Հրաժեշտ ռուսական կողմնորոշմանը ռազմական ոլորտում

Հրաժեշտ ռուսական կողմնորոշմանը ռազմական ոլորտում

Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) ստեղծումն ու Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքի փոփոխությունը նույն շղթայի երկու օղակներն են: Երկուսի առումով էլ լուծվում է այդ կառույցները խորհրդային, իսկ այնուհետև ռուսաստանյան անվտանգային համակարգից հեռացնելու և արևմտյան համակարգին միացնելու խնդիրը: Կրթությամբ արևելագետ (երկու-երեք տարվա իրավաբանի կոոպերատիվ «կրթությամբ») Քրիստիննե Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում 2022 թվականի հունվարին փոխարինել էր Արման Թաթոյանին, իսկ ուղիղ մեկ տարի անց՝ հրաժարական ներկայացրել: Այնուհետև ութ ամիս անհետացել էր տեսադաշտից և հոկտեմբերի սկզբին հայտնվելով՝ նշանակվել Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար։ Եթե չեմ սխալվում՝ այդ ամիսներին, որ բացակայել էր երկրից, վերապատրաստվել էր անգլիական արտաքին հետախուզությունում: Ենթադրում եմ, որ պետք է ուսումնասիրած լիներ նաև «Գործակալ 007» ազդականչով Ջեյմս Բոնդի վերաբերյալ գրքերն ու կինոնկարները: Բնական է, որ արևմտյան կառույցում ուսումնառություն ստանալու համար պետք է վայելեր նրանց լիակատար վստահությունը:

Նույն նպատակին է ծառայում, բնականաբար, ԱԱԾ-ի վերաբերյալ օրենքի փոփոխությունը: Փոփոխություններով առաջարկվում է ԱԱԾ տնօրենի և նրա տեղակալների համար չեղարկել զինվորական լինելն ու բարձր զինվորական կոչում ունենալու պարտադիր պայմանը։ Որովհետև բոլոր նրանք, ովքեր դեռևս գործող օրենքով կարող են նշանակվել ԱԱԾ տնօրեն և նրա տեղակալներ, չեն կարող 100 տոկոսով վայելել արդեն Նիկոլի վստահությունը: Դրա պատճառն էլ այն է, որ դրանք բոլորն էլ այս կամ այն չափով առնչվել են ռուսական անվտանգային համակարգերի հետ: Իսկ եթե կառույցի ղեկավարի նկատմամբ չկա լիակատար վստահություն՝ որքան էլ վերջինս ծառայի անձամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, ապա չի լինի նաև ողջ կառույցի նկատմամբ: Դա՝ մեկ, և երկրորդ՝ Ռուսաստանի գերիշխանությամբ ստեղծված ՀԱՊԿ-ի գործունեությանը Հայաստանի մասնակցությունն արգելակելու պարագայում առաջանալու էր անվտանգային համակարգերի վակուում (դատարկություն): Ինչն էլ պետք է լցվեր հենց արևմտյան համակարգերի հետ գործընկերային հարաբերությունների հաստատմամբ: ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունն էլ համարյա դադարեցնելու պատրվակն Արցախի հարցում ռուսական խաղաղապահ ուժերի անգործությունն էր: Հենց պատրվակը, քանի որ Արցախը պահպանելու նպատակ ունենալու դեպքում ամեն ինչ կարվեր նրա հայաթափումը թույլ չտալու համար: Բայց քանի որ Արցախը բեռ համարող Նիկոլն ամեն գնով ցանկանում էր ազատվել այդ բեռից, ապա իր վարքագծով ամեն ինչ արեց, որպեսզի ռուսական կողմը որդեգրի նման դիրքորոշում: 

Այսպիսով, Նիկոլի կողմից նախաձեռնված՝ արտաքին քաղաքական ուղղվածության փոփոխությունն աստիճանաբար կյանքի է կոչվում: Եվ աստիճանաբար զրոյանում է երկրի զինվորական ղեկավարության շրջանակում ռուսական «հետքը»: Դրան է միտված նաև այլ երկրներից սպառազինություն գնելու գործընթացը: Եվ այդ հարցում ևս Նիկոլը մեղադրում է ռուսական կողմին: Առաջին հայացքից այն արդարացի է, բայց եթե հաշվի ես առնում, որ Ուկրաինայի տարածքում միայնակ Ռուսաստանը պատերազմում է ողջ արևմտյան աշխարհի դեմ, ապա Նիկոլի գանգատները բացարձակ տեղին չեն: Հաշվի առնելով նաև այդ բնագավառում ՀՀ-ն ՌԴ-ին կապող բոլոր թելերրը կտրելու՝ արևմտյան ցանկությունն ու դրա նիկոլական իրագործումը: Բայց, ինչպես երևում է, Նիկոլը միտք չունի մեր երկիրը դուրս բերել ռուսական տնտեսական տարածքից՝ ԵԱՏՄ-ից: Որովհետև հասկանում է, որ մեր գործարարներին որևէ այլ շուկայում գրկաբաց չեն սպասում: Դրան գումարած՝ ոչինչ այլևս ետ չի պահի ՌԴ նախագահին, ու ռուսական տնտեսական պատժամիջոցներն իրենց սպասել չեն տա: Իսկ դա կարող է վտանգել երբեմնի «դուխով» Նիկոլի անձնական իշխանությունը: