Կփոխեն ոչ թե բովանդակությունը, այլ՝ մեթոդաբանությունը

Կփոխեն ոչ թե բովանդակությունը, այլ՝ մեթոդաբանությունը

«Չկարծեք, թե էդ պատմական Հայաստանը դուք մեզնից ավելի շատ եք սիրում: Ո՛չ, ինձնից շատ սիրող չլինի պատմական Հայաստանը: Բայց ես հրաժարվում եմ պատմական Հայաստանն ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը: Ես ընդհանրապես, որպես վարչապետ, հրաժարվում եմ որեւէ բան ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը: Ես հրաժարվում եմ որեւէ բան ավելի շատ սիրել կիլոմետրերով նույնիսկ մոտիկ նրան, քան իրական Հայաստանը»,- նախօրեին ԱԺ նիստում իր ելույթում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մի կողմից՝ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությունը, մյուս կողմից՝ իրական Հայաստանը պատմական Հայաստանին հակադրելու վարչապետի մղումը հնարավո՞ր է Հայոց պատմության դասագրքերն արմատական փոփոխության ենթարկեն, ԿԳՄՍ նախարարը որոշակի կետերով մեկնաբանել է վարչապետի միտքը։

«Խոսքը պատմությանը նայելու դիտանկյան մասին է, ոչ թե այն մասին, որ Մեծ Հայքի նահանգները կամ որեւէ այլ ժամանակաշրջան կամ դրվագ դադարում են լինել մեր պատմությունը։ Ամբողջ տրամաբանությունն այն է, որ մենք կարողանանք մեր պատմությանը մոտենալ այսօրվա մեր պետության ու պետական շահի դիրքերից, կարողանանք վերագնահատել այդ իրադարձությունները՝ հաշվի առնելով այսօրվա մեր պետության մարտահրավերներն ու նաեւ այն խնդիրները, որ ունենք լուծելու,- ասել է Անդրեասյանն ու նշել, որ հենց այս խնդրին է ուղղված «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու իրենց նախաձեռնությունը, որպեսզի մեթոդաբանական փոփոխություն արվի։ «Բովանդակության փոփոխության մասին չէ, սա մեթոդաբանական մոտեցման մասին է, որպեսզի մեր պատմության իրադարձությունների մեկնաբանության մեջ գերակշռի այսօրվա մեր պետության դերից դրանց վերարժեւորումը»։