Ավինյանին տարեք, գծատերերին հետ բերեք

Ավինյանին տարեք, գծատերերին հետ բերեք

ՔՊ-ի՝ իշխանության գալուց հետո առաջնային խնդիր է դարձել Երեւանի տրանսպորտի հարցը, որը ոչ մի կերպ չի լուծվում: Չի լուծվում եւ վերջ: Աշխարհի ամենալավ ավտոբուսներն ու տրոլեյբուսներն էլ բերեցին, բայց հարցը չի լուծվում: Ինչո՞ւ, որովհետեւ չգիտեն ինչպես լուծել խնդիրը: Չկա մեթոդ, չկա մեթոդոլոգիա, չկա առաջավոր փորձի ուսումնասիրություն, չկան տրանսպորտնիկներ՝ բառի ուղիղ իմաստով: Ապրիորի վիճակ է: Չկա հաշվարկ, թե քանի շարժակազմ տրանսպորտ է պետք Երեւանին՝ քաղաքացիների, ես կասեի՝ հպարտ քաղաքացիների սպասարկումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: 

Չկա չվացուցակ, չկա ժամ-պատարագ, չկան համապատասխան ցուցանակներով կահավորված կանգառներ, վարորդները կարգապահ չեն, քաղաքի խայտառակ երթեւեկությունն էլ մյուս կողմից է խանգարում չափերով բոլոր տրանսպորտային միջոցներին գերազանցող ավտոբուսներին ու տրոլեյբուսներին: Հանրային տրանսպորտի երթեւեկության համար ընդհանուր ճանապարհից առանձնացվող գոտիները փոխանակ վիճակը տանելի դարձնելու, հայհոյանքի ու անեծքի են արժանանում երթեւեկության մյուս մասնակիցների կողմից (Գայի պողոտա, Հերացու փողոց): Եվ այնպես էլ չէ, որ մտածենք՝ քաղաքապետարանը հեսա-հեսա հարցը կլուծի: Ոչ, միամիտ չլինեք: Հանրային տրանսպորտի հարցը վերաբերում է հիմնականում շարքային քաղաքացիներին, իսկ շարքային քաղաքացու վրա բոլոր տիպի լիբերալ իշխանությունները, այդ թվում եւ ՔՊ-ն, թքած ունեն: Սա տարրական քաղաքագիտություն է: Երբեք ձեզ հարց չե՞ք տվել, թե ինչու այս իշխանությունների օրոք Հայաստանում պադավատի խնդիր չկա: Պատասխանը մեկն է՝ այն գումարները, որ պետք է ուղղվեին հանրային տրանսպորտի, առողջապահության եւ կրթության ոլորտներում դոտացիաներին, ուղղվում են բյուջե խժռող պաշտոնյաների հետույքները հարմարավետ տեղափոխելու գործին: Ու հիմա, երբ պետք է հանրային տրանսպորտ աշխատեցնել, հանկարծ տեսնում են, որ դա տնտեսապես շահավետ չէ: Ավինյանն էլ, որպես մեջներից ամենախելացին, ասում է՝ տրանսպորտը թանկացնենք, որ հարցը լուծվի:

Պարոն Ավինյան, ես հասարակ քաղաքացիների շրջանում մի փոքրիկ հարցախույզ եմ անցկացրել տրանսպորտի թանկացման թեմայով: Գրեթե բոլոր հարցվածները միաբերան պնդում են՝ Ավինյանը գլուխը պատին է տալիս: Ասում են՝ ի՞նչ թանկացնել, մեր ստացածն ի՞նչ է, հազիվ 100 դրամով գնում ենք աշխատանքի, 100 դրամով հետ գալիս: Դա արդեն ամսական 5 հազար դրամ է կազմում: Հազիվ մի հացի փող է մնում, դա էլ Ավինյա՞նն է ուզում ուտի: Ինչ անում, չեմ անում, չեն համաձայնում, պարոն Ավինյան: Գուցե Դո՞ւք իջնեք ժողովրդի մեջ, փորձեք համոզել, որ թանկ տրանսպորտն ավելի լավ է, քան էժան տրանսպորտը:

Օրինակն Ավինյանի վրա բերեցինք, բայց հանրային տրանսպորտի թանկացման այս ողջ պատմության մեջ ամենեւին էլ Ավինյանը չէ առաջին գծում: Մի հատ վարչապետ ունենք, անունը՝ Նիկոլ: Այս ամենը նրա կառավարման հետեւանքն է: Ինքը ոչ մի բառ տրանսպորտի թանկացման մասին չի խոսում, ճի՞շտ է: Բայց հենց մի լրագրող հարց տա, թե ինչու եք թանկացնում տրանսպորտը, նա իսկույն այդ հարցը կգցի Երեւանի իշխանությունների «ջեբը», ինչպես Պուտինին բռնելու հարցը գցեց գլխավոր դատախազի խալաթի գրպանը: Սա է Նիկոլը: Բայց դուք հաշվեք, թե որքան գումար է ծախսվում մեկ օրում կառավարական ամառանոցից նրա հետույքը Կառավարության տուն եւ հակառակ ուղղությամբ հասցնելու վրա, ու կտեսնեք, թե ինչպիսի դոտացիաներից է զրկվում հանրային տրանսպորտի ոլորտը ողջ Հայաստանում:
Ավինյանն այդպիսի փողեր չունի, որ էժան տրանսպորտ աշխատեցնի: Վաղը մետրոն էլ չի սարքի՝ փող չունենալու օբյեկտիվ պատճառաբանությամբ: Բուսաբանական այգում իբր կառուցվող «Կյանքի պուրակի» ծրագիրն էլ այնտեղ է մնացել կիսատ: Փողը մասնավորի ձեռքում է, մեկ էլ՝ կառավարության: Չեն տալիս, Ավինյանն ի՞նչ անի: Ասենք՝ Կենտրոնի կարմիր գծերը թանկացրեց, դրանով ի՞նչ հարց է լուծելու: Թե բա՝ բեռնաթափել ենք Կենտրոնը: Լո՞ւրջ: Բա որ բեռնաթափել եք, ինչո՞ւ է հանրային տրանսպորտը մեծ ուշացումներով աշխատում: Վարորդին հարցնում ես, ասում է՝ «սաղ քաղաքը պռոբկա ա»: Այսինքն, պարոն Ավինյան, որեւէ բանի թանկացում դեռ հարցի լուծում չէ: Կարո՞ղ եք ասել, թե որքան հավելյալ գումար է մտել քաղաքի բյուջե՝ կարմիր գծերի թանկացումից հետո: Չեք կարող: Որովհետեւ մինչ օրս դեռ ոչ մի ոչխար 160 հազար դրամ չի մուծել՝ քո կարմիր գծերի մեջ կանգնելու համար: Ավելին ասեմ՝ ոչ մի պաշտոնյա եւ ոչ մի պաշտոնյայի զավակ մինչ օրս չի օգտվել այդ հրաշք ծառայությունից, թեեւ նրանց ավտոմեքենաները ողջ օրը կայանված են քաղաքի կենտրոնում: ՀՀ գլխավոր դատախազությունից ավելի կենտրոն տեղ Երեւանում դժվար է մատնանշել, այնպես չէ՞: Մեկ անգամ քաղաքապետարանի ձեր աթոռներից հետույքներդ կտրեք եւ եկեք տեսեք, թե ինչ է կատարվում Վազգեն Սարգսյան փողոցի կարմիր գծերում: Քանի՞ դատախազ է մինչ օրս իր աշխատավարձից 160 հազար դրամ փոխանցել քո հաշվին, պարոն Ավինյան: Ոչ ոք: Դրա համար էլ չես կարողանում լուծել էժան տրանսպորտի հարցը: Բայց էս ի՞նչ եմ ասում: Իսկ դու ուզո՞ւմ ես այդ հարցը լուծել: Այս ախմախ լիբերալ իշխանության ներկայացուցիչներից մեկն էլ դու ես, չէ՞: Քո ավտոն լավը լինի, մնացածը՝ հեչ: