Դուք գյուղացու կողքին չեք․ պահանջելու եմ ձեր հրաժարականը

 Դուք գյուղացու կողքին չեք․ պահանջելու եմ ձեր հրաժարականը

Գրել էինք, որ երեկ Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ հերթական բողոքի ակցիան էր մեկնարկել։ Իրենց ձայնը լսելի դարձնելու էին եկել Արմավիրի մարզի խաղողագործները, որոնց պնդմամբ՝ սովորականի նման խաղողը մշակել են, բայց արդեն հոկտեմբերն է մոտենում, իրենց հստակ չեն ասում՝ որտեղ պիտի մթերեն, որքանով պիտի մթերեն խաղողը։ Խաղողագործները նկատում են՝ այն գինը, որը առաջարկում են՝ 100-120 դրամ, պարզապես իրենց ձեռք չի տալիս, անգամ կարող է ստացվել այնպես, որ իրենց ձևակերպմամբ «մինուսով» աշխատեն։

Երեկ խաղողագործներին ընդունել էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Հանդիպումը, սակայն, գյուղացիներին չի գոհացրել,  նրանք մեդալ են նվիրեցին Քերոբյանին ու դժգոհ հեռացել:
Խաղողագործները մեդալ նվիրելով ձեռք են առել նախարարին, իբրև շատ գոհ են նրա աշխատանքից, մինչդեռ իրականում հակառակ պատկերն է:

Տեղեկացանք, որ խաղողագործները չեն պատրաստվում հանձնվել, պայքարը շարունակելու են այնքան, մինչև արդյունքի հասնեն։

«Սենց գյուղատնտեսություն զարգացնել չի լինի, ես՝ որպես գյուղացի, պահանջելու եմ ձեր հրաժարականը, որովհետև դուք գյուղացու կողքին չեք»,- դիմելով Քերոբյանին ասել են գյուղացիներն ու հեռացել։

Քերոբյանն իր հերթին փորձել է բացատրել, թե կոնյակի համար խաղող մթերողները պետք է գնեն խաղողը, արտադրեն կոնյակ ու վաճառեն դրսի շուկաներում, դոլարի կուրսն է ստիպում, որ դեպի ներքև վերանայվեն խաղողի մթերման գները: Կառավարությունը, նախարարի պնդմամբ, բազմաթիվ միջոցառումներ է արել՝ սկսած նրանից, որ տարվա սկզբին սուբսիդավորել են պարարտանյութը, վարկերի տոկոսները, հիմա էլ մթերման վարկերի տոկոսները: Քերոբյանը թեպետ խոստովանել է նաև, որ կիրառված գործիքները չեն հանգեցրել նրան, որ ստացվի այնպիսի գին, որը ձեռնտու կլինի նաեւ խաղողագործներին։

«Եթե կառավարությունը մեզ էշի տեղ է դնելու, ամեն մեկս մի մեքենա խաղող կբերենք կառավարության դիմաց կլցնենք»,- ասում են խաղողագործները։

«10 օր էլ արձագանք չեղավ, խաղողի այգիս դնելու եմ, վարեմ, կգաք, կնկարեք»,- նշում են նրանք։