Առանց լուսանկար ունենալու

Առանց լուսանկար ունենալու

Պետրոս Դուրյան - 170

Երեւի թե տարիքս առաջանալու հետ կապված` վերջերս հաճախ եմ հիշում մանրամասներ դպրոցական տարիների քաղցր հուշերից: Մի օր էլ հիշեցի մայրենի լեզվի փոխարինող ուսուցչուհուս՝ Սուսաննա Ալիխանյանին, ու նրա խոսքը վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի (Զըմպայան) մասին: Արտասանում  էինք «Լճակ» բանաստեղծությունն ու իմացանք, որ Պետրոս Դուրյանը տառապել է թոքախտով եւ կյանքից հեռացել 21 տարին դեռ չբոլորած, հեռացել՝ երազելով իր տաղերի փոքրիկ ժողովածուի «արեւ տեսնելը», հեռացել՝ նույնիսկ առանց լուսանկար ունենալու:

Գրողի դիմանկարը ստեղծվել է մահից քսան տարի հետո` հարազատների ներկայացման հիման վրա: Ուսուցչուհուց լսեցինք նաեւ, որ Դուրյանից մեզ է հասել ընդամենը 39 բանաստեղծություն, որից 26-ը գրվել է 1871-ին, այսինքն՝ այդ բանաստեղծությունները 100 տարեկան էին, այսօր արդեն՝ 150 տարեկան:

Այս տարվա մայիսին (նոր տոմարով՝ հունիսի 1-ին) լրացավ Կ. Պոլսում (Սկյուտար) ծնված Պետրոս Աբրահամի Դուրյանի 170-ամյակը: Արդեն սովորական է դարձել, երբ հոբելյարները մեզանում մնում են աննկատ, անգամ՝ մասնագիտական շրջաններում: Դուրյանն էլ բացառություն չէ: Այն Դուրյանը, ում բանաստեղծությունների մեծ մասն իսկական գլուխգործոցներ են  («Սիրել», «Դրժել», «Իմ ցավը», «Իմ մահը»,  «Լճակ», «Տրտունջք»), նրանով է սկզբնավորվել հայ նոր քնարերգությունը: Այն Դուրյանի, ում Հովհաննես Թումանյանը համարել է «վաղամեռիկ հանճար», Եղիշե Չարենցը՝ «իսկական սրինգ» ունեցող բանաստեղծ: Նրանով հիացել են Միսաք Մեծարենցը, Դանիել Վարուժանը, Վահան Տերյանը, Պարույր Սեւակը, ինչպես նաեւ ռուս եւ եվրոպական գրողներն ու գրաքննադատները:

Բազմաժանր են Դուրյանի գրական հետաքրքրությունները: Գրել է թատերախաղեր, տաղեր, կատարել թարգմանություններ, փորձել է ուժերը վիպասանությոն մեջ, զբաղվել է հրապարակախոսությամբ: Դուրյանի թատերախաղերը, մասնագիտական շրջանակների բնորոշմամբ՝ նպաստել են հայ դրամատուրգիայի զարգացմանը: Դուրյանի տարերքը, այնուամենայնիվ, քնարերգությունն է: Նրա քնարական ստեղծագործություններն ամբողջովին սեր են մարդու եւ բնության հանդեպ, մահվան ժխտում եւ կենսասիրության փառաբանում:

Դուրյանի բանաստեղծություններում մահվան գաղափարը դառնում է իրականության դեմ բողոքի կրքոտ ու տառապալի արտահայտություն: Դուրյանը հայ ամենաըմբոստ քնարերգուներից էր: 
Չեմ կարծում ամենեւին, թե Պետրոս Դուրյանին կարելի է մոռանալ: Մենք դրա իրավունքը չունենք: Բայց իրավունք չունենք նաեւ աննկատ թողնելու մեր երեւելիների հոբելյանները: Նրանք մեր պատմությունն են, մեր ազգային հոգու փարոսները, մեր լուսավոր ապագայի յուրատիպ երաշխավորները:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ