Թուրքի հետ անկողին մտնելուց հաճույք չենք ստանալու

Թուրքի հետ անկողին մտնելուց հաճույք չենք ստանալու

Թուրքիան հայտարարում է, որ Հայաստանը սպառնալիք է տարածաշրջանի համար: Մենք գրեթե ամեն շաբաթ նմանատիպ հայտարարություններ ենք լսում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի կողմից: Սրանք սոսկ հայտարարություններ չեն երկրների միջեւ, թե դու սա արեցիր, ես էլ այս կանեմ: Թուրքիայի եւ Ադրբեջանի հայտարարությունները մեկ անվրեպ թիրախ ունեն. ուղղակիորեն սպառնում են մեր երկրի գոյությանը, մեր լինելությունը չարիք են համարում եւ ամեն կերպ ձգտում են ոչնչացնել այդ չարիքը: Մենք այս իրավիճակում ենք փորձում բոլոր հնարավոր միջոցներով հարաբերություններ հաստատել նման հարեւանների հետ: Մենք գուցե պատրաստ ենք, բայց պատրա՞ստ են նրանք դրացիական հարաբերությունների՝ առանց չար ու նենգ նպատակներ ունենալու:  

Ադրբեջանը հետեւողականորեն առաջ է բերում սահմանները ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում: Նրանց GPS-ն աշխատում է ամեն օր եւ Հայաստանից նոր տարածքներ ցույց տալիս Ադրբեջանի կազմում: Թե երեկ GPS-ը սխալ է ցույց տվել, այսօր սոսիների պուրակն էլ է մերը, այս գյուղն ու արոտավայրն էլ է մերը, Սյունիքում իր հոտն արածացնող հովիվն էլ է մերը: Եվ փորձում են գերեվարել, որովհետեւ այդ պահին GPS-ն այդպես է ցույց տալիս: Արցախում դիրքը մոտ 400 մետր առաջ են բերում, հետո ռուս խաղաղապահների միջամտությամբ ետ են գնում եւ նորից գիշերով առաջ գալիս: Գնում են ու գալիս, իրենց քեֆն է, ինչ ուզում, այն էլ անում են: 

Թուրքիան Սյունիքն է ուզում եւ իր խոսնակ Ալիեւի միջոցով պարբերաբար հոխորտում է՝ եթե հայերը խելոք չտան, ուժով կվերցնենք: Արդեն ճանապարհաշինական եւ երկաթգծի աշխատանքներ են սկսել՝ ապահովելով Ադրբեջանը Թուրքիային միացնող միջանցք: Մենք լուռումունջ ենք, իբր խոսում ենք, թե միջանցք չէ, ճանապարհ է, բայց համաձայն ենք: Փոխարենը համաձայն չէ Իրանը: Մեր ժողովրդի մտահոգ մասի հույսը Իրանն է, թե թույլ չի տա, հույսը ռուս խաղաղապահն է, թե կպաշտպանի: Գուցե Ամերիկան է, Ֆրանսիան է, անգամ՝ Կոնգոն ու Տանզանիան, բայց ո՛չ Հայաստանի իշխանությունը: 

Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունը նվաճողական է, մեզ ոչնչացնելու նպատակ ունի: Իսկ մեր կեցվածքն անարժանապատիվ է, իբր այդ ամենը չենք տեսնում, իբր թշնամու ձեռքինը սուր չէ, խաչ է, որ իրար հետ սիրով ենք ապրելու: Հույս չունենաք, թե Երեւանով քայլող թուրքը ժպտալու է մեզ. վզակոթներիս է ճլտացնելու: Հույս չունենաք, թե նույն սրահում թուրքի հետ նստելը մշակութային երկխոսություն է նշանակում. ասելու է՝ դուք մշակույթ չունեք, թուրքական է եւ ալբանական: Հույս չունենաք, թե թուրքի հետ անկողին մտնելուց հաճույք ենք ստանալու, որովհետեւ նրան սեր ենք խոստովանում: Արժանապատվություն չունեցողին ո՛չ թշնամին է հարգում, ո՛չ յուրայինը: Պարտվածը նույնպես արժանապատվություն է ունենում:

Մենք հունիսի 20-ին ընտրություն ենք կատարելու, կա՛մ մեզ Թուրքիային ու Ադրբեջանին հանձնող իշխանությանն ենք ընտրելու, կա՛մ մեր արժանապատվությունը վերականգնող, խեղճից ու զիջողից, ամեն ինչ տվողից մեզ դուրս բերող, Թուրքիայի եւ Ադրբեջանի ախորժակը զսպող ուժին ենք վստահելու: Ընտրությունը մերն է, մենք ենք որոշելու մեր լինել-չլինելու խնդիրը եւ այս արեւի տակ ապրելու իրավունքը: Սա այն դեպքը չէ, որ հետո դժգոհենք հայի բախտից: