Անիշխանության ուրվականը

Անիշխանության ուրվականը

նախաբանի փոխարեն

Բարեւ Ձեզ, պարոն Փաշինյան: Լա՞վ եք: Խումհարն անցա՞վ: Հրաշալի է: Հուսամ՝ այս նամակն էլ կարդում եք, ու համապատասխան կարգադրությունը չի ուշանա: Իսկ խնդրանքս մի մեծ բան չէ՝ ուզում եմ հանդիպել Ձեզ հետ: Այսինքն՝ ես չեմ ուզում, իմ հարեւան Շմավոնն է ուզում, որ հանդիպենք եւ իր պատգամը փոխանցեմ Ձեզ: Եթե կարելի է: Իսկ եթե ոչ՝ Շմավոնի համարը գրեմ այստեղ՝ իրեն զանգեք, այլապես ամեն օր հանդիմանում է՝ լրագրող մարդ ես, Նիկոլին ամեն օր տեսնում ես, իմ կողմից երկու բառ փոխանցիր: Հիմա ես նրան ո՞նց ասեմ, որ Նիկոլին վերջին անգամ տեսել եմ, էէէ՛, հեռավոր 90-ականներին, երբ նոր էր ոտք դնում լրագրության ասպարեզ: Եվ ուրեմն՝ կա՛մ ինձ հետ հանդիպում եք, կա՛մ ես եմ բնակությանս վայրը փոխում, որ իմ հարեւան Շմավոնից պրծնեմ: Սա էլ նրա համարը՝ 095-48-39-30: 

Իմ հարեւան Շմավոնին ճանաչում եք, չէ՞: Հանկարծ ասֆալտին փռել, պատերին ծեփել չլինի: Ինքը հպարտ քաղաքացի է՝ միշտ պետականամետ: Ընտրություններին էլ ՀՀԿ-ից հետո առաջին անգամ Ձեզ է ընտրել, այսպես ասած՝ «Իմ քայլին»: Երբ ձեռնարկեցիք սահմանադրական հանրաքվեն, նա ամբողջ շենքին քարոզում էր՝ գնալ եւ «այո» ասել այդ նախաձեռնությանը: Այսինքն՝ Շմավոնը 2020թ. ապրիլի 5-ի հանրաքվեի պատրաստի «այո»-ներից էր: Ինչ արած, այնպես ստացվեց, որ հանրաքվեն, ինչպես հետո արդարացաք, տեղի չունեցավ կորոնավիրուսի պատճառով: Ես չկարողացա Շմավոնին համոզել՝ այ Շմավոն ջան, խամ գործ էին բռնել, դա լինելու բան չէր, նույնիսկ Աստված չկամեցավ… Բազմաթիվ օրինակներ էի բերում, ապացուցում, որ Նիկոլն այսքան ժամանակ ոչ մի գործ իր տրամաբանական վախճանին չի հասցրել, բայց հնար չկա: Շմավոնը հավատում է Ձեզ, միայն Ձեզ եւ ոչ մեկին՝ Ձեզնից բացի:

Ասեմ նաեւ, որ Շմավոնն ինձ խնդրել է ոչ մի բառ չփոխել իր պատգամի մեջ եւ այն Ձեզ փոխանցել իր ողջ կուսական անաղարտությամբ: Հիմա ընտրությունը Ձերն է․ կուզեք՝ Շմավոնին ինքներդ զանգեք, չեք ուզի՝ ինձ հրավիրեք հանդիպման՝ որպես «միջնորդ»: Տարբերությունն այն է, որ եթե Շմավոնը բերանը բացեց, նրան այլեւս լռեցնել չեք կարողանալու: Դուք գիտեք… Սա է համարը՝ 095-48-39-30՝ Շմավոն:

Ասածս ի՞նչ է

Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա եւ… Չէ, այս անգամ չեմ ասի, թե ինչ պետք է անի Փաշինյանը հրաժարականից հետո: Ինձ ճանաչողները, ֆեյսբուքյան ընկերներս, բարեկամներս, ծանոթներս եւ այլն, միշտ ընդվզում են, երբ փորձում եմ որեւէ ելք նշել: Նրանց մեծ մասը պահանջում է դատել, կախել, բզիկ-բզիկ անել, գնդակահարել, նույնիսկ՝ քառատել Փաշինյանին: Եվ հիմա ես վախենում եմ Փաշինյանի համարձակ հայտարարություններից, թե ինքը պատրաստ է կանգնել ժողովրդի դատի առաջ: Պատերազմի տեսարաններն ու արյունը բավական չե՞ն մեզ: Այդ ե՞րբ է արյունն արյունով լվացվել… Մի խոսքով՝ ես դեմ եմ, որ Փաշինյանին մենակ թողնենք ժողովրդի հետ: Ավելի լավ է՝ հրաժարականը տա ու… Ենթադրենք՝ հանձնվի այն հաստատություններից մեկին, որոնց սաներին չեն դատում՝ ինչ-ինչ հանգամանքներ հաշվի առնելով: Եթե չեմ սխալվում՝ մեր բոլոր մարզերում էլ կան այդպիսիք՝ շաբաթը 2 անգամ լողացնում են, օրը 3 անգամ կերակրում, դիմակն ու զսպաշապիկն էլ, նայած իրավիճակին, պարտադիր են: Ի դեպ՝ դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ամեն ինչ տանում էր հենց դրան, բայց չգիտես ով, չգիտես ինչու, չգիտես ինչպես «հոգեդարձ» արեց Փաշինյանին եւ կրկին կապեց խեղճ ժողովրդի ջանին: Դեկտեմբերի 14-ին Փաշինյանն արդեն ԱԽ նիստ էր անցկացնում: Այն նույն Փաշինյանը, որի «հրահանգով» ընդամենը մեկ օր առաջ զանազան պաշտոնյաներ էին ընկել վազվզոցի մեջ, Երեւանի փողոցներով ուղղաթիռներ էին շրջում, ոտքի էր հանվել «Ալֆան», արթուն էր ողջ մեդպերսոնալը, 24-ժամյա աշխատանքային ռեժիմի էին բերվել մեր նշած հաստատությունները: Մնում էր մեկ քայլ՝ վերջակետ դնել ժողովրդի անլուր տառապանքներին, եւ այդ մեկ քայլը, չգիտես ինչու, չարվեց:

Ինչեւէ, հանգուցալուծումը պարզ է, բայց ժամանակային առումով խիստ անորոշ: Նշվել էր դեկտեմբերի 14-ը, բայց դա տեղի չունեցավ: Արդեն խոսում են դեկտեմբերի 20-ի մասին: Ասում են՝ չի կարելի Ամանորը դիմավորել եւ 2021 թվական մտնել պարտության սիմվոլով: Առաջարկվում է այսպիսի սխեմա՝ 20-ին ԱԺ մեծամասնությունը վարչապետ է ընտրում ընդդիմության միասնական թեկնածուին, մինչեւ 25-ը ձեւավորվում է նոր կառավարություն, եւ նորացված մտնում ենք նոր տարի: Գայթակղիչ է, այնպես չէ՞: Բայց ո՞ւր է հայերիս այդպիսի բախտ: Տուտ ժե խորհրդարանում հայտնվեցին ընդդիմության այլընտրանքային թեկնածուներ, իսկ քնից արթնացած «ընդդիմադիր» ՀԱԿ-ը, որ մինչ այդ խոսում էր հնարավոր քաղաքացիական պատերազմի մասին, Վասակ Դարբինյան մտավորականի բերանով սկսեց կռռալ 17 կուսակցությունների հասցեին, թե դուք ի՞նչ մարդ եք, որ այս ծանր օրերին Փաշինյանի հրաժարականն եք պահանջում: «Պատկերացնո՞ւմ եք, որ Բաքվում այս օրերին որեւէ մեկը պահանջեր Ալիեւի հրաժարականը»,- հարց է տալիս Վասակ Դարբինյանը: Երբեք ինձ թույլ չեմ տվել Վասակին ասել՝ անուղեղ, եւ այս անգամ էլ չեմ ասի, որովհետեւ նա իր աշխատանքն է կատարում՝ սատարում է հայտնի գյուղի կլուբի այն տեսակետը, թե Փաշինյանն անզիջում է, եւ եթե ընդդիմության միասնական թեկնածուն տեղի չտա եւ չհամաձայնի վարչապետի ժամկետին (6 ամիս), քաղաքացիական պատերազմ կլինի: Այսուհանդերձ՝ արժե Վասակին հիշեցնել, որ Իլհամ Ալիեւը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, առնվազն դավաճան չէ, հողատու չէ, հարբեցող չէ, շիզոֆրենիայի նոպաներ չի ունենում, կնոջը բունկեր չի ուղարկում եւ այլն: Երանի այսօր մենք էլ Ալիեւի նման ղեկավար ունենայինք, որ զորքն ուղարկեր ադրբեջանցի խաշնարածների եւ հողագործների հետ սահմանները ճշտելու եւ երկիրն ընդարձակելու: Այսքան բան:

Թեմայից չշեղվենք: Եվ ուրեմն՝ կա Փաշինյանից մի քանի օրում ազատվելու հստակ մեխանիզմ, որ նաեւ սահմանադրական է եւ կարող է մեզ հեռու պահել ցնցումներից: Իսկ ցնցումները, ինչպես տեսանք դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, կարող են իսկապես կործանարար լինել: Հաջորդ անգամ կրկնվելու դեպքում Փաշինյանին պետք է անմիջապես փաթաթել համապատասխան շապիկի մեջ եւ տանել ուր որ հարկ է: Հակառակ պարագայում Երեւանի փողոցներում արդեն ոչ միայն ուղղաթիռներ, այլեւ տանկեր, զրահագնացներ, հետեւակի մարտական մեքենաներ ու զորքեր կհայտնվեն, իսկ նման դեպքերում, սովորաբար, դժվար է լինում որոշել՝ ո՞վ հրամայեց կրակել, ով նետեց նռնակը, ով «գռռըցրեց» Փաշինյանի ավտոմեքենայի բաց պատուհանից… Մարտի 1-ի սցենար Հայաստանում չպետք է վերախաղարկվի, եւ դա միանշանակ է: Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, երբ Փաշինյանի պատճառով այնտեղ իսկական անիշխանություն հաստատվեց: ԱՀ թուլամորթ իշխանություններն ամեն ինչ վստահեցին Փաշինյանին եւ ստացան այն, ինչ պետք է ստանային: Ափսոս միայն, որ ստեղծված իրավիճակում տառապանքների մեծ մասը բաժին ընկավ հասարակ ժողովրդին:

Կարծում եմ՝ մենք չպետք է թույլ տանք, որ ռուս խաղաղապահներն այս անգամ մտցվեն Երեւան՝ հայերին հայերից պաշտպանելու համար:

Ընդդիմախոսներս հակադրվում են՝ էդ ի՞նչ ես ասում, ցնդե՞լ ես, բա ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի այս ամենի համար: Միանգամից ասեմ, որ եթե Փաշինյանին ու նրա հետ եւս հազար մարդու կախենք Հանրապետության հրապարակում, միեւնույն է, դա չի արտացոլի այն պատիժը, որին արժանի են Արցախի Հանրապետությունը կործանողներն ու ՀՀ ճակատագիրը հարցականի տակ դնողները: Կա, իհարկե, պատժաժամկետ պետական դավաճանության հոդվածով՝ 10-15 տարվա բանտարկություն, բայց դա էլ բավարար չէ՝ ամոքելու համար այն ցավը, որ իր անճարակ կառավարմամբ Փաշինյանը հասցրեց մեր ժողովրդին: Եվ դա միայն այս պատերազմի զոհերը չեն, անհետ կորածները չեն, գերիները չեն, հաշմանդամ դարձած տղերքը չեն: Փաշինյանի արածը տնաքանդություն է բոլոր առումներով՝ ներառյալ բանակի կազմալուծումը, տարածքային հսկայական կորուստները, մեր բազմաչարչար ժողովրդի 30 տարվա ամակ-աշխատանքը, թափած քրտինքը եւ այն ջանքերը, որ ամեն օր մոտեցնում էին Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման օրը: Հեշտ է ասել՝ Փաշինյան, գնա՝ մեռի: Ոչ, նա պետք է մնա, պետք է մնա ու իր աչքերով տեսնի արածի հետեւանքները, նա իր խղճուկ գոյությամբ պետք է կենդանի դաս լինի մատաղ սերնդի համար, որպեսզի այլեւս երբեք Հայաստանում գլուխ չբարձրացնեն նիկոլներն ու նիկոլիզմը: