Ծուռ հայելիների աշխարհում

Ծուռ հայելիների աշխարհում

Օրերս պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն անդրադարձել է «3+3» ֆորմատին։ Վերջինս, ըստ վրացական «Առաջին ալիքի», որի նյութից մեկ հատված ներկայացրել է «Հրապարակը» , ասել է. «Ռուսաստանը, որը բռնազավթել է Վրաստանի տարածքի 20%-ը, պետք է հարգի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը, նախքան որեւէ նոր հարթակի մասին խոսելը: Մինչ նրանք կխոսեն Հարավային Կովկասի երկրների համագործակցության մասին, պետք է ամրապնդեն տարածաշրջանային համագործակցությունը»: Ենթադրում եմ, որ թե՛ վրացական լրատվամիջոցը եւ թե՛ «Հրապարակը» ճշգրիտ են մատուցել աշխարհի ամենահզոր երկրի ամենահզոր բանակի ղեկավարի խոսքը: 

Իսկ նախարարի խոսքի մեջբերված հատվածը բաղկացած է երկու նախադասությունից, որից երկրորդը կարդացի առնվազն երեք անգամ եւ չհասկացա ասվածի իմաստը: Խնդրեմ․ «Մինչ նրանք կխոսեն Հարավային Կովկասի երկրների համագործակցության մասին, պետք է ամրապնդեն տարածաշրջանային համագործակցությունը»: Եթե ես լինեի ամերիկացի ու չիմանայի, որ նշված նախադասության առաջին մասի «Հարավային Կովկասը» եւ երկրորդ մասի «տարածաշրջանը» նույնն են, որեւէ խնդիր չէր լինի: Սակայն քանի որ ես հայաստանցի եմ ու գիտեմ, որ Հարավային Կովկասը հենց նույն տարածաշրջանն է, ապա ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքն ինձ համար խնդիրներ է առաջացնում: Եվ վստահ եմ, որ խնդիրներ կառաջացնի յուրաքանչյուր գրագետ անձնավորության համար: Որովհետեւ տրամաբանությունը պահանջում է, որ տարածաշրջանային համագործակցությունն ամրապնդելու համար առաջին հերթին խոսվի հենց տարածաշրջանի երկրների համագործակցության հնարավորությունների մասին: 

ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքի մեջբերված հատվածն ընթերցելուց հետո անմիջապես հիշեցի մի պատմություն, որ, եթե չեմ սխալվում, տեղի է ունեցել իռլանդական ծագումով անգլիացի հռչակավոր դրամատուրգ, գրականության համար Նոբելյանի (1925) եւ «Պիգմալիոն» ֆիլմի սցենարի համար «Օսկարի» (1939) մրցանակակիր Ջորջ Բեռնարդ Շոուի (1856-1950) հետ: Ի դեպ, նշված ֆիլմի սցենարը հեղինակի կողմից մշակվել էր հենց իր գրած կատակերգության հիման վրա: Եվ այսպես, օրերից մի օր նրան է այցելում երիտասարդ մի դրամատուրգ եւ խնդրում է ծանոթանալ իր գրած պիեսին: Նյութը կարդալուց հետո հանրահայտ դրամատուրգն ասում է հեղինակին, որ ինքը նման թույլ գործ գրելու իրավունք կունենա այն ժամանակ, երբ վերածվի իր նման հայտնի դրամատուրգի: Ենթադրում եմ, որ ժամանակին պարոն Օսթինը ծանոթ է եղել մեծ դրամատուրգի հետ կապված այդ պատմությանը եւ որոշել է կյանքի կոչել նրա այդ միտքը:

Երբ Հայաստան երկրի ղեկավարը կամ նրա գործադիր եւ խորհրդարանական ուսապարկերն են անհեթեթություններ արտաբերում, ապա հասարակության գրագետ հատվածին մնում է ընդամենը քննադատել կամ ձեռ առնել դրանց մտքի գոհարները: Դե, իսկ «սիրելի ժողովուրդը» դեռեւս մնում է լեթարգիական քնի մեջ եւ ադեկվատ վերաբերմունք ցուցաբերելու համար արթնացման կարիք ունի: Սակայն երբ ողջ աշխարհում ժողովրդավարության արժեքներ տարածող երկրի բարձրաստիճան պաշտոնյան է նման անհեթեթություն բարձրաձայնում, ապա մտածում ես, որ մարդկությունը շարունակում է գոյատեւել ծուռ հայելիների աշխարհում: