Քաղաքական պայքարը կսկսվի մեկ տարի հետո

Քաղաքական պայքարը կսկսվի մեկ տարի հետո

Շաբաթ օրն անհանգիստ էր Չարենցավանում։ ԱԱԾ-ն գրոհել էր ընդդիմադիրների տներն ու գրասենյակները, բերման ենթարկել։ Թիրախում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանն էր եւ ՀՀԿ Չարենցավանի կառույցի ղեկավար Հովհաննես Օհանյանը։ Այվազյանին ձերբակալեցին նոյեմբերի 9-ի զանգվածային բողոքի ակցիաները «կազմակերպելու» համար՝ մեղադրելով «իշխանության յուրացման» մեջ։ Երեկ դատարանը, սակայն, ոչ իրավաչափ ճանաչեց ձերբակալությունը եւ մերժեց կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ԱԱԾ-ի միջնորդությունը, նա ազատ արձակվեց։ Հ․ Օհանյանի բախտը մի փոքր բերել է՝ ԱԱԾ-ն բավարարվել է նրա տան եւ գրասենյակի խուզարկությամբ, հեռախոս եւ համակարգիչ առգրավելով եւ մի քանի ժամ հարցաքննելով։

ԱԱԾ-ի սեւեռումը Չարենցավանի ընդդիմադիր ակտիվի վրա պայմանավորված է վերջին օրերին միտինգներին, ճանապարհ փակելուն նրանց ակտիվ մասնակցությամբ։ Հովհաննես Օհանյանն ասաց, որ իրեն հարցաքննել են նոյեմբերի 9-ի գիշերվա անկարգությունների եւ ԱԺ նախագահին ծեծի ենթարկելու գործի շրջանակներում։ Սկզբում՝ վկայի կարգավիճակով, հետո անհասկանալի կերպով դարձել է կասկածյալ։

- Դուք ի՞նչ մասնակցություն եք ունեցել այդ ամենին։

- Ես ներկա եմ գտնվել այդ օրը Ազգային ժողովում, բայց Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու մասին ես հետո եմ իմացել, որ նման բան է եղել։ Մասնակցությունս եղել է ընդամենը ԱԺ-ում իմ ներկայությամբ։

- Չարենցավանի ընդդիմադիր հատվածը բավականին ակտիվ է՝ ակցիաներ եք անում, միտինգների եք մասնակցում, ճանապարհ եք փակում։ Ինչո՞վ կբացատրեք դա, Չարենցավանում ընդդիմադիրներն իսկապե՞ս շատ են։

- Ընդդիմադիր ակտիվությունը վերջին իրադարձություններով չէ, մենք պատերազմի օրերին էլ եղել ենք շատ ակտիվ, մասնակցել ենք ռազմական գործողություններին, օգնել ենք՝ ով ինչով կարող է, եւ նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո մենք մեր բնական բողոքի ձայնը, դժգոհությունն ենք բարձրացրել, եւ մեր բոլոր քայլերը հենց այս կոնտեքստում են։

- Չարենցավանում հիմնականում ՀՀԿ-ն է ակտիվ, ձեր խնդիրն իշխանության գա՞լն է, թե՞ առաջնահերթը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։

- Հիմա իրավիճակն այնպիսին է, որ իշխանության գալու մասին նույնիսկ մտածելու ժամանակ չկա։ Հիմա երկիրը կործանումից փրկելու եւ ներկա իշխանություններից րոպե առաջ ազատվելու պայքար է ընթանում։ Մեր պայքարը միտված է նրան, որ այս պարտված իշխանությունը, որն իմ անձնական գնահատմամբ՝ դավաճանական իշխանություն է, պետք է հեռանա։ Սա նույնիսկ քաղաքական պայքար չէ, սա ազգապահպանման պայքար է, պայքարում ենք արժանապատվության, մեր ինքնասիրության համար։ Ես ակցիաներից մեկում շեշտեցի՝ մենք մեր հաղթանակը մեզանից գողանալու համար ենք պայքարում, որ թույլ չտվեցին հաղթենք։ Իսկ քաղաքական պայքարը կսկսվի մեկ տարի հետո, երբ ընտրություններ անցկացվեն։ Մեկ տարվա մեջ վիճակը կկայունանա, նոր կանցնենք նորմալ քաղաքական պրոցեսների։

- Դուք վերջին 2 ընտրություններին ՀՀԿ-ի կողմից Կոտայքի մարզում առաջադրվել էիք որպես ռեյտինգային թեկնածու։ Շատերը քննադատում են ռեյտինգային համակարգն ու պնդում, որ արտահերթից առաջ պետք է անպայման փոխել Ընտրական օրենսգիրքը։

- Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ այո, պետք է փոփոխվի Ընտրական օրենսգիրքը, այնտեղ շատ կրետերիաներ կան, որոնց պետք է համապատասխանեցվի Ընտրական օրենսգիրքը։ Եթե ինձ հարցնեին՝ ինչ ձեւով, ես նույնիսկ կողմ կլինեի, որ ընտրելու եւ ընտրվելու իրավունք ունենային բարձրագույն կրթություն ստացածները, զինվորական ծառայություն անցածները։

- Ուզում եք ասել՝ «պողոսներն» ընտրության չգնա՞ն։

- Դե, տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեզ հետ «պողոսների» ընտրությունից հետո․ երկիրն ուր է հասել եւ դեպի ուր է գնում։ Իմ դասարանցիներից մեկը մի անգամ ասաց՝ մենք ավելի շատ ենք, ես էլ իրեն հակադարձեցի, որ մեր դասարանում էլ 30 հոգուց 5 հոգիս էինք լավ սովորող, բնական է, որ լավը քիչ է լինում։

- Ռոբերտ Քոչարյանն ասում էր՝ եթե ինքը լիներ, պատերազմ չէր սկսվի։ Եթե Սերժ Սարգսյանը լիներ իշխանության, պատերազմ չէի՞նք ունենա։

- Սերժ Սարգսյանը 10 տարի եղել է իշխանության, ճիշտ է, 2016-ի ապրիլին եղավ պատերազմ, բայց մենք տեսանք, թե ինչպես ավարտվեց՝ 4 օրում, 75 զոհով, եւ ունեցանք ինչպես պատերազմում հաղթանակ, այնպես էլ դիվանագիտական հաղթանակներ բանակցային գործընթացում, որն ամրագրվեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի փաստաթղթերով։ Ռ․ Քոչարյանի կառավարման 10 տարվա ընթացքում էլ պատերազմ չեղավ։ Նախորդ բոլոր իշխանություններն էլ ունեցել են առաջընթաց՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, որը չեմ ասի վերջին իշխանության դեպքում՝ ոչ մի ոլորտում չենք ունեցել առաջընթաց, ոչ մի ոլորտում։