Եղբայր, կլնի՞ նույն բանը երկու անգամ չլսեմ

Եղբայր, կլնի՞ նույն բանը երկու անգամ չլսեմ

Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը Եղեգնաձորում էր: Անցնում էր քաղաքի փողոցներով, զննում էր ասֆալտն ու բակերը, լուսավորությունը, ուզում էր հասկանալ, թե ինչպես են ընթանում կառավարության համաֆինանսավորմամբ Վայոց ձորում իրականացվող ասֆալտապատման, բակերի բարեկարգման, համայնքի արտաքին լուսավորության ծրագրերը: Օպերատորները նրան նկարում էին ու հայտնի սոցցանցի վարչապետի էջում ցուցադրում ուղիղ եթերի ռեժիմով: Նիկոլի կրծքին՝ բլուզին, երկու պիտակ կար: Մեկի վրա գրված էր՝ «ՀՀ վարչապետ», մյուսի վրա՝ «Ն. Վ. Փաշինյան», մեջքին էլ՝ «Հայաստան»:

Փաշինյանը դժգոհ էր։ «Էս ճամփան գլխառադ արած ա, էս ի՞նչ ա», «Սրա ի՞նչն ա վերջացրած, սրա էֆեկտը ո՞րն է», ««Նեչիստայա» վիճակն է, մենք էլ սրա անունը դնում ենք գո՞րծ», «Հո ասֆալտը մենակ փռելով չի՞», «Ո՞ւր են շինարարները, ի՞նչ են անում, ինչո՞ւ են փողոցը կիսատ թողել»,- հարցնում էր վարչապետն իրեն ուղեկցող կոստյումավոր պաշտոնյաներին: Նրանց թվում էին վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, միջին կալիբրի մարզային չինովնիկներ, որոնք լուռ ու հնազանդ հետեւում էին վարչապետին: Ակտիվ էր միայն Եղեգնաձորի համայնքապետ Դավիթ Հարությունյանը: Նա քայլում էր վարչապետի կողքով, աշխատում չնկատել Փաշինյանի հեգնանքը, փորձում էր պատասխանել ամենաանհարմար հարցերին: Ասենք, ասում էր՝ այսօր հանգստյան օր է, առավոտյան շինարարները կգան, կամ՝ սա դեռ ասֆալտի վերջնական տեսքը չի, կամ՝ բնակիչներն իրենց ավտոտնակներն ու դարպասները չեն ներկել, դրա համար է բակը տգեղ եւ այլն:

Վարչապետն ընթացքում հավեսով բարեւում էր բակերում հավաքված, իրեն թամաշա անող երեխաներին, հարցնում էր՝ լա՞վ եք, դպրոց գնո՞ւմ եք: Երեխաները Նիկոլին սովորաբար հարցեր չեն տալիս, այլ ոգեւորված հայացքով են դիմավորում: Երեխաների հետ շփումը Փաշինյանից շատ ժամանակ չի խլում: Այլ են մեծերը: Ինչ-որ մարդիկ անընդհատ փորձում էին մոտենալ վարչապետին, իրենց դարդերը պատմել, առանց հասկանալու, որ նա իրենց լսելու չի եկել, այլ ստուգելու, թե ինչ գործ են արել կառավարության տված փողով: Դարդերը պատմում էին երկար-բարակ, չէին տեղավորվում վարչապետի ժամանակի մեջ: Ֆեյսբուքյան «լայվում» երեւում է, որ Փաշինյանը նյարդայնանում էր հասարակ քաղաքացիների հետ զրուցելիս: Նա մարդկանց հորդորում էր դիմել իր օգնականներին: Մի կին մոտեցավ ու պատմեց, որ Եղեգնաձորի Նոր Ավան թաղամասում չկա կոյուղի, որ կոյուղի կառուցելու համար 200 մլն-ից ավելի դրամ գումար է պետք, ու համայնքն այդքան փող չունի: Տեղեկանքի կարգով նշենք, որ Եղեգնաձորի ծայրամասում գտնվող այս թաղամասը ժամանակին խիտ բնակեցված է եղել, բայց կոյուղու, լուսավորության, ասֆալտի բացակայության պատճառով մարդիկ այստեղից հեռացել են: Տների բակերում բնակիչները պետքարաններ են սարքել, եւ ամռանը գարշահոտությունը խեղդում է մարդկանց: Ամեն տարի մարզային իշխանությունները նրանց խոստանում են հաջորդ տարի լուծել հարցը: Եվ այդպես՝ 26 տարի:

Վայոց ձորի հետհեղափոխական մարզպետ Տրդատ Սարգսյանի օրոք կառավարությունն իր վրա էր վերցրել Եղեգնաձորի մի շարք խնդիրների լուծումը, բայց Նոր Ավանի կոյուղին այդ հարցերի մեջ չմտավ: Փաշինյանը զարմացավ՝ լսելով, որ մի ամբողջ թաղ առանց կոյուղու է ապրում: Նա խոստացավ զբաղվել հարցով: Շատին համայնքի նախկին ղեկավարը մոտեցավ վարչապետին՝ առանձնազրույցի խնդրանքով, որին կրկին Փաշինյանն ուղարկեց օգնականների գիրկը, իսկ երբ վերջինս համառեց, թե կարեւոր ասելիք ունի, վարչապետն առարկեց. «Եղբայր, ես ասեցի արդեն»: Ամենահոգնեցնողը անկոյուղի թաղամասի բնակիչներից բեղավոր մի տղամարդ էր, անունը՝ Սամվել: Նա անսպասելի հայտնվեց ասֆալտապատման ու բակերի բարեկարգման վերաբերյալ դիտողություններ անող վարչապետի առաջ եւ սկսեց պահանջել, որ վերջապես լուծեն կոյուղու հարցը: Տղամարդը վազել էր վարչապետի հետեւից: «34 տարի կոյուղի չունենք»,- ասում էր նա՝ հեւալով: «35 տարվա խնդիրը չեմ կարա ոտի վրա լուծեմ, եղբայր, կլնի՞ նույն բանը երկու անգամ չլսեմ»,- առարկեց վարչապետը: Մարզային չինովնիկները սկսեցին քաշել անկոյուղի բնակչի թեւերից՝ փորձելով նրան մի կողմ տանել: Վարչապետի խոսնակ Վովա Կարապետյանն էլ ձեռքը դրեց տղամարդու ուսին, բա՝ եղբայր, ինքն ասում ա, որ լսել ա: Բայց տղամարդը չէր հեռանում:

«Հույս ունենա՞մ, որ կլուծեն, թե՞ նախորդ իշխանությունների նման կասեք, կձգձգվի, կխաբեք»: «Դե լավ, էլի, հասկացանք, եղբայր»,- ձայնը բարձրացրեց վարչապետը:

«Անձամբ ես էս հեղափոխությանը մասնակցող առաջիններից եմ»,- չգիտես ինչու, հենց այս «երկաթյա» փաստարկն է բերում հասարակ ժողովուրդը, երբ Փաշինյանից մի բան է ուզում: «Եղբայր, բոլորս էլ առաջիններից ենք եղել: Ասում եմ՝ կուսումնասիրենք»,- հանգստացրեց նրան Փաշինյանը:

Գեղանուշ անունով մի կին, ճեղքելով բազմությունը, 100 անգամ ներողություն խնդրելով, մի կերպ հասավ վարչապետին ու իր տանիքի «նեղ անձնական» հարցը բարձրացրեց: «Մեր շենքը ինչ կառուցվել է, 88 թվից կռիշ չունենք: 9 ընտանիք օդից կախված է»: Վարչապետը, որ մի քանի օր առաջ հայ ժողովրդին, «անկռիշ», անկոյուղի, անտուն քաղաքացիներին իր հերթական «լայվի» միջոցով ցուցադրում էր, թե ինչպես է վերանորոգել իր նոր առանձնատունը, ու համոզում, որ դա 2 մլն դոլար չի նստել, այլ տասն անգամ պակաս, նրան հորդորեց դիմել մարզպետին ու քաղաքապետին: Երբ կինն առարկեց, որ 10 տարի դիմում են, վարչապետը բերեց իր կարծիքով ամենահամոզիչ փաստարկը․ «30 տարվա խնդիրը միանգամից չեմ կարող լուծել»: Մարդիկ նայում էին վարչապետին իբրեւ փրկչի, իսկ վարչապետն անընդհատ ժամացույցին էր նայում: