Տուգանքը սահմանվում է՝ կախված խախտման ծավալից ու բնույթից

Տուգանքը սահմանվում է՝ կախված խախտման ծավալից ու բնույթից

Արդեն հոկտեմբերի 14-ից, առողջապահության նախարարի հրամանով, աշխատողների հանդեպ կիրառվում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջ։ Ըստ հրամանի, աշխատողը պարտավոր է յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել իր հաշվին կատարված կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ (առավելագույնը 72 ժամ վաղեմության), բացառությամբ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների եւ հղիների։

Թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում վերահսկողությունն իրականացնելու են տեսչական մարմինները։ Աշխատողի չպատվաստվելու կամ ՊՇՌ թեստ չներկայացնելու դեպքում պատասխանատվությունը, դիցուք՝ հանրակրթության ոլորտում, կրելու են ուսումնական հաստատությունների տնօրենները։  

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն արդեն անցել է ստուգումների, մեր աղբյուրն ասաց, որ ստուգումներն առաջնահերթ սկսել են հանրակրթական այն հաստատություններից, որտեղ կան քովիդով վարակման 3 եւ ավելի դեպքեր։  

Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցի տնօրենի ԺՊ Անժելա Խաչիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատողների թե՛ թեստավորման, թե՛ պատվաստման թղթերն ու սերտիֆիկատները բուժքրոջ մոտ են։ «Մի քանի հոգի թեստավորվել են, մի հոգի հիմա քովիդով պառկած է, մի հոգի էլ քովիդից ապաքինված նոր է եկել, օրենքի համաձայն՝ այդ մարդիկ 90 օր կարող են թեստ չհանձնել, իսկ մնացած բոլորը մեզ մոտ պատվաստված են, թեստ հանձնողներն էլ հիմնականում այն մարդիկ են, ովքեր ինչ-որ հիվանդություններ ունեն, որոնց հակացուցված է պատվաստումը»,- ասում է տնօրենի ԺՊ-ն ու հավելում, որ իրենց տվյալները, ցուցանիշներն արդեն ուղարկել են նախարարություն, իսկ ստուգայցերի դեռ ոչ ոք չի եկել․ «Բայց մենք հանգիստ ենք, որովհետեւ մեզ մոտ ամեն ինչ արված է, օրինական է, ուսուցիչն այն մարդն է, որ ամեն ինչին ըմբռնումով է մոտենում, եւ, ի վերջո, այդ պատվաստումներն ի օգուտ մեզ են»։

Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը նշեց, որ առողջապահական, բոլոր սաննորմերի հետ կապված գործընթացներն իրենք չեն իրականացնում, քանի որ դրա «մանդատը» չունեն, պարզապես դպրոցների, մանկապարտեզների պարագայում, մարդկային ռեսուրսի հարցով աջակցում են Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին, հենց նրանց վրա է դրված բուն գործառույթը։   

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանը, հանրակրթական ուսումնական հաստատություններ ստուգայցեր իրականացվել են թե՛ մինչեւ հոկտեմբերի 14-ը, թե՛ 14-ից հետո։ Խաչատրյանը նշեց, որ կոնկրետ վիճակագրություն այս պահին չի կարող տրամադրել, բայց իրականացված ստուգայցերի արդյունքում խախտումներ արձանագրվել են։

Թե ինչ սկզբունքով ու առաջնահերթությամբ է տեսչական մարմինն ընտրում հաստատություններն ու ստուգայցեր իրականացնում, բաժնի պետն ասաց․ «Սկզբունքը հնարավորինս շատ այցելություններ կազմակերպելն է, անկախ նրանից՝ այդ կազմակերպությունում քովիդով հիվանդացած մարդ եղե՞լ է, թե՞ ոչ»։

Հետաքրքրվեցինք․ դպրոցի տնօրեններն ինչպե՞ս են ներկայացնում իրավիճակը, եթե տեսչական մարմինը խախտում է արձանագրում։ «Եթե հայտնաբերվում է խախտում, տրվում է կա՛մ նախազգուշացում, կա՛մ սահմանվում է տուգանք՝ կախված խախտման ծավալից ու բնույթից,- ասում է Խաչատրյանն ու հավելում, որ չի կարող ասել կոնկրետ տուգանքի չափ,- ամեն ինչ որոշվում է՝ կախված տվյալ կազմակերպությունում իրավիճակից, հայտնաբերված խախտումներից»։