Ալեն, տենց հաստատ մի ասա

Ալեն, տենց հաստատ մի ասա

«Ժողովրդավար իշխանությանը ոչ մեկ ոչ մի բան չի կարող պարտադրել։ Էդ կարային Ռոբերտ Քոչարյանին պարտադրեին ռուսները, կարող էին Սերժ Սարգսյանին պարտադրեին ռուսները, մեզ ոչ մեկ չի կարող պարտադրել, որովհետև ոչ մեկ մեզ վրա լծակ չունի»: Ալեն Սիմոնյանի արտաբերած այս միտքը կարդալուց հետո մի կուշտ ծիծաղեցի: Մի քիչ համեստությունը Ալենին չէր խանգարի, այնպես չէ՞: Մեզ ոչ մեկ չի կարող պարտադրել, ոչ մեկ մեզ վրա լծակ չունի… Յաաաա: Հայաստանը 2018 թվին, փաստորեն, դարձել է գերտերություն՝ չենք իմացել: Ասում է՝ ռուսները պարտադրում էին Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին… Ռուսներն ի՞նչ էին պարտադրում Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին՝ Արցախը հանձնե՞լ: Ու, հետաքրքիր է, այդ ինչպե՞ս էին պարտադրում, որ Քոչարյանն ու Սարգսյանն Արցախը տասնամյակներով չէին հանձնում: Ի դեպ՝ հենց ռուսական զենքով: Այն ժամանակ ֆրանսիական զրահատեխնիկա մեզ չէին տալիս, ոչ էլ հնդկական հրթիռներ: ՆԱՏՕ-ն բզբզում էր, իհարկե, բայց ՆԱՏՕ-ն էլ Քոչարյանին ու Սարգսյանին ոչինչ չէր պարտադրում: Էլ չասեմ, որ ՆԱՏՕ-ում հայ խաղաղապահների զորախումբը ձեր ժամանակ չի ստեղծվել:

Արտաքին քաղաքականություն վարելը բավականին լուրջ գործ է, պարոն Սիմոնյան: Այնտեղ բոլորը միմյանց նկատմամբ լծակներ են գործադրում, միմյանց համոզում, ընկերանում, գժտվում, նորից ընկերանում: Այդ ամենը հիմնված է բոլորի ու ամեն մեկի հաշվարկների վրա: Դուք առաջին մարդն եք քաղաքականության մեջ, որ հայտարարում է, թե մեզ ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել: Նիկոլը կասեր` տենց հաստատ մի ասա: Նախ` պարտադրելը քաղաքական կատեգորիա չէ. և ապա` պետությունների հարաբերություններում այդ Ձեր ասած պարտադրելն այնքան նրբորեն է արվում, որ պարտադրվող կողմը, եթե ապուշ է, ոչինչ չի էլ նկատում: Օրինակ, ձեր Քաղաքացիական պոռնոգրաֆիա կուսակցությունը իշխանության գալուց հետո սկսեց քանդել ՀԱՊԿ-ը: Հիշում եք, չէ՞, այդ պատմությունը: ՀԱՊԿ-ը մեզ ոչինչ չէր արել, դա մի ռազմականացված կառույց էր, որ լավից-վատից զսպում էր մեր թշնամիներին, մեզ էլ մարդատեղ էին դնում, թողնում էին նախագահենք այդ կառույցում: Բայց դուք եկաք ու գրոհեցիք ՀԱՊԿ-ը` ընդհուպ պատկերացում չունենալով դրա հետևանքների մասին: Ես վստահ եմ, որ Նիկոլից բացի ոչ ոք նման բան չէր անի: Գուցե Նիկոլն էլ չաներ, եթե հասկանար, որ կողքից իրեն նրբորեն պարտադրում են դա անել:

Իշխանությունից ձեր գլուխն այնպես էր պտտվում, որ նույնիսկ չհասկացաք, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե Նիկոլը Ստեփանակերտում ձայնը գլուխը գցի ու հայտարարի, որ Արցախը Հայաստան է և վերջ: Ալամ աշխարհի հայոց խորհրդարանի խոսնակին եմ հարցնում` դա Նիկոլի նախաձեռնությո՞ւնն էր, թե՞ ինչ-որ մեկը նրան դուխ էր տվել ու համոզել, որ նման բան հայտարարի Ստեփանակերտում: Վստահ եմ` Նիկոլին նրբորեն, այնպես որ նա չնկատի, դրդել էին դրան, այսինքն` «քաղաքավարի պարտադրել»: Նույնը, բայց արդեն հակառակ իմաստով տեղի ունեցավ Պրահայում, որտեղ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Արցախից ու հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է: Դե իսկ մենք էլ տեսանք նման բան պարտադրողներին` Նիկոլի կողքին շարված:

Է՜, Ալեն Սիմոնյան, եթե փորձենք հաշվել թե ինչքան բան են պարտադրել ձեզ այս հինգ տարում, ձմռան երկար գիշերներն էլ չեն հերիքի: Եվ պարտադրել են ամենալկտի ձևով, առանց որևէ սեթևեթանքի` ասել են` արել եք, ասել են` արել եք...  Հայոց պատմության դասագրքերից մինչև Հայաստանի սուվերենություն` ամենուր ձեր թողած ավերներն են, որոնք գործվել են ձեր ձեռքով ` ձեզ պարտադրելով: Վաղը պարտադրելու են, որ միջանցքը տաք, անկլավները տաք, Հայաստանից գնացած թուրքերին իրենց տներն ու արոտները վերադարձնեք: Դուք համաձայնելու եք ամեն ինչին ու ժողովրդավարությունը, որով այդքան պարծենում եք, ձեզ չի փրկելու խայտառակությունից: