Պարոն Փաշինյան, ինչ արել ես՝ լավ է, բայց քիչ է

Պարոն Փաշինյան, ինչ արել ես՝ լավ է, բայց քիչ է

Թշվառությունը յուրահատուկ հոտ ունի՝ ծանր ու այնքան կպչուն, որ բավական է ոտքդ շեմից ներս անես, ու հոտը կկլանի ամբողջ մարմինդ: Թշվառությունը նաեւ դեմք ունի՝ խեղճ ու անճարակ՝ մի բան ստանալու անընդհատ որոնող հայացքով: Թշվառների ապրածը, ցավն ու տառապանքը նման են իրար...

Սպիտակի տնակային թաղամասերից մեկը, որին «գերմանական» են ասում, 30 տարի առաջ բնակեցվեց երկրաշարժից տուժածներով ու այդպես էլ մնաց: Միմյանց հաջորդած տարիներն այս մարդկանց կյանքում ոչինչ չավելացրին, ընդհակառակը՝ տարեցտարի մեծացրին թշվառության հասնող աղքատությունն ու մի կերպ գոյատեւելու կենդանական բնազդը:

Տնակներում ապրողների սովորական խոսքը գոռոց է, ասելիքը՝ կցկտուր, միտքը՝ անհոդաբաշխ: Ապրում են աքսորյալների պես՝ քաղաքից ու քաղաքակրթությունից կտրված՝ գլխներին ամուր տանիք ունենալու անհեռանկար հույսով:

30 տարի առաջ գերմանացիների նվիրած վագոն-տնակները, որ ժամանակավոր կացության համար էին, դարձան հիմնական: Քայքայված տնակներում արդեն երրորդ սերունդն է կյանք առնում: Գրեթե բոլորն էլ՝ մի տեսակ անգույն, թեւաթափ ու սառած հայացքներով:

«Էս ցուրտ ու խոնավ տնակում ոսկրային հիվանդություն ենք ձեռք բերել: Ամուսինս անկողին ընկավ: Ես էլ չնայած ոտքի վրա եմ, բայց կես մարդ եմ: Երկրաշարժին ամեն ինչ կորցրինք ու մնացինք էս տնակի հույսին: Հիվանդությունն ամուսիններիս դարձրեց անաշխատունակ: Մեծ տղաս բանակում է, փոքրը, որ դերասանի մասնագիտություն ունի՝ անաշխատանք»,- պատմում է Ալվարդ Ֆռանգյանը:

Նրա դերասան որդին՝ Կարեն Արմաղանյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանից աշխատանք է խնդրել, բայց մերժվել է: «Նույնիսկ բանվորի գործ չտվեց: Ցանկության դեպքում ինքը կարող էր մի տեղ աշխատանքի տեղավորել, բայց չուզեց: Փոխարենն այնպիսի մարդկանց է աշխատանք տվել, որ այբուբենը չգիտեն, բայց ճարտարապետական բաժնում նախագծեր են անում»,- ասաց Կարենը:

Երիտասարդը մայրաքաղաք գնալ ու այնտեղ կարիերա անել չի կարող, որովհետեւ հիվանդ ծնողներին ինքն է խնամում: Սպիտակում մնալն էլ անհեռանկար է. աշխատանք չի կարողանում գտնել: Ստիպված գոյատեւում են՝ հուսալով, որ նոր Հայաստանում իրենց կյանքի որակը կլավանա:

Տնակաբնակ Լաուրա Նազոյանը 40 տարեկանում է հայտնվել տնակային թաղամասում: Հիմա 70-ն անց է: Կյանքի լավագույն տարիները մաշել է պետական դռներ թակելով: Հույս է փայփայել, որ իրեն էլ կընդգրկեն բնակարան ստացողների ցուցակում: Հուսախաբ է եղել:

Հիմա հույսը նոր կառավարության հետ է կապում: «Պարոն Նիկոլ Փաշինյան, մենք ուզում ենք, որ դու լինես մեր վարչապետը: Մենք ուրախ ենք, որ դու խուժաններին բռնեցիր, կոռուպցիայի դեմ պայքար սկսեցիր, բայց դա քիչ է: Մենք խնդրում ենք, որ թոշակառուներիս ու նպաստառուներիս վիճակը լավացնես, մեզ էլ՝ աղետից տուժածներիս, վերջապես դուրս բերես էս նեխած դոմիկներից»:

Գերմանական տնակներում ապրող, կորստի ցավից անբաժան շուրջ 50 ընտանիք ուզում է հավատալ, որ հեռվում երեւացող աղոտ լույսը խաբկանք չէ: Հավատալ, որ մի օր էլ կբացվի իրենց թալանված հոգիների հուսո դուռը: