Կինոյի տան զավթած այգում սեփականատերը ռեստորան է կառուցում

Կինոյի տան զավթած այգում սեփականատերը ռեստորան է կառուցում

Երեկ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցավ միության նախագահ Հարություն Խաչատրյանի, միության եւ միության վարչության անդամներ Էդգար Բաղդասարյանի, Արամ Շահբազյանի, Արտյոմ Երկանյանի, Հրանտ Հակոբյանի, Կինեմատոգրաֆիստների միության շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Մեջլումյանի, Վարդանանց 18 շենքի բնակիչների շահերը ներկայացնող փաստաբան Մուշեղ Առաքելյանի մամուլի ասուլիսը՝ կապված Երեւանի քաղաքապետարանի կողմից նախկինում իրականացված եւ ներկայումս էլ շարունակվող մի շարք ապօրինությունների հետ:

Խնդիրն այն է, որ դեռեւս 2013-ին, ժամանակի քաղաքային իշխանությունների կողմից, կեղծիքներով ստեղծված հիմքերով, Վարդանանց 18 հասցեում գտնվող եւ Կինեմատոգրաֆիստների միության սեփականությունը հանդիսացող Կինոյի տան կանաչապատ ու ծառապատ ներքին բակում՝ ձմեռային այգում, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի վրա օրինականացվել է գոյություն չունեցող իբր ինքնակամ շինություն, իսկ արդեն 2021 թվականին քաղաքային նոր իշխանությունների, մասնավորապես փոխքաղաքապետ Հ. Սահակյանի ստորագրությամբ տրվել է ռեստորան-գարեջրատուն կառուցելու շինթույլտվություն:

«2013-ին քաղաքապետարանն օրինականացրել է մի չեղած շինություն, որը գոյություն չունի, եւ այդ շինությունն անցել է ձեռքից ձեռք, հետո եկել է բավականին ճարպիկ մի մարդ՝ մասնագիտությամբ իրավաբան, ով ունի «Լաբիրինթ» գարեջրատների ցանց, եւ որի հետ աշխատում են ճարտարապետներ եւ դիզայներներ, որոնք նախկինում եղել են քաղաքապետարանի աշխատակիցներ,- ասում է միության նախագահ Հարություն Խաչատրյանը, ով մտավախություն ունի, որ սեփականատերը գուցե դատարանի հետ էլ լեզու գտնի։- Այնքան ճարպիկ է, որ բոլորի հետ լեզու է գտնում, նույնիսկ օգնություն եւ փող է ուզում առաջարկել կինոմիությանը, որպեսզի մենք կաշառվենք ու թույլ տանք իրեն, որ կառուցի իր ուզածը։ Իսկ իրենք ուզում են ստեղծել ռեստորան-գարեջրատուն, որը պետք է ցուցադրի նաեւ ֆուտբոլային խաղեր գարեջուր խմողներին, այն դեպքում, որ կողքը Մալյան թատրոնն է, Կինոյի մեծ դահլիճը, Սինեմատեկը, որի առաջին հարկը գրեթե պատրաստ է, եւ որի դռները կբացվեն հոկտեմբերի 30-ին»։

Ի դեպ, Կինեմատոգրաֆիստների միությունը վարչական կարգով Երեւանի քաղաքապետին բողոքարկել է շինարարության թույլտվությունը, նաեւ 2 հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան, որոնք վարույթ են ընդունվել, տվել է հանցագործության մասին հաղորդում, եւ հարուցվել է քրեական գործ, սակայն ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ էլ դատարանները շինարարության թույլտվությունը չեն կասեցրել, այն դեպքում, երբ նման իրավունք ունեին:  

«Հարուցումից գրեթե 2 ամիս է անցել, բայց դեռ տուժող չենք ճանաչվել, եւ քննիչ էլ դեռ չի եկել ու տարածքը չի նայել, իսկ այդ տեղազննությունը կարեւոր է նրանով, որ որպես ապացույց արձանագրվի, որ այստեղ կանաչ ծառեր կան, այգի կա, ավելին՝ նա կարող է որոշում կայացնել, որ այդ ապացույցը չոչնչացվի։ Այսինքն, այս ձեւով էլ է հնարավոր լուծում տալ, որ շինարարությունը կանգնեցվի, մինչեւ տեսնենք, թե դատական գործերն ինչ ընթացք են ստանում»,- ասում է Կինեմատոգրաֆիստների միության շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Մեջլումյանը։   

Ստացվում է՝ 2013 թվականին կատարված կեղծիքի արդյունքում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող կանաչապատ տարածքը ներկայացվել է որպես ինքնակամ կառույց, օրինականացվել է ու դարձել շենքի սեփականատերերից մեկի սեփականությունը: Այսինքն` խաբեությամբ հափշտակվել է, իսկ արդեն 2021 թվականին այդ կանաչապատ տարածքը կառուցապատելու թույլտվություն է տրվել:

Ասուլիսի բանախոսները ցավով արձանագրեցին, որ շինարարությունն արդեն սկսվել է, սակայն դրանից պաշտպանվելու արդյունավետ միջոց չկա, եւ մինչ դատարանը գործը քննի ու որոշում կայացնի, շինարարությունն արդեն ավարտված կլինի: Ավելին՝ սեփականատեր եղբայրները՝ Հրաչ եւ Վահագն Ատոմյանները, կինեմատոգրաֆիստներին հասկացրել են, որ, միեւնույն է՝ իրենք հաղթելու են։

«Օրենքն ի՞նչ հնարավորություն է տալիս․ օրենքն ասում է՝ այդ վարույթի շրջանակներում ինքը կարող է կասեցնել շինարարության այդ թույլտվությունը, բայց քաղաքապետարանը չկասեցրեց, եւ հիմա շինարարությունն արդեն սկսել են, ինչ-որ բաներ են անում,- ասում է Կարեն Մեջլումյանն ու նշում, որ դատարանը մերժել է նաեւ իրենց 2 հայցադիմումի կասեցումը, իսկ սա, ըստ նրա, նշանակում է, որ սեփականատերը կարող է շինարարություն իրականացնել։- Այստեղ մենք խնդիր ունենք դատական պաշտպանության արդյունավետ միջոցի հետ»։

Ներկաները նշեցին, որ այստեղ, բացի իրավական հանցագործությունից, կա նաեւ բարոյական հանցագործություն, եւ թույլ չեն տա, որ մշակութային օջախի սրտում մշակույթի փոխարեն ծաղկի ռեստորանա-գարեջրատնային մշակույթը: Հենց այս այգու հետ են կապված հայ կինոյի բազում մեծերի անուններ, հուշեր եւ հիշողություններ, անուններ, որոնք ժամանակին ստեղծել են հրաշալի մշակութային միջավայր, մինչդեռ ռեստորանատերերը նախատեսում են այգում կառուցվող բացօթյա տաղավարներում իրականացնել ֆուտբոլային հանդիպումների դիտումներ մեծ էկրանների վրա եւ նմանատիպ այլ միջոցառումներ, որոնք, ամեն ինչից բացի, ուղղակի խոչընդոտելու են Կինեմատոգրաֆիստների միության գործունեությանը, կինոցուցադրումներին, թատերական ներկայացումների ընթացքին։