Բոհեմական ռապսոդիա. Մերկուրիի լեգենդը

Բոհեմական ռապսոդիա. Մերկուրիի լեգենդը

«Queen» ռոք-խմբի վոկալիստ Ֆարուք Բուլսարայի (աշխարհը նրան որպես Ֆրեդի Մերկուրի է ճանաչում) կյանքին եւ այդ կյանքի ողջ հավատամքին՝ երաժշտության պատմությանը նվիրված «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը փորձ է անում բավականին ընդգծված, տեղ-տեղ՝ գուցե մտացածին սյուժետային գծով վերապատկերել 20-րդ դարի երկրորդ կեսի մեծագույն արտիստներից մեկի բուռն, հակասական ու մենավոր կենսուղին:

Ֆիլմի ռեժիսորներն են Բրայան Սինգերը, Դեքսթեր Ֆլեթչերը, ֆիլմի ստեղծմանը, որը տեւել է տասը տարի, մասնակցել են նաեւ «Queen» խմբի երաժիշտները՝ կիթառահար Բրայան Մեյը, թմբկահար Ռոջեր Թեյլորը: Ֆիլմում ծագումով եգիպտացի 37-ամյա դերասան Ռամի Մալեկը կերպավորում է Ֆրեդի Մերկուրիին: Դիմագծերի համանմանությամբ՝ Մերկուրիի արտաքին ու ներքին բնույթը մարմնավորող Մալեկի տաղանդավոր խաղը հնարավորություն է տալիս հավաքելու եւ ամբողջացնելու մի երաժշտի քառասուն տարվա կյանքը. երաժիշտ, ում անշփոթելի էպիկական ձայնը սերունդներ էր կրթում, եւ առայսօր էլ այդ ձայնը հնչում է ամենամեծ բեմերից, ամենակարեւոր միջոցառումների ժամանակ:

«Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը հստակ պատումային եղանակով է կառուցված, քայլ առ քայլ կարելի է հետեւել Ֆրեդի Մերկուրի երաժիշտ-երգահանի նախ ինքնաստեղծմանը, ապա՝ զարգացմանն ու դրամատիկ, ցավալիորեն վաղաժամ ավարտին, ողջ ֆիլմի ընթացքում հնչում են «Queen» խմբի հռչակավոր հիթերը, ինչպես նաեւ նոր, ունկնդրին անհայտ կատարումներ:

Գրեթե ողջ ֆիլմը կառուցված է բացառապես Ֆրեդի Մերկուրիի շուրջ, նրա որոնումները, կնոջ՝ Մերիի հետ տարօրինակ, բարդ ու հոգեւոր խորը կապը, նույնասեռականությունը, մենակության ու անելանելության զգացումը, խրթին փոխհարաբերությունն ընտանիքի, «Queen» խմբի մյուս անդամների հետ այդպես էլ ամբողջովին կամ գոնե մասնակիորեն չեն բացահայտվում:

Ընդհանուր առմամբ, գեղեցիկ դրվագներով այս ֆիլմը խոշոր պլանով ցուցանում է միմիայն Ֆրեդի Մերկուրիի անցած ուղին, բայց միայն երեսանց, շատ ժամանակ՝ միայն արտաքնապես՝ ճաշակավոր ոճավորումներով եւ, իհարկե, զորեղ, գայթակղիչ երաժշտության ուղեկցությամբ:

Մերկուրիի երաժշտական կարիերայի կերտման ճանապարհին իրենց լրջագույն ներդրումն ունեցած անդամների՝ «Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյի, թմբկահար Ռոջեր Թեյլորի, բաս կիթառահար Ջոն Դիքընի կյանքը ստվերում է մնում: Խմբում առկա կոնֆլիկտների մասին բավականին շատ են հպանցիկ ակնարկները, որոնք, սակայն, ոչ մի ուղղությամբ այդպես էլ չեն զարգանում, եւ, իհարկե, գլխավոր, փայլող աստղը մնում է լեգենդար Ֆրեդի Մերկուրին՝ իր փառահեղ վոկալով եւ կարճ, եռուն կյանքով: