Ո՞վ կնկարի հայկական «Գեռնիկա»-ն

Ո՞վ կնկարի հայկական «Գեռնիկա»-ն

Guernica» – ն ստեղծելու համար պատճառ է հանդիսացել Իսպանիայի քա­ղաքացիական պատերազմի ընթացքում բասկերի երկրի Գեռնիկա քաղաքի ռմբա­կոծումը գերմանական և իտալական նացիստների ավիա­ցիայի կողմից: Մի քանի ժամում քաղաքի վրա է նետվել մի քանի հազար ռումբ, ինչի արդյունքում վեցհա­զա­րանոց քաղաքը ոչնչացվել է, մոտ երկու հազար բնակիչ հայտնվել է ավերակների տակ։ Հարձակումից հետո քաղաքը երեք օր շարունակել է ծխալ: 
Այս իրա­դար­ձութ­յուններին հետևել է ողջ աշխարհը, այդ թվում` Պաբլո Պիկասոն: Իսպանացի գրող Ռաֆայել Ալբերտին հետագայում հիշել է. «Պիկասոն երբեք չէր եղել Գեռնիկայում, բայց քաղաքի կործանման լուրը նրան խոցեց ինչպես ցլի եղջյուրի հարվածը»: 

Սև-սպիտակ տոների մեջ նկարված կտավն ընդհանուր բողոք է Գեռնիկա քաղաքի նացիս­տա­կան ​​ռմբակոծության դեմ: Նա լցված է բռնության, տառապանքի, վշտի և թշվա­ռության զգացումներով: Նրա­նից մահվան, կործանման և ոչնչացման ողբերգական զգացողություն է առա­ջանում: Նկարում չկան ոչ ռումբեր, ոչ քաղաք, միայն կրակի բոցեր: Կերպարները, որոնք պատկերված են կտավին, փոխանցված են բավական պարզեցված ձևով: Ստեղծ­վում է նկուղում գտնվելու զգացողություն: Տղամարդու և կնոջ դեմքին, որոնք շրջված են դեպի դիտողը, առանձնանում է բացականչությունից բաց բերանը, ճակատից վեր տեղաշարժված աչքերը և քթանցքերի բացվածքները: Կտավի աջ կողմում երեւում են այրվող շենքից վազող ֆիգուրներ:

Շրջապատում ամեն ինչ մահանում է և փլուզվում: Նկարը հագեցված է զայ­րույթի, ցավի և վրեժխնդրության խորհրդանիշներով: Կարևոր դեր են խաղում գծե­րը, երբեմն բարակ և կլոր, իսկ հետո հանկարծակի սուր և բեկվող: Դրանք կար­ծես սարսափով ու ցավով են արտահայտում մարդու հոգեվիճակը:

***
Ի՞նչ դետալներ կարող է ներառել հայկական «Գեռնիկան»: Արցախը «նկուղում» է, որի ճանապարհին է ՀՀ-ն, ռմբակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար, Շուշիում քանդվող շենքեր, որի պատուհաններից մեկում երևում են մարդ­կային մի քանի դեմքի ուրվագծեր, որոնք լարված են և տագնապած, բայց վճռա­կանությամբ լի: Կտավի մի անկյունում կարող է պատկերված լինել հեկեկացող մայր՝ ձեռքերին մահացած երեխան, որը խորհրդանշում է հինգ հազար նահա­տակների մայրերի վիշտը՝ նրանց երեխաների մահը: Նրա կողքին երևում է ցլի կերպարը, որը բացահայտ անտարբերությամբ տրորում է ընկած զինվորին: Նրա ձեռքում կոտրված թուր է, նա գտնվում է մի վիճակում, որն ինչ-որ բանով խաչելություն է հիշեցնում: Զինվորը դիտողին խորհրդանշում է ֆիզիկական տառապանքը, ցուլը՝ կոշտությունը, դաժանությունը, իսկ մի քիչ այն կողմ կանգնած ձին՝ անմեղների տա­ռապանքը: Նկարի վերևում երևացող մարդկային երկու կերպարները, վեր պարզած դրոշներով, խորհրդանշում են կուսակցությունները: Դրոշներից մեկի վրա գրված է՝ «Դեպի Հայաստանի թուրքական հանրապետություն», մյուսի վրա՝ «Դեպի Հայաստանի Հայկական Հանրապետություն»…

Սրանով, անշուշտ, չի կարող սահմանափակվել հայկական Պիկասոյի երևա­կայությունը: «Գեռնիկան» մեկ քաղաքի ողբերգությունը ներկայացնող կտավ է, իսկ քանի՞ կտավ կպահանջվի հայ ժողովրդի ողբերգությունը ներկայացնելու համար: 

Գագիկ Վարդանյան