Հանրային խորհուրդը քննարկելու է Ստյոպա Սաֆարյանի վարքագիծը

Հանրային խորհուրդը քննարկելու է Ստյոպա Սաֆարյանի վարքագիծը

Նոյեմբերի 7-ին Հանրային խորհուրդը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, անդրադարձավ ՀԽ առաքելությանն ու մասնավորապես՝ Ստյոպա Սաֆարյանի պահվածքին, ով խորհրդում «ընդդիմադիր» կեցվածք է որդեգրել եւ մեղադրում է վարչապետի ասածները չկատարելու, մասնավորապես՝ Արցախի հարցով հանրային կարծիքը չուսումնասիրելու մեջ։ Վաղը կկայանա ՀԽ երկրորդ նիստը, որտեղ կքննարկվի Livenews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմում-բողոքը, որը վերաբերում է Սաֆարյանին, ով մի քանի լրատվամիջոցների դուրս էր հրավիրել իր կազմակերպած քննարկումից։ Լրագրողը դիմել է ՀԽ եւ պահանջել Սաֆարյանին նկատողություն տալ կամ հեռացնել ՀԽ-ից։ Վազգեն Մանուկյանը դիմումը մակագրել է Քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովին, որի նախագահը Ստյոպա Սաֆարյանի երբեմնի կուսակից՝ «Ժառանգության» անդամ Լարիսա Ալավերդյանն է։ 

Հիշեցնենք․ Սաֆարյանը պարբերաբար հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն խնդրել է աշխատեցնել Հանրային խորհուրդը։ Նաեւ ասում է, որ ՀԽ-ն կոչված է հանրային փորձաքննության եւ ոչ վարչապետին ընդդիմանալու համար, եւ Վազգեն Մանուկյանն իրավունք չունի ընդդիմադիր կարծիքներ հայտնել։ Ավելին՝ վերջին նիստից հետո Սաֆարյանը հայտարարեց, որ ՀԽ-ն չգիտի, թե ինչով է զբաղված, եւ Վազգեն Մանուկյանը պետք է հրաժարական տա։

Փաստորեն, Ստյոպա Սաֆարյանը հիմա ՀԽ-ում մենակ է մնացել, նրան պաշտպանում է միայն Անահիտ Բախշյանը, իսկ մյուսները Վազգեն Մանուկյանի կողքին են, ինչպես ցանկացած հիմնարկում՝ ղեկավարի կողքին։  Ի դեպ, այս քաղաքական բախումների արդյունքում հրաժարականի դիմում տվեց ՀԽ անդամ Բաբկեն Պիպոյանը, իսկ Կարեն Զադոյանը հնարավոր է , որ հեռանալու որոշումը քննարկի իր հանձնաժողովի հետ։ Մենք երեկ հետաքրքրվեցինք տիկին Բախշյանից՝ մտածե՞լ է, թե ինչ է անելու ինքը։ Ասաց․ «Որ ասեմ՝ մտածել եմ, ճիշտ չէ, որ ասեմ՝ չեմ մտածել, ճիշտ չէ, ես ուղղակի ուզում եմ հասկանալ, կողմնորոշվել, ես ունեմ ժամանակ, կարող եմ իմ ժամանակը տրամադրել, բայց ուզում եմ հասկանալ՝ ՀԽ-ն իրեն օրենքով տրամադրված լիազորությունների կատարման գործընթացը, ի վերջո, անելո՞ւ է, թե՞ չէ, եւ ինչպե՞ս է դա պատրաստվում անել»։  Բախշյանը հույս ունի, որ այդ մեխանիզմները կներդրվեն փոփոխվելիք օրենքում կամ սպասվելիք հուշագրում, որը պետք է ստորագրի ՀԽ-ն։ Եթե տեսնի՝ արդյունավետ է, դուրս չի գա, եթե չէ՝ դուրս կգա։ Նաեւ Անահիտ Բախշյանին հետաքրքրում է․ «Ի՞նչ է լինելու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի որոշումը»։ Այլ կերպ ասած՝ Վազգեն Մանուկյանը կտա՞ հրաժարական, թե՞ ոչ։ Հիշեցնենք․ նա ավելի վաղ ասել էր, թե թող Նիկոլ Փաշինյանն ասեր, որ իր հետ չի ուզում աշխատել՝ ինքը դիմում կտա։ Դրանից հետո այլեւս այդ թեմային չի անդրադարձել։

Նաեւ հարցրինք․ իր կարծիքով՝ ՀԽ անդամները 2 բանակի՞ են բաժանվել։ Բախշյանն ասաց՝ բանակ չէ, բայց ակնհայտ է, որ կան Վազգեն Մանուկյանի կողմնակիցներ, որոնք ՀԽ-ն տեսնում են որպես քաղաքական հարթակ եւ քաղաքական հարձակումներ են անում։

Զրուցեցինք նաեւ մանուկյանական թեւից Աիդա Թոփուզյանի հետ։ Հարցին, թե որն է դատափետման պատճառը՝ Սաֆարյանը «տղա՞ է բերում», ասաց․ «Չէ, ես կարծում եմ, որ անբարոյականություն է, որ դու մի կառույցի անդամ ես եւ խոսում ես ոչ թե ներսում, այլ՝ դրսում։ Իսկ եթե ներսում խոսելու լինեիր եւ հետո այդ խոսակցությունը շարունակեիր, ուրիշ բան է։ Քան թե դու ընդհանրապես ներսում քո դժգոհությունը, մտահոգությունները չես ասում ու դրսում սկսում ես մարդկանց պիտակավորելով՝ քո ասածն առաջ քշել։ Կոնկրետ իմ հետ կապված՝ մինչեւ այս եղել էր ստիչկա Ստամբուլյան կոնվենցիայի քննարկման ժամանակ»։ Մասնավորապես, Սաֆարյանն ասել էր, որ  Թոփուզյանը, կոնվենցիան առանց կարդալու, խոսում է, Թոփուզյանն էլ թե ինքն առանց կարդալու որեւէ բանի մասին չի խոսում, Սաֆարյանն է վատ կարդացել։ Հետո արդեն վերջին նիստին Թոփուզյանն ասել էր, որ Սաֆարյանը «կին» եւ «տարիք» գործոնները հաշվի չի առնում, Սաֆարյանն էլ, թե՝ եթե Դուք մեծահասակ եք եւ կին եք, պիտի մենք լռե՞նք։ Խոսքից՝ խոսք (Թոփուզյանի խոսքով՝ «ինչ-որ նախադասություններ էր մրթմրթում»), եւ, ի վերջո, Թոփուզյանը Սաֆարյանին առաջարկել էր ձայնը կտրել ու իրեն չստիպել ուրիշ բաներ ասել։ Տիկին Թոփուզյանը մեզ հետ զրույցում նշեց, թե մոռացել էր, որ միկրոֆոնը միացված է, ամեն դեպքում՝ դիմացը տղամարդ է, զղջում է զայրույթի պահին ասած խոսքերի համար։ Ինչ վերաբերում է Սաֆարյանի հայտարարությանը, թե 37 թվից խոսող Վազգեն Մանուկյանը՝ ինքը, բազմակարծություն չի հանդուրժում, Թոփուզյանը նկատեց, թե Սաֆարյանը ստում է։ Արցախի թեման 3 անգամ քննարկել են, որից առաջինին Սաֆարյանը ներկա չի եղել։ «Ինքը կար երկրորդ անգամ ու էլի փորձեց աղմուկ բարձրացնել, որ ինչի չեն քննարկում-բան․․․»։

Թոփուզյանն ասում է, որ Վազգեն Մանուկյանը ճիշտ է․ ինքն էլ կարծում է, որ ո՞նց կարելի է քննարկել, Նիկոլ Փաշինյանի դրած առաջադրանք-հարցը, թե Արցախի լուծման հետ կապված ինչ է ուզում ժողովուրդը։ Պարզ չէ՞, որ այդ հարցում հայ ժողովուրդը միասնական է։