Ես գիտեմ, որ Արայիկ Հարությունյանից եղել է զգուշացում, որ բունկեր մտնելու իրավունք չունի Սեյրան Օհանյանը

Ես գիտեմ, որ Արայիկ Հարությունյանից եղել է զգուշացում, որ բունկեր մտնելու իրավունք չունի Սեյրան Օհանյանը

Կա ստույգ ինֆորմացիա, որ բոլոր գեներալները, այդ թվում Սեյրան Օհանյանը, չունեին իրավունք ղեկավարելու պատերազմական գործողությունները: Այս մասին, այսօր դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:

«Նաեւ կողքից, երբ զանգում էինք Ստեփանակերտ, ես գիտեմ, որ Սեյրան Օհանյանը այնուամենայնիվ, վիրավորված լինելով, զսպել է իր մեջ այդ ցասումը եւ փորձել է Արայիկ Հարությունյանին օգնել օրենսդրական դաշտում, ինչ-որ կազմակերպչական հարցերում»,-նշեց նա։

Հարցին, թե ումի՞ց է հրահանգ ստացել Սեյրան Օհանյանը չմասնակցել ռազմական գործողությունների ղեկավարմանը, Ռուզան Խաչատրյանը պատասխանեց. «Չէի ուզենա Սեյրան Օհանյանի անունից հայտարարություններ անել, որովհետեւ դա ճիշտ չէ, բայց ես գիտեմ, որ կոնկրետ Արայիկ Հարությունյանից եղել է զգուշացում, որ բունկեր մտնելու իրավունք չունի: Ինքը վիրավորվել է, հետո իր մեջ մարդկային ուժ է գտել, զանգահարել է եւ ասել՝ այնուամենայնիվ, ես մնում եմ:

Սեյրան Օհանյանից բազմից լսել եմ, որ ասում էր՝ նորմալ է, որ զինվորն ուզում է գեներալ դառնալ, իսկ յուրաքանչյուր իսկական գեներալ իրավունք չունի զինվոր լինելուց: Ինքը մնացել է որպես զինվոր, մինչեւ վերջին վայրկյանը փորձել է պաշտպանել իր ուժերի սահմաններում: Ոչ ոք իրեն չի հրավիրել գնալ պատերազմ: Ինքը որպես հասարակ ֆիդայի մեկնել է: Իր վարորդ՝ հատուկ ծառայությունների մայոր Վահե Սիրունյանը զոհվել է, իր թիկնազորի պետը վիրավորվել է, իր տղան վիրավորվել է»։

Ռուզանննա Խաչատրյանը նաեւ անդրադարձավ Շուշիի անկմանը՝ նշելով, որ այս պատերազմի բոլոր հանգամանքները հետաքննվելու են. «Մեր բոլոր պարտությունները, անկումները հետաքննության նյութ են: Բազմիցս Սեյրան Օհանյանի հետ երբ թույլատրելիության սահմաններում զրույցներ են եղել, գիտեմ, որ անհասկանալի բաներ կան այդտեղ, որոնք պարզվելու են՝ ինչպես է եղել, հրահանգները ում կողմից են եղել:

Ինչ-որ բան եղավ, որն անհասկանալի էր, այդ թվում Սեյրան Օհանյանի համար: Կոնկրետ եղավ Շուշիի հատվածում: Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 25 հազար զինվորի կյանք է փրկել, այսինքն՝ մենք 25 հազար զինվոր ունեինք, ինչու չէինք ինքնակազմակերպվում Ստեփանակերտում եւ պաշտպանվում: Ես իմ կարծիքն եմ ասում»։