Իսկ դուք խստացրեք ռազմական դրությունը

Իսկ դուք խստացրեք ռազմական դրությունը

Այս պահին ռազմական դրությունը չեղարկելն այլեւս մանկամտություն կլինի: Այն պետք է պահել եւ վերածել իսկական, առավել խիստ ռազմական դրության: Հասկացեք, վերջապես, պետականությունը կորցնելուց մեկ քայլ ենք ընդամենը հեռու: Պատերազմը տեղափոխվել է Հայաստանի տարածք եւ շարունակվում է առանց կրակոցների: Հայաստանի մասնատման գործընթաց է գնում հավաքական անվտանգության համակարգերի լիակատար անգործության պայմաններում:

Հայաստանից կարող է մնալ ընդամենը այնքան տարածք, որի վրա հնարավոր կլինի պահել ընդամենը մի խոշոր ռազմաբազա, ինչպես դա տեղի ունեցավ Արցախի հետ: Ոչխարները, որ պնդում են, թե ռուսական խաղաղապահների մուտքով փրկվեց հայկական երկրորդ պետությունը՝ Արցախը, չարաչար սխալվում են: Այսօր գոյություն չունի Արցախի Հանրապետության դրոշ, Արցախի Հանրապետության Սահմանադրություն, Արցախի պաշտպանության բանակ, Արցախի Հանրապետության քաղաքական իշխանություն: Փոխարենը կա 2.5 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով երբեմնի հայկական տարածք, որտեղ թուրքը չի մտել, որովհետեւ ռուս խաղաղապահներն են այնտեղ՝ իրենց դրոշով: Այլ խոսքով՝ Ստեփանակերտ կենտրոնով ռուսական ռազմաբազա է դա՝ չորս կողմից շրջապատված Ադրբեջանով: Նիկոլ Փաշինյանն իր ունիկալ անտաղանդության շնորհիվ Արցախը աբխազացրեց՝ զրկելով անվտանգության միակ երաշխավորից՝ Պաշտպանության բանակից, եւ հայկական երկրորդ պետության վերջին ծվենները հանձնեց ռուսական զորքի պաշտպանությանը:
Ա

յսօր գրեթե նույն պրոցեսն է ընթանում Հայաստանում: Թուրքիան ու Ադրբեջանը, սիրաշահելով Ռուսաստանին, շարունակում են Հայաստանը բաժանել իրենց միջեւ: Եթե մինչեւ 2018թ. իշխանափոխությունն այս միտքը կարող էր համարվել խելագարություն, ապա այսօր այն միանգամայն տրամաբանական է, որովհետեւ Հայաստանում կա մի իշխանություն, որ սպառնալիք է ռուսական շահերին եւ վարում է այդ միջուկային գերտերությանը բառիս բուն իմաստով վռնդել Հարավային Կովկասից: Մտածեք ինքներդ. եթե մինչեւ 2018թ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից յուրաքանչյուր ելուզակության դեպքում հիշում էինք եւ պահանջում, որ ՀԱՊԿ-ն միջամտի, ապա այսօր, երբ ադրբեջանցի զինվորականները զինված հատում են ՀՀ սահմանը, ներթափանցում բնակավայրերին հարող տարածքներ, սկսում ենք փիլիսոփայել, թե դա ինչ-որ համաձայնագրի ինչ-որ կետով թույլատրելի է: Դու չե՞ս ամաչում, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պարոն տեղակալ, որ քարտեզն առած՝ ծռմռվում ես լրագրողների առաջ, ինչ է թե արդարացնես Նիկոլի հերթական խայտառակությունը, պահես նրա հետույքը, որ հրաժարական չտա:

Այո, մենք մոտ ենք այն կետին, որ Ռուսաստանը հանուն իր շահի, հանուն այն բանի, որ մի օր չկանգնի Հարավային Կովկասից դուրս շպրտվելու վտանգի առաջ, գործարքի գնա թուրք-ադրբեջանական տանդեմի հետ եւ այդ տանդեմի ողորմությանը հանձնի ողջ Հայաստանը՝ իրեն պահելով 2-3 հազար քառակուսի կիլոմետր մի տարածք՝ 102-րդ բազան առավել հարմարավետ տեղակայելու համար: Թուրք-ադրբեջանական տանդեմն ունի բոլոր հնարավորությունները՝ Ռուսաստանին շահագրգռելու համար: Օրինակ՝ Ռուսաստանին ներգրավել տարածաշրջանի էներգետիկ ծրագրերում, հյուսիս-հարավ միջանցք տրամադրել, կարգավորել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ եւ այլն: Փորձենք այս ամենը դնել նժարի վրա եւ հասկանալ, թե ինչի են ընդունակ Փաշինյանն ու նրա անճարակ կառավարությունն այդ կշեռքի նժարները հակակշռելու առումով: Ռուսաստանի ինչի՞ն է պետք լինելու Հայաստանը, ենթադրենք, վրացական երկաթուղին բացվելուց հետո: Պարզ է, չէ՞, որ այդ երկաթուղով Ռուսաստանը կհասնի Բաթում, իսկ հետո՝ նաեւ Թուրքիա եւ Սիրիա:

Բայց գանք ռազմական դրության ռեժիմին: Ձեւական ռազմական դրությունը, որ սահմանվել է Փաշինյանի որոշումով, իրականում նպաստում է նրա ռեժիմի պահպանմանը: Փաշինյանը Հայաստանում իշխանության է բերվել Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքը թուլացնելու եւ մեծ թուրանական ծրագրի կատարմանը նպաստելու համար: Փաշինյանին արդեն հաջողվեց դա անել Արցախում, բայց դեռ կա Հայաստանի Հանրապետությունը, որ դիմադրում է այդ հրեշավոր ծրագրին: Եվ որպեսզի մենք մեր ձեռքով չարագացնենք պրոցեսը եւ մեր ռազմավարական դաշնակցին չդրդենք այն նույն քայլին, որին նա գնաց Արցախում, պետք է ամեն գնով կանգնեցնել Փաշինյանին: Այս մարդը չի լուծելու ոչ մի հարց, պետական հովանու ներքո չի վերցնելու պատերազմի զոհերի ընտանիքներին, չի հոգալու վիրավորների եւ հաշմանդամների կարիքները, չի հետաքրքրվելու անհետ կորածների եւ գերիների ճակատագրով: Դա կարող է անել այն Հայաստանի իշխանությունը, որը հայկական այս վերջին հողակտորը պահելու, պահպանելու կամք կդրսեւորի: Փաշինյանի առաքելությունն այլ է, նա խառն է հայակործան գլոբալ խնդիրների մեջ, նրա ձեռամբ է իրականացվում Հայաստանը մասնատելու եւ հայկական պետականությունը ոչնչացնելու թուրք-ադրբեջանական արկածախնդրությունը:

Մինչ այս պահը մտածում էինք, որ պատերազմում պարտված Փաշինյանը կհեռանա: Նա չի հեռանա: Չի հեռանա, որովհետեւ «հաջողություններ» է արձանագրել Արցախում եւ «հաջողություններ» ունի նաեւ Հայաստանը հանձնելու գործում: Եվ, ուրեմն, նրան պետք է հեռացնել՝ ինչ գնով էլ լինի, այդ թվում նաեւ՝ ռազմական դրության խստացմամբ: Եթե ՀՀ ՊՆ-ում ու Գլխավոր շտաբում դժվարանում են հասկանալ, թե ինչի մասին եմ խոսում, ապա կարող եմ ավելի պարզ շարադրել ասելիքս: Գործ հարուցեք Փաշինյանի դեմ, հայտարարեք, որ Հայաստանը սառեցնում է այն բոլոր պայմանագրերն ու համաձայնագրերը, որոնք կնքվել ու ստորագրվել են ՀՀ շահերը աճուրդի հանած իշխանությունների հետ: ՀՀ իշխանության ղեկին Փաշինյանին հանդուրժելն այլեւս անհասկանալի է ՀՀ արտաքին բոլոր գործընկերների համար: Բացառությամբ Սորոսի, Թուրքիայի եւ Ադրբեջանի, ոչ մեկին այլեւս հետաքրքիր չէ Փաշինյանի իշխանավարումը Հայաստանում: Հետեւաբար, ոչ ոք չի կարող դատապարտել այն ռազմական հեղաշրջումը, որն արվում է ոչ միայն քարտեզի վրա ՄԱԿ անդամ պետության պահպանման, այլեւ մի 3 միլիոնանոց հայություն թուրք-ադրբեջանական յաթաղանից փրկելու համար:

Որպես ՀՀ քաղաքացի՝ իմ, իմ ընտանիքի եւ իմ զավակների անվտանգությունը տեսնում եմ միայն մեր Ազգային բանակի, ուժային կառույցների, հայկական պետության ձեռքերում: Ինձ համար մեծ բարեբախտություն է՝ ապրել սեփական հայրենիքում, եւ ես մտադիր չեմ մեկ ժամ ավել հանդուրժել մեկի գոյությունը, որն իր ծուռտիկ ատամներով կրծոտում է իմ հարազատ տան հենասյուները: Ես միայն կողջունեմ այն վճռական քայլերը, որոնք կիրականացվեն իմ հայրենիքում՝ հանուն նրա փրկության: