Նամակ (ներ) հայոց թագավորին

Նամակ (ներ) հայոց թագավորին

Նորին Գերազանցություն Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ… Վայ, Բայդեն, ես մեռա: Այնքան եմ հետ վարժվել սույն վարչապետին Նիկոլ ասելուն, որ ինձ մի պահ թվաց, թե Բայդենը շփոթել է ու Նիկոլին ուղղված նամակը գրել է Հռոմի պապի համար նախատեսված բլանկի վրա: Լավ, էն «գերազանցություն» բա՞ռն ինչու են մեծատառով գրել: Ես արդեն չեմ զարմանա, որ ՔՊ-շնիկ պատգամավորները կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլին դիմեն «նորին գերազանցություն մեծարգո վարչապետ» ձևով:
Իհարկե, լավ կլիներ իմանալ նաև, թե Պուտինի նամակում ինչպես է ձևակերպված Նիկոլ Փաշինյանը: ՌԴ ՆԳ նախարար Կոլոկոլցևն իր հետ նամակ չի՞ բերել Փաշինյանին: Ինչո՞ւ ՀՀ պաշտոնական աղբյուրները ոչինչ չեն ասում Փաշինյան-Կոլոկոլցև հանդիպման մասին:

Մի հերթապահ նախադասություն միայն՝ կողմերը քննարկել են համագործակցության և ՌԴ-Հայաստան հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Էդ շրջանակը ինչքա՞ն լայն էր, բա չիմանա՞նք: Ռուսական աղբյուրներից ենք ստիպված տեղեկանում, որ Կոլոկոլցևը Նիկոլ Վավայիչին բացատրել է, որ ԱՄՆ-ին հուզում են ոչ թե Հայաստանն ու հայերը, այլ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու հարցը: Իսկ թե ինչ է պատասխանել Նիկոլը, ռուսական աղբյուրները չեն նշում: Հայտնի է միայն, որ Կոլոկոլցևի հետ հանդիպմանը Նիկոլը եղել է բարձր տրամադրության մեջ, ինչն անշուշտ պայմանավորված էր ամերիկյան բարձրաստիճան պատվիրակության ձեռամբ Հայաստան հասցված բայդենի նամակով:

Դե իսկ Բայդենի նամակն իրոք վերջն էր. «Նորին Գերազանցություն Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ… »: Քաղաքավարության ժամանակ է գտել Բայդենը… Բերձոր-Գորիս ճանապարհը լիքն է գաղթականներով, Երևանում բողոքի ակցիաներ են, ամեն տեղ Նիկոլին են ման գալիս, որ պատի տակ գնդակահարեն, իսկ Բայդենը թե՝ «նորին գերազանցություն»: Ծերուկը քաղաքական հոտառությունը լրիվ կորցրել է: Եվ դեռ ուզում է 24 թվին Նիկոլի միջազգային բարձր հեղինակության հաշվին վերընտրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում:
Իսկ ի՞նչ է գրել նամակի մնացած մասերում Բայդենը: «Ձեզ և Հայաստանի ժողովրդին հղում եմ իմ լավագույն մաղթանքներն Անկախության տոնի առթիվ»,- գրում է Բայդենը: Հինգ օր հետո է հիշել, բայց ոչինչ, ասում են լավ է ուշ, քան երբեք: Պուտինը կարծեմ չի էլ հիշել մեր անկախության օրը: Շնորհավորանքից և Ղարաբաղի «էթնիկ հայերի» հետ տեղի ունեցածի համար ախուվախ քաշելուց հետո Բայդենը գրել է. «Ես խնդրել եմ Սամանթա Փաուերին՝ իմ կաբինետի կարևորագույն անդամներից մեկին, անձամբ Ձեզ փոխանցել Միացյալ Նահանգների և իմ վարչակազմի ուժեղ աջակցությունը Հայաստանի ձգտմանը դեպի արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղություն, որը կերաշխավորի ձեր սուվերենությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը»: Այստեղ հարցեր են առաջանում՝ ուղղված ոչ միայն Բայդենին, այլև Նիկոլին: Ադրբեջանն արդեն 2 տարուց ավելի է, ինչ ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք և, չնայած Հայաստանի խաղաղության օրակարգին, չի լքում Հայաստանի սահմանները: Ավելին, Ադրբեջանը նոր տարածքներ է պահանջում Հայաստանից՝ անկլավներ է ուզում, միջանցք է ուզում: Մենք կկարողանա՞նք ԱՄՆ ուժեղ աջակցությամբ ետ ստանալ Գորիս-Կապան ճանապարհը, Սև լճերը, Ջերմուկի շրջակա տարածքները: Հարգելի Բայդեն, Նիկոլն արդեն մոռացել է դրա մասին, իսկ Դուք տեղյա՞կ եք: Իսկ 21-րդ դարում այդ ո՞վ է սպառնում մեր ավելի քան 30-ամյա անկախությանը, որ Դուք էլ որոշել եք մեզ ուժեղ աջակցել այն պահելու հարցում: Մինչև 2018 թվականը մեր անկախությանը կարծես ոչինչ չէր սպառնում: Բայց եկավ «ձերդ գերազանցություն վարչապետն» ու ամեն ինչ խառնեց իրար: Ըստ էություն ԱՄՆ ուժեղ աջակցությունը մեզ պետք է ոչ թե անկախությունը պահելու, այլ այդ անկախությանն սպառնացող վտանգը, այն է՝ Նիկոլին, չեզոքացնելու համար: Եվ վերջապես մեր տարածքային ամբողջականության մասին: Մեծարգո նախագահ, ԱՄՆ նախկին նախագահները բավականին լավ քարտեզագիրներ են եղել և անգամ հայ-թուրքական սահմանի քարտեզ են գծել, որի վրա Ադրբեջան բառ անգամ չկա: Կուզենայի իմանալ, Դուք աշխարհագրությունից ո՞նց եք և ո՞րն է Ձեր տեսլականը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին: Սյունիքն, օրինակ, Ձեր տեսլականով Հայաստա՞ն է, թե՞ ոչ: Այլապես Էրդողանը հայտարարում է, որ Բաթումը թուրքական քաղաք է, իսկ ԱՄՆ-ն այդ հարցում Վրաստանին առանձնապես ուժեղ չի աջակցում:

Պարոն Բայդեն, ահավասիկ Նիկոլին ասել եք, թե Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել նրա կառավարության հետ: Ես կխնդրեի մի քիչ զգույշ լինել այդ հարցում, որովհետև Նիկոլի կառավարության հետ աշխատելը ԱՄՆ հարկատուների վրա կարող է շատ թանկ նստել: Զելենսկին ի՞նչ է Նիկոլի դեմ: ԱՄՆ պաշտպանության մի տարվա բյուջեն 3 օրում կլափեն ու օֆ չեն անի: Դուք ավելի լավ է ձեր հարկատուների փողերն ու օգնությունները ձեր ներկայացուցիչների միջոցով բաժանեք կարիքավորներին, քան Նիկոլի կառավարության: Իսկ ինչ վերաբերում է հայկական ժողովրդավարությանը, որով այնքան հիացած եք, կարող եք ընդհանրապես չանհանգստանալ: Մենք այդ գծով չեմպիոն ենք… Ուզում էի ասել՝ բաստիոն ենք: Հապա թող մեկնումեկը Նիկոլին ու նրա կառավարությանը բան ասի: Իսկույն կհայտնվի գերժամանակակից եվրառեմոնտով կամեռում: