ՀԿ-ն տրամադրում է անվճար խորհրդատվություն

ՀԿ-ն տրամադրում է անվճար խորհրդատվություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն արտակարգ դրության պայմաններում աշխատանքային իրավունքի պաշտպանության վերաբերյալ իրավաբանական անվճար խորհրդատվություն է տրամադրում քաղաքացիներին։ Այս մասին ՀԿ-ն հայտարարություն է տարածել․

«Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշումը և այտակարգ դրությամբ պայմանավորված՝աշխատողների իրավունքների պաշտպանության լրացուցիչ անհրաժեշտությունը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն տրամադրում է առցանց անվճար իրավաբանական խորհրդատվություն։ Աշխատանքային իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերով կարող եք դիմել՝ նամակ գրելով ԻՊԱՍ ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև զանգահարելով 098 505 303 հեռախոսահամարով»,- ասված է ՀԿ-ի տարածած  հայտարարությունում։

Մենք կապվեցինք կազմակերպության ադմինիստրատիվ օգնական Լուսինեի հետ՝ հարցնելով, թե կոնկրետ ի՞նչ օգնություն է տրամադրում ՀԿ-ն․

«Մենք տրամադրում ենք խորհրդատվություն առցանց տարբերակով, քանի որ հիմա գրասենյակում չենք աշխատում։ Ըստ անհրաժեշտության տրամադրում ենք խորհրդատվություն, եթե անհրաժեշտ է լինում, փաստաթղթավորում է կատարվում, գործի առանձնահատկությունից կախված հնարավոր է նաև դատական ներկայացուցչություն։ Մի քանի դեպքեր արդեն եղել են, որ մեզ դիմել են։ Մեր կազմակերպությունը 2013 թվականից անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում քաղաքացիներին, արտակարգ դրությամբ պայմանավորված մենք հայտարարություն ենք տարածել, որ կարող ենք նաև աշխատանքային հարաբերություններով զբաղվել։ Քաղաքացիները դիմում են էլեկտրոնային տարբերակով կամ ֆեյսբուքի միջոցով, կամ զանգահարում են և կապվում իրավաբանի հետ»,- պատասխանեց ՀԿ-ի աշխատակիցը։

Այսինքն՝ եթե, օրինակ, գործատուն ստիպում է աշխատողին գնալ գործի, այդ դեպքում ձեր կազմակերպությունը ինչո՞վ կարող է օգնել՝ հարցրինք Լուսինեին․

«Մենք կապում ենք մեր իրավաբանի հետ, ինքը ըստ անհրաժեշտության կամ բանավոր կերպով խորհրդատվություն կտրամադրի կամ կօգնի փաստաթղթավորում իրականացնել, դիմում կազմելու հետ կապված, գործի տեսակից ելնելով կարող է լինել նաև դատական ներկայացուցչություն»։

Այսինքն՝ փաստաբանական ծառայությո՞ւն է մատուցում ՀԿ-ն՝ հարցրինք․
«Դա կախված է գործի բնույթից»,- պատասխանեց աշխատակիցը։