Սա ժուռնալն է, կինոն կլինի Երեւանի ընտրությունների տեսքով

Սա ժուռնալն է, կինոն կլինի Երեւանի ընտրությունների տեսքով
Ռուբեն Վարդանյան

Գործարար Ռուբեն Վարդանյանի քաղաքական հայտը բավականին հաջող մեկնարկով սկսվեց: Ընդամենը վերջերս քաղաքականություն մտնելու եւ քաղաքական պայքարը ոչ օրինական հունով գնալու համար «բանտ նստելու» պատրաստակամություն հայտնած Ռուբեն Վարդանյանը հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններով սահուն եւ վստահ քայլերով մուտք գործեց քաղաքական ասպարեզ, եւ նրա մեկենասությամբ ստեղծված «Ապրելու երկիր» կուսակցությունը մի քանի համայնքներում հաղթահարեց անցողիկ շեմն ու համայնքային իշխանության մաս կկազմի:

Օրինակ՝ Մեղրիում, Տաթեւում, Տեղ համայնքում, հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում «Ապրելու երկիրն» ավագանիում անդամներ կունենա, ինչը բավականին լավ ցուցանիշ է քաղաքական դաշտում առաջին քայլերն անող կուսակցության համար: Իսկ հոկտեմբերի 17-ին վեց համայնքում էր ընտրություն նշանակված, ավելին` այս կուսակցությունն ավելի ակտիվ կմասնակցի նաեւ առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Մեզ լուրեր են հասնում, որ նորաթուխ կուսակցության հաջողությունների հարցում իր լուման ունի նաեւ իշխանությունը: Նիկոլ Փաշինյանի գրպանային ուժերից մեկի ներկայացուցիչը մեզ հետ մասնավոր զրույցում ասաց, որ մարզպետները լավ թեկնածուներին ուղղորդում են դեպի Վարդանյանի կուսակցությունը, ինչն էլ հիմք է տալիս իշխանության եւ Ռուբեն Վարդանյանի համագործակցության մասին խոսակցություններին, եւ այն, որ Ռուբեն Վարդանյանն իշխանության պրոյեկտն է, որն աճեցվում է ընդդիմադիր դաշտը գրավելու եւ նախկիններից վերջնականապես ազատվելու նպատակով: Վարդանյանն ավելի լոյալ է, եւ նրա՝ իշխանության գալուց հետո վենդետաներ չեն լինի, ավելի քաղաքակիրթ կառավարում կսկսվի երկրում: Այլ հարց է, որ կառավարման փորձ չունեցող պրոռուսական գործիչն ինչ ուղիով կտանի երկիրը, եթե այս նախագիծն իրականություն դառնա: 

Վարդանյանի շրջապատից տեղեկացանք, որ քաղաքական մեկնարկի համար գործարարը նշաձող է վերցրել հնարավորինս մեծ «ռասկրուտկա» անել այս փուլում, այսինքն՝ նրա համար հիմա կարեւոր է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը հնարավորինս ճանաչելի դառնա հանրային լայն շրջանակների կողմից: Օրինակ, եղել են թեկնածուներ, որոնք նախապես պայման են կապել՝ կգլխավորեն ցուցակը, բայց չեն անդամագրվի կուսակցությանը եւ եթե հաղթեն ՏԻՄ ընտրություններում, դուրս են գալու, եւ կուսակցության ղեկավար կազմը չի մերժել առաջարկը՝ համարելով, որ կարեւորը կուսակցության փիառն է, որը կնպաստի Վարդանյանի հեռահար պլաններն իրագործելուն:

Ասում են` այդ պլաններում առաջին փուլի վերջնանպատակը Երեւանի նվաճումն է, գործարարը մտադիր է երկու տարի անց` 2023-ին, քաղաքապետի ընտրություններին անձամբ հայտ ներկայացնել եւ Երեւանին տիրելով՝ նվաճել Հայաստանի կեսը: Պատահական չէ, որ այն շրջանում՝ ամռանը, երբ քննարկվում էր Հայկ Մարությանից ազատվելու եւ Երեւանում արտահերթ ընտրություններ կազմակերպելու հարցը, Վարդանյանը դիմեց երկքաղաքացիություն ստանալու համար:

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար վեցամսյա մշտական բնակության եւ քաղաքացիության պահանջն է գործում: Եվ, ուրեմն, հիմա որքան շատ քննարկվի Վարդանյան-քաղաքական պրոյեկտը, երկու տարի անց այն այնքան կայացած եւ վստահելի քաղաքական ուժ կդիտարկվի:

Ի դեպ, չնայած Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություններին, Վարդանյանը չի թաքցնում, որ Երեւանում իշխանություն վերցնելուց հետո այլեւս կարող են ռեալ մտածել ամբողջ իշխանությունը վերցնելու մասին:

Նշենք, որ ՔՊ-ն էլ հեշտությամբ չի զիջելու Երեւանը, մանավանդ քաղաքապետ դառնալու նկրտումներ ունի, օրինակ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որը, ըստ լուրերի, իշխող ուժի ցուցակ մտել է` հետագայում Երեւանի ընտրություններին մասնակցելու նպատակով: Խոսվում է նաեւ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հավակնությունների մասին: Եվ Ռուբեն Վարդանյանը հասկանում է, որ Երեւանի ընտրություններին պետք է լրջորեն պատրաստվել: