Բարոյականության պակասորդ (դեֆիցիտ)

Բարոյականության պակասորդ (դեֆիցիտ)

Ի՞նչ բառով կարելի է բնութագրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության զոռբայությունը, որի արդյունքում մենք ունենք անորոշ իրավիճակ Սահմանադրական դատարանի շուրջ, ինչպես նաեւ բռնաբարված սահմանադրություն, որով այլեւս հնարավոր չի լինի կարգավորել ՀՀ իշխանությունների ինքնագլուխ քայլերը ոչ միայն երկրի ներսում, այլեւ արտաքին քաղաքականության բնագավառում: Հենց այս պահին Փաշինյանի խելքին ինչ փչի՝ կարող է անել, եւ չկա որեւէ մեկը կամ որեւէ ատյան, որ բռնի նրա ձեռքը: Նախագահը չի կարող, ԱԺ-ն՝ առավել եւս: Իսկ ամենավատն էլ այն է, որ իրավիճակը չի շտկվելու ՍԴ կազմը յուրայիններով համալրելուց հետո: Ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ, թե ՀՀ նախագահն ու Դատավորների խորհուրդը ՍԴ դատավորի այնպիսի թեկնածուներ կառաջադրեն, որոնք նիկոլական չեն լինի: Իսկ թե ինչպիսին կարող է լինել ՍԴ նիկոլական անդամը, մենք արդեն գիտենք Վահե Գրիգորյանի փորձից, ինչպես նաեւ կառավարության նիստում կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանի ելույթից:

Մարդը մի կողմից խոստանում է լինել անաչառ ու ապակուսակցականացված, իսկ մյուս կողմից... «հաշվի առնելով մեր երկրում ձեւավորված իրողությունները՝ նաեւ ապահովել ժողովրդավարության զարգացման եւ ամրապնդման գործում Սահմանադրական դատարանի դերակատարությունը»: Պարոն Ավետիսյան, ի՞նչ է նշանակում՝ «հաշվի առնելով մեր երկրում ձեւավորված իրողությունները»: Երկրում ամեն վայրկյան կարող են նոր իրողություններ ձեւավորվել, եւ ինչ է, Դուք՝ որպես ՍԴ դատավոր, պետք է այդ իրողություններին համեմա՞տ մեկնաբանեք Սահմանադրությունն ու օրենքը: Ճիշտ Վահե Գրիգորյանի եւ Վահրամ Ավետիսյանի նման «պիոներվաժատի» թեկնածուներ են առաջադրելու նաեւ նախագահ Արմեն Սարգսյանն ու Դատավորների խորհուրդը: Կարող եք չկասկածել:

Եվ ուրեմն՝ ՍԴ-ի հետ կապված՝ այս իրավիճակում ենք հայտնվել կառավարող խունտայի եւ նրա օրենսդիր ֆլանգում մանր խուլիգանությամբ զբաղվող պատգամավորական ֆրակցիայի կիսագրագետ գործողությունների ու ապօրինությունների պատճառով, որոնք իրենց արտացոլումն են գտել «Սահմանադրական դատարանի մասին եւ կից օրենքներում փոփոխությունների փաթեթ» կոչված «փաստաթղթում»: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, թե դա իրավաբանական տեսանկյունից ինչ մակարդակի փաստաթուղթ է, հիշեցնեմ, որ այն հեղինակել է ոչմիբանագետ Վահագն Հովակիմյանը, եւ ստորագրել պատմաբան-արվեստագետ Արարատ Միրզոյանը: Հա, չմոռանամ ասել նաեւ, որ այդ «փաստաթղթին» կողմ են քվեարկել բացառապես իմքայլականները եւ մի անկապ, ներողություն, անկախ պատգամավոր՝ նախկին լուսավորյալ:

Պատահական չէր, անշուշտ, որ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց այդ աղտեղությունը եւ, ինքնասիրությունից դրդված, նույնիսկ ՍԴ չուղարկեց դրա սահմանադրականությունը, ավելի ստույգ՝ հակասահմանադրականությունը որոշելու համար: Բոլորն էին հասկանում, որ «Իմ քայլի»՝ «Սահմանադրական դատարանի մասին եւ կից օրենքներում փոփոխությունների փաթեթ» կոչված այդ գլուխգործոցն ընդամենը դպրոցական մակարդակի շարադրություն էր այն մասին, որ հեղափոխական իշխանությունն ուզում է ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնել Հրայր Թովմասյանին եւ ազատվել երեք դատավորներից՝ Ալվինա Գյուլումյանից, Ֆելիքս Թոխյանից եւ Հրանտ Նազարյանից: ՍԴ-ում հասնել մեծամասնության՝ սա էր Փաշինյանի ուզածը, եւ, ինչպես նրա սրտի թեկնածու Վահրամ Ավետիսյանն է ասել, ՍԴ-ն հարմարեցնել երկրում տեղի ունեցած նոր իրողություններին: Այլ խոսքով սրան ասում են՝ Նիկոլը ՍԴ-ն դրեց գրպանը:

Իմքայլականների այս ինքնագլխությանը, կարծում եմ, շուտով իրավական գնահատական կտա Մարդու իրավունքների եվրադատարանը, երբ քննության առնի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ մյուս դատավորների բողոքը՝ իրենց իրավունքների խախտման մասին: Իսկ մինչ այդ կուզենայի արվեստաբան Արարատ Միրզոյանին հարցնել՝ բա քեզ պե՞տք էր ստորագրել այդ շառոտ թուղթը: Չտեսա՞ր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նման զգուշավոր եւ հաշվենկատ մարդը հրաժարվեց այդ գործն անել: Այ, հիմա Արմեն Սարգսյանն անգործություն ցուցաբերելու համար կարող է պայմանական ժամկետի դատապարտվել, իսկ դու, պարոն արվեստագետ, 8-10 տարով դատվես՝ երկրում սահմանադրական հեղաշրջում իրականացնելու համար:

Ավարտելով՝ կցանկանայի երկու խոսք ասել «Սահմանադրական դատարանի մասին եւ կից օրենքներում փոփոխությունների փաթեթ»-ի բարոյական կողմի մասին: Իհարկե, անբարոյականների ձեռնարկած որեւէ գործընթաց չի կարող բարոյական պրոդուկտ արտադրել: Իսկ ՍԴ-ի դեմ արշավը, եթե հիշում եք, ձեռնարկեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ իր Վահե Գրիգորյանով, ապա էստաֆետն ընդունեց վերեւում հիշատակված անկապ պատգամավորը՝ Հրայր Թովմասյանի դեմ իր մատնագրերով: Հետո մի ամբողջ խմբակցություն, որ նույնպես աչքի չի ընկնում բարոյականության ավելցուկով, ձեռնամուխ եղավ ապօրինի հանրաքվեին, ինչը տապալվեց կորոնավիրուսի, իսկ այլ կարծիքներով՝ նաեւ հավանական ձախողման եւ խայտառակվելու հեռանկարի պատճառով: Ի վերջո ընտրվեց ԱԺ միջոցով հարցը լուծելու տարբերակը, որն էլ իրականացվեց մեկ քաղաքական ուժի որոշումով, զոռբայությամբ, այն է՝ անբարոյականության հերթական դրսեւորմամբ:

Իսկ հիմա խնդրում եմ ինձ ասեք՝ ի՞նչ բառով կարելի է բնութագրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության զոռբայությունը, որի արդյունքում այսօր մենք ունենք անորոշ իրավիճակ Սահմանադրական դատարանի շուրջ, ինչպես նաեւ բռնաբարված սահմանադրություն, որով այլեւս հնարավոր չի լինի կարգավորել ՀՀ իշխանությունների ինքնագլուխ քայլերը ոչ միայն երկրի ներսում, այլեւ արտաքին քաղաքականության բնագավառում: