Պանթուրանիզմի ներքին քարոզիչները

Պանթուրանիզմի ներքին քարոզիչները

Կապանի շրջակայքի հերթական բարձունքը՝ Փայլասարը, անցել է թշնամու վերահսկողության ներքո, կառավարությունը չի բացառում Քաշաթաղի շրջանի երեք եւ Շուշիի շրջանի վեց գյուղի հանձնումն Ադրբեջանին, զավթված Վարանդայում էլ Էրդողան-Ալիեւ զույգը միջազգային օդանավակայան է գործարկելու։ Այս օրերի հայաստանյան լրահոսն է՝ լրատվամիջոցների եւ ընդդիմադիրների ահազանգերով եւ իշխանության կողմից հանգստության կոչերով։

Հայաստանի՝ որպես պետության գոյության երաշխիքն ու բանալին անդառնալիորեն կորսված է, եւ բացառապես տարածաշրջանային ուժերի շահերի համադրումով է, որ առժամանակ հնարավոր է դառնում կանխել պանթուրանական աղեղի ստեղծումը Հայաստանի վրայով։ Մեր բռունցքի եւ ոգու ամրության կամ միջանցքի ստեղծումը ցանկացած գնով կանխելու մասին ինքնասփոփիչ մտավարժանքները որեւէ արժեք չունեն, եթե, օրինակ, հարեւան Իրանը որոշի չդիմադրել այդ միջանցքի բացմանը։
Ցավալիորեն՝ նույնիսկ առաջնագ-ծում այլեւս ոչինչ չի որոշվում։ Եթե տարիներ առաջ հայոց զինական ուժը կանխում էր թշնամու գրոհները, եւ դա հիմք էր դառնում, օրինակ, բանակցային գործընթացում մեր դիրքերի ամրության համար, հիմա ճիշտ հակառակն է՝ բանակցային գործընթաց չկա, իսկ մեր դիրքերի եւ բարձունքների նկատմամբ սանձարձակ սադրանքներին հրահանգված է չպատասխանել։ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի խրոխտ մարտակոչը, պարզվեց, գրոշի արժեք չուներ։

Այս պատերազմում Ադրբեջանը շարունակում է հաղթել, թեեւ ռազմագիտական օրենքներով՝ նախահարձակ կողմը մի քանի անգամ ավելի մեծ կորուստներ պիտի կրեր։ Պատմական ճշմարտության մասին պնդումները, Ադրբեջանի՝ արհեստականորեն ստեղծված երիտասարդ պետություն լինելու մասին դատողություններն էլ փրկություն չեն եւ բնավ չեն նպաստում մեր պարտության իրական պատճառների վերհանմանը։
Թուրքիայի ընթացիկ մերձեցումը Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների ծայրաստիճան սրումը կարող են հանգեցնել տարածաշրջանային նոր պայթյունի։ Թուրքիան բացեիբաց սպառնում է Հայաստանի ֆիզիկական գոյությանը՝ Բաքվի միջոցով իր ճանապարհից վերացնելով շարունակական խոչընդոտները։ Դա նախ Արցախն էր, հիմա էլ Սյունիքն է։ Եթե հաջողվի ռուսական զորակազմից էլ ազատվել, թյուրքական էքսպանսիան Հարավային Կովկասում կամբողջանա՝ հայկական պետության լուծարման գնով։

Խաղասեղանին այսօր Արցախի ճանաչման կամ տարածքների վերականգնման հարցը չէ, ոչ էլ նույնիսկ Սյունիքի պահպանման խնդիրն է։ Հարցի գինը Հայաստան պետության գոյությունն է։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության պայմանագրերի կնքումից հետո է միայն սկսվելու ամենասահմռկեցուցիչ զարգացումը՝ Հայաստանի արագընթաց հյուծումը ներսից, ինչն էլ մի քանի տարում վերջնականապես կազմալուծելու է պետականության նույնիսկ նոմինալ նշույլները։

Գոյաբանական աղետի շեմին՝ մեր քաղաքական ուժերի մեծագույն մասը, այդ թվում՝ ընդդիմությունը, բացառիկ անհաղորդություն են ցուցաբերում ստեղծված իրավիճակին։ Դեռեւս թալիշներին ու լեզգիներին ոտքի հանելու, Արցախը Հայաստանին վերամիավորելու (նույնիսկ ոչ թե Արցախը ճանաչելու) եւ մի շարք այլ անիրականանալի թեզերից խոսող գործիչներ ու ուժեր կան, որոնք կրկնելով ոչ վաղ անցյալի մեր սխալները, մոլորվելով ցանկալիի ու իրականության բավիղներում՝ սպառնում են պետությանն ու ժողովրդին տանել մի հերթական, բայց արդեն վերջնականորեն անդառնալի կորստի։


Դավիթ Սարգսյան