Նիկոլական «ժողովրդավարության» հերթական դրսեվորումը

Նիկոլական «ժողովրդավարության» հերթական դրսեվորումը
Նիկոլ Փաշինյան

Հիշում եք, չէ՞, թե ինչ գերկարեւորություն ունեին ընտրությունների օրինականության խնդիրներն ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր եւ հատկապես Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Փաշինյան Նիկոլի համար: Աջ ու ձախ քննադատում էր, դիմում էր նաեւ արեւմտյան իրավապաշտպան կազմակերպություններին, կարող է՝ նույնիսկ արեւմտյան երկրների դեսպանատներին, բայց դա հաստատ չեմ հիշում:

Մի խոսքով՝ հնարավոր բոլոր հասցեներով, որպեսզի Հայաստանում ապահովվի ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը: Իսկ 2018-ի մայիսի 8-ից հետո հայտարարում էր, որ Հայաստանում այլեւս երբեք չպետք է տեղի ունենան ընտրակեղծարարություններ, եւ այդ թվում՝ վարչական ռեսուրսի չարաշահումներ: Դա կրկնում էր 2018-ի դեկտեմբերի 9-ից առաջ եւ հետո, 2021 թվականի հունիսի 20-ից առաջ եւ հետո: Բայց հենց հունիսի 20-ին մենք համոզվեցինք, որ Նիկոլի օրոք ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություն անցկացնելը ֆանտաստիկայի ոլորտից է: Նույնիսկ 2018-ի դեկտեմբերյան ընտրությունը կարող է կեղծված լինել (դրա մասին գրել եմ երկու շաբաթ առաջ), թեեւ այն կեղծելու կարծես թե բացարձակ կարիք չկար:

Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե Սերժի ժամանակ ոստիկանությունը խուժեր ընդդիմադիր կուսակցության կամ դաշինքի շտաբ, փակեր այն ու խուզարկություն կատարեր: Չբավարարվելով դրանով՝ նաեւ քրեական գործեր հարուցեր ու ընդդիմադիրների բանտարկեր: Ինչպես դա տեղի ունեցավ Սյունիքում հունիսի 20-ի համապետական ընտրության ժամանակ, ինչպես դա տեղի ունեցավ նաեւ տեղական ընտրության ժամանակ: Քաղաքացիական հասարակության հայաստանյան կազմակերպություններն ու իրավապաշտպան ակտիվիստները բողոքի ցույցեր կկազմակերպեին: Սկզբունքային լրատվամիջոցներն աղմուկ կբարձրացնեին: Սակայն 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրության նախօրեին եւ նույնիսկ քվեարկության օրը վարչական ռեսուրսի կոպիտ, չափազանց կոպիտ չարաշահումները չարժանացան նախկին քաղաքացիական հասարակության ու նախկին սկզբունքային լրատվամիջոցների համապատասխան ուշադրությանը:

Նույնը, բնականաբար, պետք է տեղի ունենար եւ տեղի է ունենում տեղական Սյունիքում տեղական՝ համայնքային ավագանիների ընտրության օրը: Վերը նշված խավերի կողմից պահպանվում է քար լռություն: «Նիկոլական ժողովրդավարության» պայմաններում արձանագրվեցին նախկինների օրոք ծաղկող գործընթացները: Տեսագրվել է, թե ինչպես են մեքենաներով ընտրողներ բերում, տեսագրվում է ՔՊԿ-ականը կամ այդ շրջանակի անձնավորությունը 20 000-հազարական թղթադրամները ձեռքին: Ենթադրում եմ, որ այդ անձը շփոթել էր ավտոշուկայի տեղը, այլապես ինչո՞ւ պիտի թղթադրամները ձեռքին կանգներ ընտրության օրը ընտրության վայրում:

Եվ, բնականաբար, այդ ամենը որեւէ ազդեցություն չի թողնում ո՛չ իրավապահ համակարգի եւ ո՛չ էլ, ասենք, ազատությունների պաշտպան ռադիոկայանի վրա: Էն ռադիոկայանի, որ 2017-ին ընտրակաշառքի հատկացումներն էր բացահայտում: Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն էլ, բնականաբար, «սկզբունքորեն» որոշել են պահպանել քար լռություն: Իսկ արեւմտյան իրավապաշտպան կազմակերպություններին ու արեւմտյան երկրների դեսպանատներին մեր տեղական ընտրություններն ինչո՞ւ պետք է հետաքրքրեն:

Բայց դա էլ բավարար չէր, ու դեռեւս հունիսի 20-ին ընդառաջ Նիկոլի իշխանությունն արեց այնպիսի քայլ, որ նախկինները նույնիսկ չէին մտածի: Վերջինս սկսեց մարզպետարանների միջոցով սոցիալական աջակցության անվան ներքո 50-հազարական դրամներ բաժանել ընտրությունների շեմին: Իսկ ոստիկանությանը հրահանգեց քրեական գործեր հարուցել ընդդիմադիրների կողմից իբրեւ թե ուղղորդումների կամ ընտրակաշառքների առթիվ: Ու դրա անվան տակ խոչընդոտել նրանց շտաբների աշխատանքը ամեն մի առանձին ընտության շեմին եւ քվեարկության օրը: Այսպիսի մեքենայություն նույնիսկ Սերժը չէր մտածի, թեեւ ժամանակին պարծենում էր, որ իրենք կխփեն այնքան տոկոս, որքան կցանկանան:

Ուրիշ հարց, որ Գորիսում, օրինակ, դա չօգնեց, եւ գրագետ ու հայրենիքի զգացողություն ունեցող ընտրողն ընտրեց ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանին: Բայց մյուս տեղերում անցան ոչ այնքան ընդդիմադիրները, թեեւ ՔՊԿ-ականները կարծես հաղթեցին միայն Դիլիջանում: Դիլիջանյան ընտրողները համայնքապետ կարգեցին նրան, ով ինչ-որ պաշտոնական փաստաթղթում սեռը նշող սյունակում գրել էր «արու»:

Ահա այսպիսի ժողովրդավարություն եւ այսպիսի ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ ստացան ՀՀ քաղաքացիներն իրենց կողմից «պողպատյա» մանդատ ստացած Փաշինյան Նիկոլի օրոք: Ահա այսպիսի քաղաքացիական հասարակություն կերտվեց անկախության վերջին երկու-երկուսուկես տասնամյակի ընթացքում իրավապաշտպան կազմակերպությունների ջանքերով: Ահա այդպիսի «քաղաքացիակենտրոն» ոստիկանություն ձեւավորվեց արեւմտյան դրամաշնորհների հաշվին: Ի դեպ, ոստիկանության «բարեփոխումների» մասին են վկայում կառավարության շենքի դիմաց կամ այլ վայրերում նրանց կողմից կատարվող վայրագությունները: Այնպես որ, մենք կարող ենք «շնորհավորել» մեզ Նիկոլի օրոք կյանքի կոչված օրինականության, արդարության եւ ժողովրդավարական «ձեռքբերումների» առնչությամբ: