Հաս Չախալյան․ Չարթնացող եղբայրներին

Հաս Չախալյան․ Չարթնացող եղբայրներին

***
մարդիկ
հատկություն
ունեն
հիշողություն
դառնալու
մեն
մենակ

***
նա
սիրում էր
այս արեւը
այս երկինքը
այս ջուրը
ու նաեւ 
մոլորակը

ուր
բոլորը կանաչ են
ու կույր

նա իմ եղբայրն է

նա զոհվեց

***
իմ երկրում
եղբայրներ կան
որոնք չգտնվեցին

որոնք եկան
մի ոտք
մի ձեռք
մի աչք

որոշներն էլ
միայն թաղվեցին
մի ոտք
մի ձեռք
մի աչք

***
դու չընտրեցիր հայրենիքդ
եղբայր
դու ծնվեցիր այս հողի 
համար
պարզապես
 
այստեղ բոլորը
արթնանում են
տագնապով
այստեղ բոլորը թմրում են
տագնապից
այստեղ բոլորը նվաճող են ու հաղթող
բոլորը բոլորի դեմ
բոլորը բոլորի դեմ
 
գիտեմ
այս հողը
կարմիր օրորոց է
եւ կարմիր օրորոցն է
ինչ-որ մեկի
որը այդպես էլ
չարթնացավ
որը այդպես էլ
չքնեց

***
ես սիրում եմ քեզ
եղբայր
դու
որ մարմին էիր
ու երկինք դարձար
դու
որ երկինքս ես հիմա
ու դարձար
հող
հավիտենապես
 
արի
մի վերջին անգամ
ու թող քեզ
ու թող քեզ
ինձ մոտ
ու թող քեզ
ու թող քեզ
չմոտենա
էլ հողը
չմոտենա
երբեք

***
դուռը բացվում էր քեզ հետ
ու քեզնից հետո
աշխարհի ոչ մի լեզվով չի թարգմանվի
չլինելդ
ու ոչ ոք չի իմանա թափթփված
մենության տեղը
որքան դու
գիշեր չէր ու գնացիր
առավոտ էր ու չեկար
ուր է հեռանում մարդը
երբ ունի մեռնելու տեղ
ու չունի ոչինչ իր հետ վերցնելու
մի մետր երկինք թող
չչափես լույսի 
արագությունը
որովհետեւ
կարոտը երկինք հասնում է
լույսից արագ
որովհետեւ մարդը 
վերջանում է
հողից հետո
ես չգիտեի
էդքան շատ ես 
բացակայելու
փողոցներում
երթուղայինում
ու մեր տանը
էդքան շատ ես լսվելու
ջազի
դուդուկի
եւ լռության հետ
նորից փակեմ աչքերս
եւ արթնանամ
վերքիդ վրա
ու արթնանամ
երբ սուրճ ես եփում
կողքի սենյակում
իսկ օրը ձանձրալի 
սովորական է
եւ երջանիկ

***
Անդ
դու
որ
երկնքում չես
ու ոչ երկրի վրա
լսիր պոեզիան
այս
ցավի
դու
որ չտեսար
ինձ այդպես էլ
ես
որ չտեսա
քեզ
ոչ ողջերի
ոչ մեռածների
մեջ
հավատով
փակում եմ
աչքերս
որ
կլինես
այն
ճամպրուկի
մեջ
որով
հեռացար տնից
որով մնացիր
միշտ տանը
իմ մեջ
իմ մեջ
Չամեն

***
դու խոստացար 
վերադառնալ
բոլորից շուտ
անձրեւի
ձյան
ու աղմուկի հետ
ասացիր
ձեռքերս բաց չթողնեմ
երկնքի
հողի
ու Աստծո առաջ
որովհետեւ ամենավատ ափսոսանքը
ուղղակի չապրելն է ուրիշների համար
 
դու խոստացար 
չվերադառնալ
ոչ ոքից շուտ
ոչ նավով
ոչ ինքնաթիռով
ոչ էլ ոտքով
դու քայլեցիր ջրերի
ամպերի ու իմ 
արցունքների վրայով
քո ծնունդը տեսա ես
մամայի ծաղկած ճյուղերին
 
հիմա
երբ մահդ ապրում եմ
ամեն օր
խոստացիր
վերադառնալ
ինձնից հետո
միայն
 
***
թռչունը մեռավ
լսում ես մեռավ
ասացի հորս
Աստծո խոսափողից
բայց նա չանջատեց ինձ
բայց նա թողեց իր լացը լսեմ
ոսկորներիս
ականջներիս
ու աչքերիս մեջ
ես աճեցնում եմ
թռչուններ
հորս համար
ես կերակրում եմ
հողը
իմ մարմնով
ընդամենը

***
ժամանակը ապրում ա
եղբայր
ժամանակը ապրում ա
բոլորիս
մարդիկ հուշ են դառնում
բայց հուշերը չեն դառնում
մարդ
 
գիտես
չկա
չկա
ոչ մի տեղ
չկա
ոչ մի տեղ
չապրողների
համար
հետ
գալու
 
բայց
ժամանակը
ապրում ա
 
ապրում ա
չապրողների
համար
ընդմիշտ
 
***
արցունքներս կոտրվել են
դրել էի սեղանին
մայրս ջրում էր
հայելին չոր
ծածկոցը չոր
 
ձմեռը անցավ
դուրս եկանք տուն
եղբայրս էս տարի էլ
չի գա
թռչունների զորահավաք է

գնամ ջրեմ մորս
որ էլ հանկարծ չաճի
ոչ մի հողում

***
քեզ գտանք
ինչ-որ դատարկ թղթերի մեջ
ինչ-որ սպիտակ 
ցուցակներում

ուր մահը դարձել էր օրհներգ
իսկ ապրելը անիմաստ արդարացում
քեզ ճանապարհ դրեցինք
ու հետեւիցդ
ու հետեւիցդ
լաց եղանք
բայց հետդ
բայց հետդ
միայն
այս փոքր երկրի 
ոսկորները  
տեղավորվեցին

***
իմ
երկրում
երազանքները
փաթաթվում են
պոլիէթիլենային
տոպրակների մեջ
հայրենիքի համար
կյանքը տված
տղաների մարմիններով

որովհետեւ
նկուղներից
միակ ձայնը
որ կարող է 
լսվել
տղաների 
սառած 
արյունն է

***
շոգ ամառ ա Երեւանում
մարդիկ սպասում են անձրեւի
ու մի զինվորի հայր
լաց ա լինում 
քարին նստած

ու մի քար նստել ա
զինվորի հոր ծնկներին

էս ինչ անտանելի 
անձրեւ ա
ոչ ոք չի 
թրջվի էս անձրեւից
ոչ ոք չի թրջվի

միայն էս քարը
միայն էս քարը
որը լռեց

***
սա ամենատխուր
հրաժեշտն է
եղբայր իմ

որից բաժանվում են
ծնկած

որից չեն բաժանվում
երբեք

որին բաժանում են ամեն ինչ
բաժան-բաժան

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ