ԵՊՀ հյուրատան նախկին տնօրենը շարունակում է պայքարել

ԵՊՀ հյուրատան նախկին տնօրենը շարունակում է պայքարել

Մաշտոցի 52 հասցեում՝ «Նաիրի» կինոթատրոնի եւ Պոնչիկանոցի արանքում գտնվող շենքը, որը նախկինում պատկանում էր ԵՊՀ-ին, պարբերաբար հայտնվում է դատական վեճերի կիզակետում: Մարտնչող կողմերից մեկը «Շանտան» ՍՊԸ-ն է, որի տերերն են հյուրատան նախկին տնօրեն Հարություն Ղազարյանը, իսկ նախկինում՝ նաեւ Գիտությունների ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի որդին՝ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս վաճառել է իր բաժնեմասը եւ դուրս եկել այս խաղից: Մյուս կողմը «ԷսԷռ հոթել» ՍՊԸ-ն է, որը պատկանում է ՀՀԿ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի ընտանիքին, մասնավորապես, նրա որդուն՝ Ստանիսլավին: Համբարձումյանն այն ձեռք է բերել 2015 թվականին՝ մրցութային հիմունքներով, երբ համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը վաճառքի հանեց հարմար տեղում, բայց շատ վատ վիճակում գտնվող այս շենքը: 2017 թվականին Համբարձումյանները պայմանագիր կնքեցին  «Ինտերկոնտինենտալ» ընկերության հետ եւ սկսեցին «Քրոուն Պլազա» ցանցի հյուրանոց կառուցել տարածքում: Այն ամբողջությամբ պատրաստ է, սակայն ներքին հարդարման աշխատանքները դեռ ավարտված չեն: 

Հենց որ շինարարությունը սկսվեց, պարզվեց, որ «Շանտանը» սեփականության իրավունք ունի հյուրանոցի բակում գտնվող տաղավարի նկատմամբ: «Դա տաղավար չէր, այլ բառնի ստոյկա, որը չի կարող անշարժ գույք համարվել»,- պնդում է Համբարձումյանների փաստաբան Արթուր Մարտիրոսյանը: Իսկ ԵՊՀ հյուրատան նախկին տնօրենի դուստրը՝ Նանա Ղազարյանը, վստահեցնում է, որ դա շատ էլ լավ ռեստորան էր ու մեծ եկամուտ էր բերում իրենց: Այժմ նա դատական ու քրեական գործընթաց է սկսել Համբարձումյանների դեմ: 2018 թվականին «Շանտան» ՍՊԸ-ն միաժամանակ երկու հայց ներկայացրեց Համբարձումյանների ընկերության դեմ: Հայցերից մեկով նախկին տնօրենի դուստրը պահանջում է փոխհատուցում հոր չստացած եկամտի դիմաց: Մյուս՝ վարչական հայցով պատասխանողը Երեւանի քաղաքապետարանն է: ԵՊՀ հյուրատան նախկին տնօրենը պահանջում է անվավեր ճանաչել Համբարձումյաններին տրված շինթույլտվությունը, քանի որ ինքը մինչեւ 2023 թվականը վարձակալած տարածք ուներ շենքի ներսում, ռեստորան ու հողակտորի օգտագործման իրավունքներ:

Անցյալ տարի՝ օգոստոսին, վարչական դատարանը մերժեց հայցը, պատճառաբանությամբ, որ «Շանտան» ՍՊԸ-ն ունի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր եւ չի կարող վիճարկել իրավունքը: Նույն պատճառաբանությամբ ԵՊՀ հյուրատան նախկին տնօրենին մերժել է վերաքննիչ դատարանը, սակայն վճռաբեկ բողոքը վերջերս վարույթ է ընդունվել:  «Ուրեմն վճռաբեկ դատարանը նկատել է, որ այստեղ խնդիր կա: Դա մեզ հույս է տալիս»,- ասում է Նանա Ղազարյանը: Ժամանակին նա Տարոն Մարգարյանի ղեկավարած քաղաքապետարանում աշխատել է որպես իրավաբան եւ գիտի գործի բոլոր նրբությունները: Նաեւ դիմել է դատախազություն՝ ուրիշի գույքի ապօրինի ոչնչացման հետ կապված հաղորդում ներկայացնելով: Հարուցված քեական գործը նախաքննության փուլում է: 

«ԷսԷռ հոթել» ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Արթուր Մարտիրոսյանը վստահեցնում է, որ Հարություն Ղազարյանը տեղեկացվել է տարածքն «ԷսԷռ հոթել» ընկերությանը վաճառելու մասին եւ դրա վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրել: Հարություն Ղազարյանը տաղավարի տարածքի նկատմամբ ունեցել է անհատույց օգտագործման իրավունք, իսկ շենքի առաջին հարկի տարածքի նկատմամբ՝ վարձակալության փաստաթուղթ, որում ծիծաղելի թիվ է նշված եղել՝ 100 հազար դրամ՝ 3000 քմ-ի դիմաց: 

«Մենք այդ ձեւական պայմանագրերը չենք լուծել զուտ մարդկային հարաբերություններից ելնելով, քանի որ «Շանտան» ՍՊԸ բաժնետերն էր նաեւ ԵՊՀ նախկին  ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի որդին: Սա շատ կարեւոր հանգամանք է եղել այդ ընկերության հետ մեր հարաբերություններում:

Տարիներ շարունակ «Շանտան» ՍՊԸ-ն չի կատարել պետական վճարում, որովհետեւ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի հետ պայմանավորվածություն կար, որ դա իրենց օբյեկտն է, եւ ոչ մի խնդիր չկա: Հետո, արդեն ռեկտոր Արամ Սիմոնյանի օրոք մենք իմացանք, որ մրցույթ կա, որով այդ հյուրատունը վաճառվում է: Այն վատ, անմխիթար վիճակում էր: Մենք որոշեցինք ներդրում կատարել, այդ տարածքը գնեցինք 5 մլն դոլարով՝ պարտավորվելով նաեւ 20 մլն դոլարի ներդրում կատարել: Նա առաջին օրվանից մեզնից ուզում է գումար կորզել՝ մոտ 50 հազար դոլար: Մենք էլ նրան ասում ենք, որ շենքը գնում ենք պետգույքի կառավարման վարչությունից, բայց քանի որ արանքում հարգելի Ռադիկ Մարտիրոսովիչը կա, մենք ձեզ հարգելով՝ երկու տարի անվճար թույլ ենք տվել 24 ամիս աշխատեցնել ռեստորանը»: Երկու տարի անց են միայն Հարություն Ղազարյանին խնդրել ազատել տարածքը: Արթուր Մարտիրոսյանը վստահեցնում է, որ Հարություն Ղազարյանը շենքից ամեն ինչ տարել է, անգամ՝ «ռոզետկաները»: «Մենք 5 մլն դոլար տվել ենք, 20 մլն ներդրում ենք կատարում ու իրեն էլ թույլ ենք տվել, որ առնվազն 1 մլն դրամ վարձակալման գին ունեցող տարածքում երկու տարի աշխատի, այսինքն՝ 24 մլն դրամի օգուտ ենք տվել, որն էլ կազմում է 50 հազար դոլար, էլ ի՞նչ է ուզում»,- հարցնում է Արթուր Մարտիրոսյանը: Առարկությանը, թե «Շանտանը» ռեստորանի համար սեփականության իրավունք ունի, փաստաբանը պատասխանեց. «Ես սեփականատերն եմ: Նա ունի անհատույց օգտագործման պայմանագիր: Նա ոչ մի դրամ պետությանն այս տարիների ընթացքում չի մուծել»: 

Սեփականատերերի այս մասնավոր վեճերից զատ, կուզեինք հիշել համալսարանական հյուրատան դիմաց ժամանակին աճող ծիրանենիներն ու եղեւնիները: Երբ Համբարձումյաններն այս տարածքում շինարարություն սկսեցին, ծառերն անխնա ոչնչացվեցին: Տարածքում էր գտնվում նաեւ Մոնթե Մելքոնյանի հուշաքարը: «ԷսԷռ հոթելի» ներկայացուցիչը վստահեցնում է, որ եղեւնիների փոխարեն իրենք տույաներ են տնկելու, իսկ հուշաքարն իրենց մոտ է եւ կտեղադրվի նախկին տեղում: