Հուսամ` թեժ տաշի-տուշին առաջիկա ձմռանը գազից ու լույսից զուրկ դոմիկներում էլ ջերմություն կապահովի

Հուսամ` թեժ տաշի-տուշին առաջիկա ձմռանը գազից ու լույսից զուրկ դոմիկներում էլ ջերմություն կապահովի

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակից լուսանկար է տեղադրել եւ գրել. «Հիմա Գյումրու կենտրոնական հրապարակում կրկին համերգի են պատրաստվում: Հուսամ թեժ տաշի-տուշին առաջիկա ձմռանը գազից ու լուսից զուրկ դոմիկներում էլ ջերմություն կապահովվի...»։

Հիշեցնենք,որ «Ավրորա» ֆորումի շրջանակում հոկտեմբերի 17-ը հայտարարված է Գյումրու օր: Քաղաքապետարանը պատրաստվում  է Գյումրիի Վարդանանց հրապարակում կայանալիք մեծ համերգին:  Համերգը նվիրված է լինելու բարեկամության և երախտագիտության խորհրդին: Հանդես կգա D'Black Blues Orchestra խումբը,որի ղեկավարը ռուս երաժիշտ, գործարար, բարերար և EVITA բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վլադիմիր Ավետիսյանն է: Նա Հայաստանում հայտնի է և սիրված ոչ միայն նախկինում՝ Երևանում և Դիլիջանում կայացած իր համերգներներով՝ որպես երաժիշտ, այլև որպես Հայաստանի մեծ բարեկամ: Վլադիմիր Ավետիսյանը հանդիսանում է UWC Դիլիջան միջազգային քոլեջի հիմնադիրներից մեկը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բարերար:

D'Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի կազմում երաժիշտներ են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից և Ֆրանսիայից: Խմբի ինքնատիպ կատարումների շնորհիվ այս համերգը կդառնա անմոռանալի երաժշտական տոն գյումրեցիների համար: Համերգի մուտքն ազատ է: 
Գյումրիում կայանալիք բոլոր միջոցառումներին հրավիրված են լինելու պատվավոր հյուրեր և միջազգային հանրության ներկայացուցիչներ:

Նշենք, որ մինչ համերգը Ֆլեշմոբը կանցկացվի Գյումրիի Վարդանանց հրապարակում, որից հետո «Ավրորա» ֆորումի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերարները, Բարի կամքի դեսպանները և «Ավրորա» մրցանակի դափնեկիրները կայցելեն Գյումրիի «Բարեկամություն» զբոսայգի՝ մասնակցելու այգու վերականգման նախագծին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Ի դեպ, ֆլեշմոբը տարբերվելու է, որի նպատակն է Գյումրիի մի քանի հազար դպրոցականների մասնակցությամբ շեշտադրել հումանիտար աջակցության և երախտագիտության խորհուրդների կարևորությունը: Հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունից փրկված մանուկները Գյումրիից իրենց յուրահատուկ երախտագիտության ֆոտոուղերձն էին հղել աշխարհին: Այժմ՝ շուրջ 100 տարի անց, դպրոցականները «Тhank you, world» բառերով կրկին իրենց շնորհակալությունը կհայտնեն աշխարհին՝ ևս մեկ անգամ կարևորելով երախտագիտության խորհուրդը: