթանալու թույլտվություն ունենանք»,- իրավիճակը նկարագրեց Խաչիկյանը: Լսել ենք, որ ինչ-որ բան կա, բայց ո՛չ անձամբ տեսել ենք, ո՛չ էլ կարող ենք ասել՝ կա թե չկա: Փաշինյանը գործադիր իշխանության նիստերը վերածել է գյալաջի անելու վայրի, որտեղ ոչ թե կոնկրետ որոշումներ են կայացվում, այլ պարապ խոսակցություններ են ծավալվում՝ ով որտեղից ինչ է լսել, ով ինչ գիտի:

Համեմատության համար ասենք, որ միայն 2024 թվականին աշխարհի բազմաթիվ երկրներում սկսվել են նոր ատոմակայանների շինարարություններ: Հունվարի վերջին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթախ աս-Սիսին եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տվեցին Եգիպտոսում կառուցվող «Ալ Դաաբա» ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի շինարարության մեկնարկը: Այն ունենալու է 4800 մեգավատ հզորություն, իսկ առաջին էներգաբլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել արդեն 2026-ից: Մեր հարեւան Իրանը, որն իր առաջին ատոմակայանը կառուցել էր Ռուսաստանի աջակցությամբ, սկսել է ինքնուրույն ատոմակայաններ կառուցել: 2022-ին Իրանի Խուզեստան նահանգում սկսվել է «Կարուն»  անվանումով ատոմակայանի կառուցումը, իսկ այս տարվա փետրվարի 1-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Հորմոզգան նահանգում տվեց նոր՝ «Իրան Հորմոզ» ատոմակայանի շինարարության մեկնարկը: Իրանի իշխանությունները հայտարարում են, որ մտադիր են ատոմակայանների հզորությունը հասցնել 20 հազար մեգավատի: Այս տարի նոր ատոմակայանի շինարարություն կսկսվի նաեւ Չեխիայում:

Երկրի իշխանությունները չորս էներգաբլոկով նոր ատոմակայան կառուցելու մրցույթ են հայտարարել, որին մասնակցել են ամերիկյան, ֆրանսիական եւ հարավկորեական ընկերություններ: Ամերիկյան Westinghouse ընկերությանը Չեխիայի իշխանությունները դուրս են թողել մրցույթից` պայմաններին չհամապատասխանելու համար, իսկ ֆրանսիական եւ հարավկորեական ընկերությունները մինչեւ ապրիլի 15-ը պետք է ներկայացնեն իրենց առաջարկները եւ նախագծերը, որից հետո կընտրվի հաղթողը, եւ կսկսվի շինարարությունը: Այս երկրները եւ դրանց իշխանությունները ո՛չ լսել են «մոդուլյար» ատոմակայանների մասին, ո՛չ հասկանում են դրանց առավելությունը, ո՛չ էլ, փաստորեն, մտածում են իրենց երկրների բնակչության անվտանգության մասին:

Ատոմակայաններն այսպես են կառուցվում, ոչ թե տարիներ շարունակ անիմաստ տափակաբանությամբ զբաղվելով: Երբ հայտնի չէ անգամ, թե ինչ ատոմակայան է կառուցվելու, Փաշինյանը մի բառ է լսել՝ «մոդուլյար», որն իրականում «մոդուլային» է, ու անընդհատ կրկնում է, անգամ չիմանալով՝ աշխարհում նման բան կա՞, թե՞ չկա: Իսկ ինչո՞ւ է անընդհատ կրկնում «մոդուլյար» բառը եւ խոսում դրա անվտանգության մասին: Ոչ թե Հայաստանի բնակչության անվտանգության մասին անհանգստություն ունենալու պատճառով․ Փաշինյանը վախենում է, որ եթե հայտարարի, որ Հայաստանը մտադիր է 1000 կամ 1200 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ կառուցել, Թուրքիան եւ Ադրբեջանն իրեն կարգելեն, ու ինքը հերթական անգամ կհայտնվի անհեթեթ եւ հիմար վիճակում: Իսկ հիմա ի՞նչն արգելեն, միայն խոսում է` չի կառուցում, խոսում է մի բան կառուցելու մասին, որը ոչ մեկը չի տեսել, ու թերեւս չկա էլ, դե թող խոսի` ինչքան ուզում է: Ի դեպ, նոր ատոմակայան կառուցելու համար մեծ փող պետք էլ չէ. ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը թե՛ Թուրքիայում, թե՛ Եգիպտոսում դրանք կառուցում է իր ֆինանսավորմամբ, իսկ իր ներդրած գումարը հետ է ստանալու էլեկտրաէներգիան վաճառելով: Օրինակ, Եգիպտոսում կառուցվող առոմակայանի արժեքը 30 միլիարդ դոլար է, որից Եգիպտոսը վճարում է 15 տոկոսը: Դժվար չէ հաշվել, որ եթե մեկ 1200 մեգավատանոց ռեակտորի արժեքը 7,5 միլիարդ է, ապա եթե Հայաստանը որոշի նման ատոմակայան կառուցել, համաֆինանսավորման չափը կկազմի 1 միլիարդից մի փոքր ավելի գումար, որը Հայաստանի համար հասանելի գումար է, մանավանդ որ այն ծախսվում է շինարարության մի քանի տարիների ընթացքում:
Իսկ ինչո՞ւ Հայաստանը չի գնում այն ճանապարհով, որով գնում են մյուս երկրները: Բացի Թուրքիայից եւ Ադրբեջանից ունեցած վախից, կա մի պատճառ եւս, որի մասին կառավարության նիստում անկեղծորեն խոստովանեց Նիկոլ Փաշինյանը: Խոսելով միջուկային էներգիայի արտադրության ոլորտի մասնագետների բացակայության կամ պակասի մասին՝ նա ասում է. «Էսօր հանրապետությունում չկա մի ոլորտ, մի գործ, որտեղ մենք այդ պրոբլեմին չենք առնչվում: Հիմա մասնագետների պակասությունը մեր տնտեսական պոտենցիալն իրացնելու ճանապարհին առաջնային խոչընդոտներից մեկն է: Հիմա ինչ որ տեսնում ենք` պրոբլեմներ տարբեր տեղերում, դրանք առաջին հերթին մասնագետների բացակայության կամ պակասի խնդիր են»: Իսկ ինչո՞ւ են մասնագետները պակաս․ որովհետեւ Հայաստանում մարդիկ աշխատում են ոչ ըստ իրենց մասնագիտության, եւ դա սկսվում է երկրի կառավարությունից, Փաշինյանից եւ նրա նախարարներից: 

Սովետական հումորի եւ սատիրայի հայր Արկադի Ռայկինը մի լավ պատմություն էր պատմում այս թեմայով: Անտառում արջը մնում է անաշխատանք, որոշում է աշխատանք գտնել, պարզվում է՝ միայն նապաստակի գործն է ազատ, ստիպված համաձայնում է: Արջը նապաստակ է աշխատում այնքան ժամանակ, մինչեւ իմանում է, որ արջի հաստիքն էլ նապաստակն է զբաղեցնում: Դիմում է վերադասին, թե այս անարդարությանը պետք է վերջ տալ: Առյուծի նախագահությամբ հանձնաժողով է ձեւավորվում, որ քննեն արջի դիմումը: Առաջինը նապաստակին են հարցնում, թե դուք ով եք, ասում է` արջ եմ, հարցնում են` ունե՞ք համապատասխան փաստաթղթեր` ներկայացնում է: Հետո նույնը՝ արջին, արջն ասում է, որ ինքը նապաստակի փաստաթղթեր ունի, բայց իրականում արջ է: Հանձնաժողովը որոշում է, որ փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է, խախտում չկա, արջի դիմումը մերժում են: Ռայկինը հարցնում է, թե որն է այստեղ բարոյականությունը, եւ ինքն էլ պատասխանում. «Ինչ բարոյականություն կարող է լինել մի տեղ, որտեղ առյուծի հաստիքը զբաղեցնում է էշը»:

Ավետիս Բաբաջանյան