Նիկոլ Փաշինյանն ու ժամանակի մեքենան

Նիկոլ Փաշինյանն ու ժամանակի մեքենան

Սպասվող արտահերթ ընտրությունները խոստանում են ամենաինտրիգայինը լինել նորանկախ Հայաստանի պատմության մեջ՝ մի շարք հանգամանքների բերումով։ Իհարկե, քաղաքական գործիչների եւ հասարակության մի զգալի մասն արդեն իսկ չի վստահում այս ընտրությունների արդար ընթացքին, բայց ձեռնպահ մնանք կասկածներից եւ քննարկենք, թե ինչ է մեզ սպասվում ընտրություններում։ Վերջերս հաճախ են ասում, որ ժողովուրդը զերծ կմնար 2018-ի հեղափոխությունից՝ պատկերացնելով, թե ինչ արհավիրքներ են սպասվում Հայաստանին դրա արդյունքում, եւ այժմ ժողովուրդը հնարավորություն է ստանում ժամանակը ետ պտտեցնելու եւ հեղափոխությունից հրաժարվելու։ Փաստորեն, այս ընտրությունները մի յուրօրինակ ժամանակի մեքենա է։ Իհարկե՝ հարաբերական իմաստով։ Ամենից հետաքրքիրն այն է, որ այս կախարդական ժամանակի մեքենան կարելի է ծրագրավորել կամայական ժամանակային կոորդինատով՝ կախված քաղաքական դաշտում ուժերի դասավորվածությունից։ 

Օրինակ, մարդիկ կարող են ընտրել ծայրահեղ ազգայնականներին եւ հայտնվել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակներում եւ նորընտիր իշխանությանը հնարավորություն տալ՝ նորից փորձել դաշինքներ կնքել՝ Արեւմտյան Հայաստանը ազատագրելու նպատակով։ Կարող ենք հայտնվել խորհրդային ժամանակներում եւ սպասել, թե կոնյակի արկղը ձեռքին, ռուսական չինովնիկների կաբինետների առջեւ չորացած բանագնացն ինչ բարիքներ է բերելու մեր երկրի համար։ Կարելի է ընտրել ՀԱԿ-ՀՀՇ-ի ժամանակները եւ տեղափոխվել 90-ականներ՝ մութ, ցուրտ, պատերազմ, միտինգներ։ Եվ գուցե, ընտրվելու դեպքում, Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջողվի նորից ազատագրել Արցախն ու գրավել անվտանգության գոտի համարվող տարածքները։ Այդ դեպքում նա նորից հնարավորություն կստանա դրանք հանձնելու մասին հոդվածներ գրել եւ հրապարակային ելույթներով հանդես գալ։ 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընտրելով, կարող ենք վերադարձնել կիսաավտորիտար համակարգը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։

Եվ վերջապես՝ մեզ բացառիկ հնարավորություն է տրվում վերադառնալ Սերժ Սարգսյանի ղեկավարած տարիները եւ լիարժեքորեն վայելել ֆեոդալական կարգերի բոլոր յուրահատկությունները։ Բայց թե որ ժամանակաշրջանն են նախընտրում հայաստանցիները, դա թերեւս կիմանանք ընտրություններից հետո։ Այժմ փորձենք մտովի վերադառնալ անցյալ՝ հասկանալու համար, թե որտեղից ուր ենք հասել։

Նախընտրեցի Սերժ Սարգսյանի՝ բրեժնեւյան համարվող ժամանակների հիշողություններին տրվել եւ մտովի տեղափոխվեցի 2017-ի ամառ, երբ արդեն ավարտվել էին ԱԺ ընտրութունները, եւ Հանրապետականը հաղթանակ էր արձանագրել։ Նրանցից առավել «հոգնածները» Կարիբյան ծովի կղզիներում իրենց ուժերն էին վերականգնում՝ աշնանային նստաշրջանից առաջ։ Այն ժամանակ մեր շենքի տիկին Օֆելյան դեռ քաղաքական գործիչ չէր, եւ պետության հետ նրա առնչությունները հիմնականում սահմանափակվում էին կոմունալ վճարումների հետ կապված քաշքշուկներով ու իր կենսաթոշակը բանկոմատից հանելով։ Ի դեպ, հարգարժան տիկինը երկու դեպքում էլ անիծում էր իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ այդքան մեծ պոպուլյարություն չուներ, եւ տարեց կինը թոռների համակարգիչը հիմնականում օգտագործում էր գյուղի բարեկամների հետ գյալաջի անելու համար եւ Ռուբեն Մաթեւոսյանի ու Ռոզի Արմենի երգերը լսելու։ Այդ բոլոր պրոցեսներին էլ հավասարաչափ մասնակցում էինք բոլոր հարեւաններով, քանի որ ամառները միշտ նրա դուռը բաց էր, եւ արտաքին աշխարհից տիկին Օֆելյային պաշտպանում էր միայն դեղնագույն դարձած մառլյայի կտորը։ Մեր շենքի մեկ այլ բնակիչ՝ վարպետ Վազգենը, որին, չնայած պատկառելի տարիքին, բոլորը Վզգո են ասում, այն ժամանակ նույնպես տաքսի էր վարում եւ երեկոյան զրուցարանում՝ գարեջրի շիշը ձեռքին, քաղաքային լեգենդներ էր պատմում, որոնց գլխավոր հերոսները սովորաբար էլիտայի ներկայացուցիչներն էին, որոնց ինքն իբր անձամբ էր ճանաչում։

Հիմա իրոք բավական անհոգ եւ զվարճալի են թվում այն ժամանակները, թեեւ այն ժամանակ բոլորս վստահ էինք, որ ստրուկներից չենք տարբերվում, եւ այդպես երկար շարունակվել չի կարող։ Այսօրվա պես հիշում եմ այն օրը, որ վարպետ Վազգենը պատմում էր, թե ինչպես է թոռանը տարել գազանանոց եւ այնտեղ տեսել, որ սիրամարգերից մեկը չկա։ Եվ Վազգենը սիրամարգի անհետացման հետ կապված մի իսկական հետաքննություն էր ձեռնարկել ու շատ արագ «պարզել» էր, որ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է սիրամարգին կերել․ քաղաքի ռեստորաններից մեկում մի լավ հարբելուց հետո իր անվտանգության աշխատակիցներին հրահանգել է գնալ գազանանոցից սիրամարգին բերել, պատրաստել ու մատուցել իրենց սեղանին։ Հետաքրքիրն այն է, որ անգամ այդ պատմության արժանահավատությանը լուրջ կասկածողները դառնությամբ արձանագրեցին, որ «դրանցից ամեն ինչ սպասելի է»։ 

2017-ը համեմատական առումով ամենալավ տարիներից էր նորանկախ Հայաստանի համար, եւ այնժամ մենք՝ իբրեւ հասարակություն, արդեն լրջորեն պառակտված էինք։ Չինովնիկները ոնց որ այլմոլորակայիններ լինեին մեզ համար․ ով ինչ պատմեր նրանց մասին, ցանկացած ցնդաբանություն հավանական էր թվում։ Վազգենը մի պահ կենտրոնացած էր նաեւ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի վրա եւ անընդհատ ասում էր․ «Էսի մեր գլուխն ուտելու ա, կտենաք՝ սրան դրսից ղրգել են, որ Հայաստանը դադըրգի, ու հաստատ կանի, աչքն էլ չի թարթի, էսի Սերժից բեթար ա՝ լավ իմացեք»։ Ասում էր նա, ու բոլորը գլխով հավանության նշան էին տալիս։

Հետաքրքիր է, որ երբ հեղափոխական գործընթացներն արդեն թափ էին հավաքել, ես տիկին Օֆելյային ու վարպետ Վազգենին հարցրի, թե ինչ կարծիքի են հեղափոխության մասին, եւ նրանք՝ իրարից առանձին, երկուսն էլ ասացին, որ դա Սերժի խաղերն են երեւի, ու ժողովրդին ոչ մի լավ բան չի սպասվում։ Իսկ Փաշինյանին աջակցելու մասին հարցի վրա երկուսն էլ մի լավ քրքջացին․ մեկն ասաց՝ եղունգ ունես, գլուխդ քորի, մյուսը՝ ով էշ, մենք վրի փալան։ Հետագայում երկու հարեւաններս էլ թունդ նիկոլականներ դարձան, ցավով ես պահը բաց թողեցի եւ չկարողացա ֆիքսել, թե դա կոնկրետ որ պահին տեղի ունեցավ։ Տիկին Օֆելյան անգամ հոգապահուստ գումարներից հատկացում էր արել իր քաղաքական գործունեության համար՝ թաքստոցից մի լուրջ գումար էր հանել եւ թոռանը ուղարկել՝ իր համար նոութբուք գնելու։ Հիմա տիկինը լիարժեքորեն ընդգրկված է սոցցանցերում, ինչ-որ մոդայիկ կեղծանվան տակ եւ ակտիվ գրոհներ է իրականացնում նախկին իշխանավորների քայքայված դիրքերի վրա, առանձնապես ուշագրավ քոմենթների մասին հրճվանքով պատմում է հարեւաններին։ Իսկական նիկոլական կոչվելու իրավունքը վաստակելու համար Վազգենն էլ է իր հին «Նոկիայից» հրաժարվել եւ սմարթֆոն գնել։

Հիմա ցանկացած ազատ վայրկյան նվիրում է սոցցանցերում՝ դղյակների տերերին պարսավանքի ենթարկելու եւ պատերազմի մեղքը վերջիններիս վրա բարդելու գործին։ Եթե հիմա հարցնենք, թե ինչն է նրանց կյանքում դեպի լավը փոխվել, պարզ է, որ նյութական առումով ոչինչ չի ավելացել, բայց որ այժմ նրանք իրենց այս մեծ խաղի լիարժեք մասնակիցն են զգում՝ դա փաստ է։ 
Քանի որ հոդվածս կիսատ կլիներ, եթե 18-ի դեպքերի նկարագրությամբ ավարտեի, փորձեցի պրովոկացիոն բնույթի հարցեր տալ իմ հարեւան իշխանամետներին։ Վարպետ Վազգենին դարանակալեցի ուշ երեկոյան շենքի մուտքի մոտ եւ հարցրի՝ Փաշինյանին կհաջողվի՞ վերարտադրվել, եւ ինքը դեռ վստա՞հ է, որ նա է այն միակը, ում կարելի է վստահել երկրի ղեկը, Վազգենից ֆենոմենալ պատասխան ստացա․ «Դրանք որ հանգարծ հետ էկան, վաաբշե վարի կեթանք, հիմա պատկերցընո՞ւմ ես՝ ինչ մուռ են պահել վրեքներս, որ քանի տարի ա չեն կարըմ նորմալ թալնեն, չէ, ախպեր, հըմի արդեն ուզենք-չուզենք, պտի Նիկոլին պահենք»։

Հետո «Մասիսը» վառեց ու ավելացրեց․ «Սաղ նախկիններն են մեյդան հելե, դաժե ասին Կարեն Կարապետյանն ա հայտնվել, թե ասա դու լսա՞ծ ես՝ մարդ մեկից բաժնըվի, հետո էլի նույն կնգա հետ ամուսնանա, չի ըլնի, չէ՞, կարող ա մարդ տաս անգամ պսակվի-բաժնըվի, բայց նախկին կնգա հետ ձեւ չկա, որ նորից միանա, հըմի էդ էլ նույնն ա․․․ քանի նորը չկա՝ Նիկոլը մերն ա, մենք՝ Նիկոլինը»։ Այս մարդը ժամանակին հստակ արտահայտվում էր ու ինչ-որ արգումենտացիա բերում Փաշինյանին պաշտպանելիս, բայց հիմա, արի ու տես, իր խորամանկ առաջնորդի նման տակից դուրս է գալիս՝ հասկանալով, որ նախկին արգումենտները չեն աշխատի։ Ախր շատ կրեատիվ ժողովուրդ են նիկոլականները՝ իրենց շեֆի նման «կռուտիտների» մասնագետներ։ Տիկին Օֆելյան էլ իր հերթին մեկ այլ իրավիճակ նկարագրեց՝ ասելով․ «Խեղճ տղու գլխին անընդհատ սարքում են նախկին բանսարկուները, ուստի հարկավոր է Նիկոլին աչքի լույսի պես պահել, որ կարողանա բոլորի հախից գալ»։ Իսկ որպես իր ասածների ապացույց՝ ավելացրեց․ «Դու մենակ հլա էդ նախկինների դեմքներին նայի, ուրիշ բան չեմ ասում»։ 

Փաստորեն, որքանով ես եմ հասկանում, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն իրոք նրա ընտանիքի անդամներն են՝ պատրաստ են նրան ընդունել բոլոր պարագաներում․ տարեց մարդիկ ներում են նրա թերությունները, ինչպես կներեին իրենց սեփական որդուն, երիտասարդները հանդուրժում են՝ իրենց մանկության ընկերոջ անհարմար արարքներն են հանդուրժում։ Դպրոցականներն ու փոքրիկները պարզապես պաշտում են՝ ինչպես մի աշխարհահռչակ կինոաստղի կպաշտեին, ում ֆիլմերից հիացած են։ Իհարկե, իմ շրջապատում կան նաեւ ընդդիմադիր հայացքների տեր մարդիկ, բայց նրանք այդքան հնարամիտ ու կրեատիվ չեն, որքան նիկոլականները, եւ ես սկսել եմ կասկածել, որ մենք հնարավորություն կունենանք փորձարկել ժամանակի մեքենան։

 Պողոս Պողոսյան