Մեդիատեռոր՝ հենց իրենց մասին է

Մեդիատեռոր՝ հենց իրենց մասին է

Իշխանական թիմը կիրակի օրվանից սկսել է օգտագործել «մեդիատեռոր» բառը։ ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը, օրինակ, միայն  դեկտեմբերի 13-ին այդ բառը 3 անգամ օգտագործել է։ Գրել է․ «Կապանի շրջանի Ագարակ գյուղում իբր տեղի ունեցած 30 րոպեանոց փոխհրաձգության մասին լուրը ոչ այլ ինչ է, քան մեդիատեռորի հերթական դրսեւորումը։ Բացահայտ զզվելի սուտ»։ Ապա․ «Ինչպես  գիտեք, #մեդիատեռորը սկսվում է ժամը 22:00-ից եւ սաստկանում 00:00-ից հետո»։ Սրանց հետեւում է․ «Ու ո՞վ է հիշում, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ #մեդիատեռորիստները մարդկանց տեռորի էին ենթարկում Տավուշի 7 գյուղերի մասին ֆեյքով»։

ԻՔ պատգամավոր Արփի Դավոյան․ «Քանի որ մեդիաահաբեկչության ժամն է, խնդրում եմ հետեւել միայն պաշտոնական լրահոսին, հիշեցնեմ նաեւ, որ Անվտանգության խորհրդի նիստում վարչապետը խոսեց այն բոլոր սահմանային խնդիրների մասին, որոնք կարեւոր են այսօր։ Հետեւաբար, հետեւեք միայն պաշտոնական տեղեկատվությանը, խուճապ եւ ապատեղեկատվություն տարածող կայքերում տեղադրված սենսացիոն նյութերով ձեզ ավելորդ մի ծանրաբեռնեք եւ շփվեք ընտանիքի հետ»։

Ակնհայտորեն, մեկ կենտրոնից եկած հրահանգ է՝ արդեն հետպատերազմյան շրջանում մամուլի ու մարդկանց բերանները փակելու համար։ Նույնպիսի համոզիչ տոնայնությամբ  իշխանականներն ու Արծրուն Հովհաննիսյանը պատերազմի 44 օրերին ստում էին, իսկ խայծը կուլ չտվողների բերանը փորձում էին ծեփել տուգանքներով ու իշխանական ահաբեկչությամբ, օրինակ՝ ստատուսներ կամ մեկնաբանություններ գրելով։ «168 am»-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, որը պատերազմի օրերին պաշտոնական շրջանակներից դուրս նյութեր տպագրելու համար 8 ծանուցում է ստացել, մեզ հետ զրույցում նախ նշեց, որ «հեղափոխություն» կոչվածով իշխանության եկած ուժերը, չափազանց լավ տիրապետելով այդ գործիքակազմին, առաջին հերթին իրենք են մեդիաահաբեկչության  կրողները։ Եվ հենց իրենք էլ խորհրդանշում են այդ մեդիաահաբեկչությունը։ «Այս 2․5 տարին ցույց է տալիս, թե պաշտոնավարման ընթացքում ինչպիսի կեղծ, բացարձակ կեղծ տեղեկատվություն են շրջանառել ու մանիպուլացրել ողջ հասարակությանը։ Եվ իրենց բառամթերքը հենց իրենց մասին է։ Հոգեբանները կհաստատեն, որ այդ բառամթերքի կրողները հենց իրենք են։ Իրենք, որոնց համար հասարակությունը որեւէ արժեք չունի»,- ասաց  Սեյրանյանը։ Իսկ սրա ամենավառ ապացույցը, ըստ նրա, պատերազմի 44 օրերն են ու այս նվաստացուցիչ փաստաթուղթը։ 

«168 am»-ի խմբագրի խոսքով՝ Հայաստանում որեւէ մեկն այլեւս չի հավատում պաշտոնական լրահոսին։ Եվ դա չափազանց վատ ու վտանգավոր երեւույթ է որեւէ պետության կամ հասարակության համար։ «Երբեւէ նման՝ պլինտուսից ցածր մակարդակի ցածր վստահություն չի եղել պաշտոնական լրատվության նկատմամբ, մեզ պես՝ ռազմական, դիվանագիտական, տնտեսական, սոցիալական մարտահրավերներ ունեցող որեւէ պետության համար, երբ թշնամին արդեն մեր սահմանները, մեր դռներն է թակում։ Վտանգը կախված է Արցախի, Սյունիքի ու Հայաստանի այլ տարածքների վրա։ Ամբողջ պատերազմի ընթացքում եւ մինչ օրս էլ, երբ պարտություն ենք կրել, երբ նվաստացել ենք, ապա ամբողջը հենց այդ սուտ, կեղծ ինֆորմացիայի պատճառով է։ Բոլոր այս օրերին մարդկանց ուղեղները լվանում էին, սահմանափակումներ էին դրել, եւ ամենազավեշտալին այն էր, երբ Արծրուն Հովհաննիսյանը, սա ցավով եմ ասում, որ 44 օր շարունակ ստում էր, հանկարծ սոցիալական ցանցում գրում է․ «Իմ կողմից կեղծ տեղեկատվություն են տարածում»։ Զավեշտի չափը հասկանո՞ւմ եք։ Ու էս իշխանությունը նույնը՝ նույն կեղծ տեղեկատվությունը, նույն մանիպուլյացիաները շարունակում է»։ Սաթիկ Սեյրանյանի կարծիքով՝ հասարակությունն իշխանություններին այլեւս չի վստահում, «որքան ուզում է ուղերձ հղի եւ կամ  «լայվ» մտնի»։

Հիշեցնենք․ երբ նոր-նոր էր հաղորդվել ադրբեջանցիների՝ Սոթք ներխուժման մասին, իմքայլականները նույնպիսի  համառությամբ հերքում էին դա։ Միայն տեսանյութերի հրապարակումից հետո ստիպված եղան հաստատել։ Սաթիկ Սեյրանյանը Սոթքի դեպքի առնչությամբ ասաց․ «Ո՞րը չեն ստել։ Իրենք ստել են եւ շարունակում են ստել զոհերի թիվը, ստել եւ շարունակում են ստել գերիների թիվը, ստել եւ շարունակում են ստել անհայտ կորածների թիվը, ստել եւ շարունակում են ստել, թե տնտեսական ինչ կարողություններ են անցել թշնամուն, ստել են քարտեզի հետ կապված հարցերում, շարունակում են ստել, թե ինչ տարածքներ են անցել։ Ստում են՝ տնտեսական, սոցիալական ցուցանիշները ներկայացնելով։ Ու շարունակում են ամեն օր ստել»։