Շատ անկեղծ զրույց՝ Արայիկ Հարությունյանի հետ

Շատ անկեղծ զրույց՝ Արայիկ Հարությունյանի հետ

Արայիկ Հարությունյան, վատ երազները քեզնից հեռու, ո՞նց ես: Բավականացրի՞ն ստվարաթղթե արկղերը, թե՞… Հա, դրանց վրա ՀՅԴ երիտասարդները գեղեցիկ տառերով գրել էին, թե որ իրերը որ արկղի մեջ տեղավորես: Հո չե՞ս խառնել: Դոզան մեծ էր երեւի: Քո գործն էլ մի գործ չէ, ասեմ, է՛լ տրանսգենդեր, է՛լ համասեռամոլ, է՛լ սատանիստ, է՛լ աղանդավոր՝ բոլորը հավասար իրավունք են պահանջում, բոլորն ուզում են իրենց մասին պատմող ֆիլմեր նկարվեն, բեմ են պահանջում՝ բարձրարվեստ գործեր բեմադրելու համար: Գոնե սպորտում խնդիրները քիչ լինեին…
Բայց ես շնորհավորում եմ քեզ, Արայիկ, դու առաջինն ես քայլածներից, որի հրաժարականն են պահանջում այսօր: Դա շատ խորհրդանշական է: Դու իսկական առաջամարտիկ ես, եւ սա լավ առիթ է ցույց տալու, որ «թավշյա, ոչ բռնի ժողովրդական» հեղափոխություն իրականացրած մեր ժողովուրդը, իսկ երիտասարդությունն ու ուսանողությունը հաստատ ժողովուրդ է, դարձել է երկրի տերը եւ վարչապետին հավասար իրավունքներ ունի՝ նախարար է փոխում երկրում, պահանջում, որ իրեն չայլասերեն:

Իսկ հիմա՝ գլխավորի մասին: Արայիկ, ուզում եմ տեղեկացնել, որ քո ռեյտինգը Հայաստանի Հանրապետությունում եւ Սփյուռքում կտրուկ բարձրացել է անցյալ հինգշաբթի ցուցաբերած պահվածքի շնորհիվ: Նշեմ նաեւ, որ դրան հատկապես նպաստել է «անդաստիարակ» բառը, որ դուրս է թռել քո շուրթերից, որոնք այդ օրը չէին ենթարկվում ԿԳՄՍ նախարարին: Այդ պատճառով էլ այսօր մտադիր չեմ հաշվի առնել այն կանոնները, որոնք, սովորաբար, պահպանում եմ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ հեռակա կամ անմիջական շփումներում: Դու հինգշաբթի ապացուցեցիր, որ կոնկրետ քեզ հետ շփումներում այդ ավելորդ ձեւականությունը պահպանելն իմաստ չունի: Եվ, ահա, թե ինչու:

ԿԳ նախարարը, Աստված էլ լինի, պարտավոր է սուսուփուս հեռանալ, երբ ուսանողը նրա պատճառով դասի չի գնում, նա պարտավոր է հեռանալ անհապաղ, եթե կրթության ու գիտության հետ կապված տեսլականներ ու ծրագրեր չունի, նա իրավունք չունի զբաղեցնելու ազգային պետության ԿԳ նախարարի պաշտոնը, եթե հայկական կրթություն չունի: Թող ինձ ներեն այլալեզու դպրոցներ ավարտած մեր մյուս պաշտոնյաները, ես նրանց հորդորում եմ օտար լեզվով ստացած իրենց գիտելիքներն անմնացորդ ներդնել բոլոր ասպարեզներում, բայց չհավակնել ԿԳՄՍ նախարարի պաշտոնին, որովհետեւ կրթությունը, գիտությունն ու մշակույթը, ի թիվս այլ բաների, պահանջում են նաեւ հայերեն լեզվամտածողություն, հայեցի դաստիարակություն եւ, վերջապես, անսահման սեր ու հարգանք մեր ազգային արժեքների նկատմամբ: Դու գուցեեւ զտարյուն կովկասցի ես, Արայիկ, բայց չես բավարարում ՀՀ ԿԳՄՍ նախարարին ներկայացվող պահանջներից եւ ոչ մեկը: Կարող ես բողոքել, մատնանշել նախարարների մասին օրենքը, բայց քո դեպքում չգրված օրենքն է այլեւս գործում:

Ճիշտ էր Նիկոլ Փաշինյանը, երբ քո հրաժարականը պահանջող երիտասարդներին բացատրում էր, որ նախարարի վարած քաղաքականության համար պատասխանատուն կառավարությունն է: Բայց դա բնավ էլ չի նշանակում, որ նախարարը պատասխանատու չէ կառավարության առաջ: Եվ, ուրեմն, շատ կարեւոր է, որ կառավարությունը փորձի հասկանալ, թե ինչու առաջին դատարկ արկղերը հայտնվեցին հենց քո ղեկավարած գերատեսչության մուտքի մոտ: Փաշինյանը, հավանաբար, ծանոթ է նաեւ այն պաստառների բովանդակությանը, որոնք բերվեցին նախ կառավարության շենք, ապա՝ ԿԳՄՍ նախարարություն: Իսկ դրանք շատ բան են ասում այն սխալների մասին, որ հասցրել ես կատարել վերջին մեկ տարում: Այդ պաստառների մեջ կա մեկը, որ երիտասարդների եւ ուսանողների բոլոր պահանջների հանրագումարն է՝ «Գնա տուն»: Քեզնից ընդամենը դա է պահանջվում: Ոչ ոք քեզ չի կախելու, չի բանտարկելու, չի հայհոյելու: Բոլորը ձերոնք են: Բացի այդ, լավ արաբագետներ հիմա ամեն տեղ պետք են, այդ թվում՝ համալսարանում, որի հերն անիծեցիք: «ԵՊՀ 100-ամյակն առանց Արամ Սիմոնյանի»՝ սա չէ՞ր ձեր կարգախոսը, երբ «Ռեսթարթի» գլուխն անցած՝ գրոհում էիք Ալմա մատերը: Ի դեպ, ո՞ւր են այդ ուսանողները, ինչո՞ւ ռեսթարթ չեն լինում, չեն պաշտպանում քեզ, Արայիկ:

Մենք հասկանում ենք, որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, եւ իշխող քաղաքական ուժը, բնական է, ձգտում է յուրայիններով զբաղեցնել այդ պաշտոնները: Քո դեպքում, Արայիկ, առկա է քաղաքականացվածության ավելցուկ, որ շատ վատ է ազդում կրթության, գիտության եւ մշակույթի վրա: Շուտով այդ ոլորտներին կմիանա նաեւ սպորտը: Ըմբշամարտի, շախմատի եւ ֆուտբոլի ֆեդերացիաների վիճակը դա է հուշում: Առիթ-անառիթ՝ դու հարցը տեղափոխում ես քաղաքական հարթություն, աճապարում ես սեփական սխալները բացատրել նախկինների «սխալներով», հանրությանը վախեցնում ես «հակահեղափոխությամբ», ինչ-որ անհասկանալի հեքիաթներ պատմում «դրսի» ու «ներսի» դաշնակցականների մասին, չգիտես ում սպառնում դատական գործերով: Դա շատ ծիծաղելի է մի մարդու պարագայում, որ իր պաշտոնավարման ընթացքում խայտառակություններից ու սկանդալներից բացի ոչնչով աչքի չի ընկնել, որի նախաձեռնած ոչ մի քայլ, ոչ մի օրինագիծ, ոչ մի ծրագիր չի ընդունվել հանրության կողմից: Եվ, ուրեմն, մի մոռացիր, որ դու նաեւ քաղաքական ուժ ես ներկայացնում՝ միակուսակցական կառավարություն, որի մի պարտականությունն էլ կրթօջախները քաղաքականությունից զերծ պահելն է:

Կա այսպիսի հասկացություն՝ «կրթությունը պետք է շարունակական լինի»: Սա օրենք չէ, թեեւ այս ոլորտի բազմաթիվ օրենքներ բխում են հենց այդ հասկացությունից: Ի՞նչ ես կարծում, Արայիկ, քանի՞ տարի է պետք մեկ սերունդ կրթելու եւ կյանք ճանապարհելու համար, երբ անտեսվում է կրթության շարունակականությունը: Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ է ամեն կրթության նախարար գալ եւ 0-ից սկսել այդ գործը, ավելին՝ գալ եւ ամեն ինչ սկսել քանդելուց: Քանդելով, քայքայելով, մսխելով հնարավո՞ր է արդյոք որեւէ բան կառուցել առհասարակ: Մինչդեռ կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներն ամենազգայունն են այդ տեսանկյունից: Մեզնից 30 տարի է պահանջվել ազգային կրթական ծրագրերի մշակման եւ ներդրման համար: Փառք Աստծո, շատ բան հաջողել ենք: Վերջին մեկ տարում, սակայն, ականատես ենք լինում նախաձեռնությունների, որոնք սպառնում են այդ ձեռքբերումներին, աղճատում ոչ միայն հայեցի կրթության, այլեւ ազգային ինքնության մասին մեր բոլոր պատկերացումները: Սա անթույլատրելի է, եւ կասկածներ են կան, որ այդ ամենն արվում է ոչ այնքան մեր կառավարության, որքան դրսի ուժերի ճնշման ներքո: Դու պետք է տուն գնաս, Արայիկ: Դրա այլընտրանքը քո գլխավորած ոլորտների տապալումն է, սերունդների համերաշխության ոչնչացումը, հանրության պառակտումը եւ հասարակության քայքայումը:

ՀԳ․ Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հրաժարական է տվել: Այդ մասին կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Նրա խոսքով՝ Միխեիլ Բատիաշվիլին անձնական դիմումի համաձայն է հրաժարվել պաշտոնից:
Հետաքրքիր է, որ Վրաստանում նույնպես կրթությունը, գիտությունը, մշակույթը եւ սպորտը մեկտեղված են մեկ նախարարության մեջ, ինչից կարելի է ենթադրել, որ մերոնք, կառավարության կառուցվածքային փոփոխություններ անելիս, սեփական հեծանիվը չեն հայտնագործել: Հետաքրքիր է նաեւ, որ Միխեիլ Բատիաշվիլին ու Արայիկ Հարությունյանը պաշտոնավարել սկսել են 2018 թվականից, եւ, մեր կարծիքով, գեղեցիկ չի լինի, որ Բատիաշվիլին սեփական դիմումով, այսինքն՝ սուսուփուս ազատվի, իսկ Արայիկը՝ զուռնա-դհոլով: