Փաշինյանական «ժողովրդավարության» պայմաններում ի՜նչ քաղաքական կոռուպցիա...

Փաշինյանական «ժողովրդավարության» պայմաններում ի՜նչ քաղաքական կոռուպցիա...

Նախկինների օրոք հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ներ) հատուկ ուշադրություն էին դարձնում ընտրություններին ընդառաջ եւ քվեարկության օրը վարչական ռեսուրսի կիրառմանը: 2000-ականների սկզբից առանձին ծրագրեր նվիրված էին հենց այդ երեւույթին: Դրա դրսեւորումներից մեկն ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար հավասար պայմանների ապահովման աղճատումն էր: Բացահայտվում էին վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը, անարգանքի սյունին էին գամվում կիրառող տեղական ինքնակառավարման եւ պետական կառավարման մարմինները: Համապատասխան հաշվետվություններն օգտագործվում էին միջազգային կառույցների կամ օտարերկրյա կառավարությունների կողմից, որպեսզի ՀՀ իշխանություններին ստիպեին բարեփոխումներ կատարել:

Ենթադրվում էր, որ փաշինյանական «թավշյա» հեղափոխությունից հետո ձեւավորված «ժողովրդավարության բաստիոնում» բազմաթիվ անօրինականությունների հետ մեկտեղ պատմության աղբարկղը կգցվի ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումը: 2018 թ.-ի Երեւան քաղաքի ավագանու եւ խորհրդարանական ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառման մասին համարյա չի խոսվել: Համարյա, քանի որ այդ ընտրություններն անցկացվել են հեղափոխական էյֆորիայի պայմաններում: Սակայն հետո պարզվել է, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները հանրապետականների ակտիվիստներին «ընկերաբար հորդորել» են ընտրությունների ընթացքում մեկ-երկու շաբաթով լքել երկիրը: Սա հենց վարչական ռեսուրսի չարաշահման տիպիկ օրինակ է, այսինքն՝ քաղաքական կոռուպցիայի դրսեւորում:

Նշված երեւույթի մասին ՀԿ-ների կողմից, բնականաբար, բարձրաձայնումներ չեղան նույնիսկ այն ժամանակ, երբ մամուլում հայտնվեցին առաջին հաղորդումները դրա մասին: Եվ դա բնական էր՝ ՀԿ-ները եւս տարված էին հեղափոխական էյֆորիայով եւ ոչ միայն տարված էին, այլեւ ակտիվ մասնակցել էին 2018-ի ապրիլյան իրադարձություններին: Սակայն 2018 թվականը մնացել է անցյալում, այսօր Հայաստանում լրիվ այլ մթնոլորտ է եւ այլ իրավիճակ: Փաշինյանական «ժողովրդավարության բաստիոնն» այսօր վերածվել է մեկ անձի կամքով ոստիկանության միջոցով կառավարվող բռնապետության՝ գումարած խորհրդարանի 80-քանի «ուսապարկերը»:
Հունիսի 20-ին նախատեսված հերթական՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փաշինյանական «ժողովրդավարության» պայմաններում վարչական ռեսուրսի կիրառման առաջին ծիծեռնակը դպրոցների նկատմամբ իշխանության ուշադրության սեւեռումն է: Արդեն սկսվել են տնօրենների «ինքնակամ» դիմումները պաշտոնից ազատվելու վերաբերյալ:

Միաժամանակ, մի շարք դպրոցների ուսուցիչներ եւ տնտեսական աշխատողներ հրավիրվում են ոստիկանություն՝ չարաշահումների առումով նախկինում հարուցված ինչ-ինչ քրեական գործերի առնչությամբ: Նրանք պահվում են մինչեւ կեսգիշեր կամ նույնիսկ կեսգիշերն անց՝ ենթարկվելով հոգեբանական տեռորի: Դպրոցները, չմոռանանք, հիմնական վայրերն են, որտեղ տեղակայվում են ընտրական տեղամասերը, իսկ մանկավարժները՝ հիմնական կադրերը, որ համալրում են տեղամասային հանձնաժողովները: Ինչպես ասվում է՝ «լավագույն ավանդույթները շարունակվում են», եւ ինչպես երեւում է՝ տվյալ առումով ոչինչ չի փոխվել 2018-ի  «թավշյա» հեղափոխությունից հետո: Եթե, իհարկե, չասվի, որ գործընթացն ավելի ակնհայտ ու կոպիտ է դարձել:

Իսկ ի՞նչ վերաբերմունք են ցուցաբերում վերը նշված ՀԿ-ները: Դրանք դեռեւս լռում են: Կա՛մ չեն նկատում տեղի ունեցող երեւույթները, կա՛մ էլ «Հրապարակը» եւ այլ ընդդիմադիր լրատվամիջոցներ, որոնցում առկա են հաղորդումներ երեւույթի մասին, նրանց համար վստահելի աղբյուրներ չեն հանդիսանում: Դե ինչ, այդպես էլ կարող է լինել, չէ՞ որ 2018-ից այս կողմ վստահելի են միայն այն լրատվամիջոցները, որոնք շարունակում են աջակցել փաշինյանական «ժողովրդավարությանը»: Իսկ այդօրինակ ժողովրդավարության պայմաններում քաղաքական կոռուպցիայի մասին խոսելը նոնսենս է: Այդ երեւույթի մասին կարելի է խոսել, երբ նման դրսեւորումներին բախվում ենք իրական ժողովրդավարական երկրներում կամ գոնե ժողովրդավարությանը ձգտող երկրներում: Իսկ փաշինյանական «ժողովրդավարության» պայմաններում ի՜նչ քաղաքական կոռուպցիա, ի՜նչ բան… 

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ