Փո՞քրը, թե՞ մեծը

Փո՞քրը, թե՞ մեծը

Մաթեմատիկայում այսպիսի հասկացություն կա. անսահման փոքրը, երբ միավորն անդադար կոտորակվելով շարունակ փոքրանում է` ձգտելով զրոյին. 1/2, 1/4, 1/8, 1/16, 1/32… եւ այսպես շարունակ: Որոշ պատմաբանների կարծիքով, անցած հազարամյակների բարենպաստ ընթացքի պայմաններում, հայ ժողովուրդն այսօր առնվազն 50 միլիոն պիտի լիներ: Իսկապես, պատմությունը եւ մեր աշխարհագրական դիրքը բացասական դեր են խաղացել այդ հարցում, սակայն այս երկու գործոններին, կարծում ենք, պետք է ավելացնել նաեւ շարունակ պառակտվելու, մասնատվելու, կոտորակվելու եւ այդպիսով անդառնալիորեն դեպի անսահման փոքրը ձգտելու ախտագին, երբեմն մտագարության հասնող մեր անբուժելի, մեր ինքնասպա՛ն մղումը:

Հայոց պատմության առաջին իսկ մատյանները միաբերան խոսում են մեր անհամաձայնության, երկպառակության, ներքին թշնամության եւ անհանդուրժողականության մասին: 
Շատ հաճախ իրար ավելի ենք ատել, քան մահացու թշնամուն:
Մյուս ազգերի պատմությունն էլ կործանարար այս միտումի օրինակներ է բերում եւ՝ բավականաչափ: Սակայն կենտրոնախույս ձգտումները նրանցում արտահայտվել են որպես «մանկական հիվանդության», ազգային գիտակցության ձեւավորման բնական դրսեւորումներ, եւ բավական է եղել, որպեսզի մի Լուի Տասնչորսերորդ, մի Պետրոս Մեծ կամ մի Բիսմարկ հայտնվեն, որպեսզի ժողովուրդն իսպառ բուժվի այդ հիվանդությունից եւ կարճ ժամանակում հզորանա ու դառնա աշխարհի տերերից մեկը:

Մենք եւս ունեցանք մեր Պետրոսն ու Բիսմարկը եւ եվրոպացիներից անհամեմատ ավելի շուտ, դեռեւս IV դարում` Արշակ Երկրորդ, Պապ թագավոր: Սակայն կղերական գրիչները երկիրն ու ժողովուրդը հզորացնողներին ամենամռայլ գույներով ներկայացրին իրենց մատյաններում, չասած, որ երկուսն էլ` հայր ու որդի, մութ դավադրությունների զոհը դարձան:
Եվ եթե պառակտման միտումը մյուս ժողովուրդների մոտ որոշակի ժամանակաշրջանի կամ պետական կացութաձեւի արտահայտությունն էր, որ համեմատաբար կարճ ժամանակում դրսեւորվեց ու անհետացավ, ապա մեզանում այն արմատացավ, դարձավ խրոնիկական հիվանդություն, ազգային նկարագրի անտրոհելի մասնիկը, որ գնալով ավելի չարորակ արտահայտություններ ունեցավ:

Ոչ մի առիթ չենք փախցնում իրարից զատվելու, տարբերակվելու, իրար դեմ դուրս գալու եւ հնարավոր թշնամության հիմքերը դնելու… Անգամ այն, ինչը պիտի նպաստի միավորմանը, դարձյալ ծառայեցնում ենք սեւ գործին:

Հայոց պետականության վերականգնման առաջին իսկ օրերից` 1918 թ., այս ախտն իսկույն իր չար «աշխատանքը» ծավալեց: Իսկ խորհրդային շրջանում չարազավեշտ բնույթ ընդունեց: 20-ական թվականների Հայաստանը լցված էր աշխարհի չորս կողմից ներգաղթած հայերով, սակայն նշավակման առարկա դարձան վանեցիները, քանի որ երկրի առաջին դեմքը վանեցի Աղասի Խանջյանն էր: Անգամ Վազգեն Շուշանյանի նման լուսավոր անձնավորությունը չկարողացավ դիմադրել գայթակղությանը եւ Փարիզում, անթաքույց հեգնանքով, գրեց Հայաստանում հաստատվող «վանեցիական գրականության» մասին:
Վանեցիներին հաջորդեցին թիֆլիսեցիները, որովհետեւ ազգանվեր ու շինարար Գրիգոր Հարությունյանը վրացահայ էր:

Աշխարհակործան պատերազմից փառահեղ հաղթանակով դուրս եկած հայ ժողովուրդը կատարեց պառակտման հերթական քայլը. հայրենադարձ եղբայրները դարձան «ախպար»: Չարություն չկար այս բառի մեջ, այլ գուցե փոքր-ինչ կոպիտ, հարազատների շրջանակում թույլատրելի կատակ, որը, սակայն, հետագայում, պետական մարմինների` «ախպարների» հանդեպ ցուցաբերված զգուշավոր, երբեմն էլ անբարյացակամ ընթացքի պատճառով, վիրավորական երանգներ ընդունեց:
1953թ. Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար դարձավ գորիսեցի Սուրեն Թովմասյանը, եւ հանրապետությունը բաժանվեց հայերի եւ «զանգեզուրցիների» միջեւ: Այնուհետեւ Հակոբ Զարոբյանն էր` Ռուսաստանից: Այս անգամ պառակտում չեղավ, եւ գուցե դրա շնորհիվ էր, որ 1965թ. ապրիլի 24-ին ժողովուրդը միասնական դուրս եկավ փողոց` Մեծ Եղեռնի 50-ամյակը նշելու:
Զարոբյանին փոխարինեց լոռեցի Անտոն Քոչինյանը, եւ նոր պառակտում` «հայերի» եւ «լոռեցիների» միջեւ: Իսկ նրանից հետո եկած երեւանցի Կարեն Դեմիրճյանն ասպարեզ հանեց, այսպես կոչված, «քաղքի տղերքի»` իր մերձավորների խումբը:

Անկախությունը, ի թիվս մի շարք աղետների, նշանավորվեց մոտավորապես մեկ միլիոնանոց հայ զանգվածի արտագաղթով, որ շարունակվում է առ այսօր` ստեղծելով օտար ափերն ընկած հայի մի նոր «տեսակ»: Իսկ բոլորովին վերջերս բաժանվեցինք հայաստանցիների եւ «ղարաբաղցիների» միջեւ, եւ այս հերթական պառակտումը պատմության գերեզմանոցից դուրս եկած նախագահության թեկնածուն չխորշեց նախընտրական պայքարի իր հիմնական զենքերից մեկը դարձնել:
Եթե մինչեւ հիմա պառակտումն ընթանում էր պետության անուղղակի մասնակցությամբ կամ անտարբերության հետեւանքով, ապա այս անգամ մեր նորանկախ պետականությունը որոշեց իր առավել քան շոշափելի լուման դնել ազգակործան այդ «ջանքի» մեջ, այլ խոսքով՝ օրինականացնել պառակտումը. Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց օրենք, համաձայն որի՝ հանրապետությունից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիներն իրավունք չունեն մասնակցելու 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին: Մոտավորապես կես միլիոն մարդ զրկվեց իր սահմանադրական իրավունքից… 500.000 հայ միանգամից դարձան ձայնազուրկներ:
Որոշումը, ըստ երեւույթին, ընդունվել է մարտավարական ինչ-ինչ նկատառումներով, եւ չի բացառվում, որ մոտակա տարիներին փոխվի, սակայն Հայոց խորհրդարանն արդյոք գիտակցե՞ց, որ մեր հոգեբանության խորքերում ամրացած բազմաթիվ ճաքերին ու ճեղքվածքներին ավելացավ հերթականը, այս անգամ ոչ թե պատմության չարաբաստիկ ընթացքի կամ անբարենպաստ դիրքի հետեւանքով, այլ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ազդարարող ազգային պետականության նախաձեռնությամբ:

Իսկապես, քանի՞ ազգ կարող է տեղավորվել «Մեկ ազգի» մեջ, եւ մինչեւ ե՞րբ պիտի պառակտվենք:
Մաթեմատիկայում գոյություն ունի նաեւ անսահման մեծ հասկացությունը, երբ թիվը գումարումով կամ բազմապատկումով եւ մանավանդ երկրաչափական պրոգրեսիայով շարունակ մեծանում է, ինչպես եղավ աշխարհի մի շարք մեծ ազգերի պատմական ճակատագրում: Ուստի, ե՞րբ պիտի շրջենք աղետալի ընթացքը եւ փոքրանալու փոխարեն միավորվենք ու ՄԵԾԱՆԱՆՔ, եւ մեր պետականությունն ինչո՞վ է նպաստելու դրան:

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ փետրվար, 2008թ.

ՀԳ. (27.03.2020) Այս մտորումները շարադրվեցին եւ լույս տեսան ավելի քան տասներկու տարի առաջ` 2008թ. նախագահական ընտրությունների հուզումնալից օրերին: Սակայն այսօր, երբ պառակտումի մեր «ստեղծագործական» թռիչքը, թունավոր ջանադրությամբ, ժողովուրդը բաժանում է «սեւերի» եւ «սպիտակների», ցավով ստիպված ենք փաստել, որ, ավա՜ղ, շարունակում է մնալ առավել քան արդիական: Ուստի աննշան շտկումներով ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը: