Ողջ քաղաքապետարանով Լեհաստան են գնացել, որ ավտոբուս տեսնեն

Ողջ քաղաքապետարանով Լեհաստան են գնացել, որ ավտոբուս տեսնեն

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը, բոլորով միասին գործուղման են մեկնել Լեհաստան։ Պատվիրակության կազմը նայելիս առաջին հայացքից տպավորություն կարող է ստեղծվել, որ, օրինակ, Երևանի և Վարշավայի միջև փոխգործակցության մի դարակազմիկ հուշագիր կամ պայմանագիր պիտի ստորագրվի, սակայն քաղաքապետն ու փոխքաղաքապետը միասին Լեհաստան են մեկնել ընդամենը ավտոբուս տեսնելու համար։ Այս մասին Երևանի քաղաքապետարանը դեռ մի բան էլ հայտարարություն է տարածել․

««MAN Truck & Bus SE» ընկերության հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանն այս օրերին աշխատանքային այցով Լեհաստանի Հանրապետության Ստարախովիցե քաղաքում են:
Հարկ է նշել, որ 2023թ. Երևանի ավտոբուսային հավաքակազմը կհամալրվի «MAN» մակնիշի 12 մետրանոց 87 ավտոբուսով: Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները հետևել են ավտոբուսների արտադրության ընթացքին և ծանոթացել Երևանի համար արտադրված առաջին ավտոբուսի հնարավորություններին»։ 

Փաստորեն միայն Հրաչյա Սարգսյանի ծանոթանալը բավարար չէ, Երևանի գործող քաղաքապետը գուցե լավ չհասկանա իր տեսածը, Տիգրան Ավինյանն էլ պետք է գնա Լեհաստան ու ինքն էլ ծանոթանա, մինչդեռ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանին գործուղելն էլ միանգամայն բավարար կլիներ ավտոբուսի տեխնիկական հնարավորություններին ծանոթանալու համար։ Իհարկե, հասկանալի է, որ Երևանի ավագանու սպասվելիք ընտրություններին ընդառաջ հիպերակտիվություն ցուցաբերող Տիգրան Ավինյանը չէր կարող այս շանսը բաց թողել, և ևս մեկ անգամ չփիառվել։

Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ լեհական կողմն է հրավիրել, և, ըստ քաղաքապետարանի, գործուղման գումարը լեհական կողմն է փոխանցել։ Քաղաքապետարանի լրատվական վարչության պետն ասաց, որ 3 հոգու հրավիրել են։ Փաստորեն քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, ով պատասխանատու է մայրաքաղաքի հանրային տրանսպորտի համար, մնացել է Հայաստանում, իսկ Ավինյանը, չգիտես թե ինչու, որոշել է գնալ Լեհաստան։