Աննա Հակոբյանն առաջին տիկին չէ

Աննա Հակոբյանն առաջին տիկին չէ

Փաշինյանական ընտանիքի՝ ամեն ինչի տիրանալու մոլուցքն անմարելի է։ Իրենցով անելով յուրացման ենթակա հնարավոր ամեն բան՝ սույն ընտանիքի մասնավորապես մայր անդամը՝ Աննա Հակոբյանը, որ ի սկզբանե ձգտում էր նաեւ առաջին տիկնության, արդեն «պաշտոնապես» խոստովանել է, թե ինքը․․․ ՀՀ առաջին տիկինն է։ 

Փաշինյանների ընտանեկան թերթում նորերս հայտնվել է մի նյութ, որը վերաբերում է Ի․ Ալիեւի տիկնոջ կողմից Ա․ Հակոբյանին Դուբայ քաղաքում իբր փոխանցվող սեփականության իրավունքի մասին ինչ-որ «փաստաթղթի»։ Անշուշտ, դա կեղծիք է՝ հենց միայն իր ակնհայտ պարզունակությամբ, սակայն «ՀԺ»-ի նյութում դա չէ կարեւոր, այլ որ Ա․ Հակոբյանն իր իսկ ձեռքով (որպես թերթի գլխավոր խմբագիր) իրեն հռչակում է․․․ «ՀՀ  առաջին տիկին»։ «Համացանցում եւ լրատվական կայքերում տարածվում է մի «սենսացիոն փաստաթուղթ»,- գրում է թերթը,- որով, իբր, ապացուցվում է, որ առաջին տիկին Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիեւների ընտանիքին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը»։

Ա՛յ քեզ բան։ Եվ բանը բոլորովին այն չէ, որ սույն տիկինն ի սկզբանե այսպիսի հավակնություններ ուներ, կամ որ իրեն հենց այդպես՝ առաջին տիկնոջ պես էլ պահում էր։ Դա անմեղ մի բան կարող էր համարվել, եթե չգային աղետալի ժամանակներ, երբ սույն տիկինն իրեն սկսեց պահել նաեւ գերագույն գլխավոր հրամանատարի պես, գլխավոր հարկահավաքի պես, երկրի ղեկավարի պես։ Բնույթի եւ բնավորության հարց է, անշուշտ։

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ իրեն առաջին տիկին հռչակելով՝ «ՀԺ» գլխավոր խմբագիր Ա․ Հակովբյանն ավելի ու ավելի որոշակիորեն է տարընթերցում, ավելի ճիշտ՝ այլընթերցում երկրի գլխավոր օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը։ Վերջինիս 5-րդ գլխի («Հանրապետության նախագահը») հոդված 123-ում ահավասիկ ամրագրված է․ «Հանրապետության նախագահը պետության գլուխն է»։ Այս հոդվածը բավական էր, որ մեկընդմիշտ փակվեր Ա․ Հակոբյանի առաջին տիկնության ախորժակը, սակայն էլ ի՛նչ փաշինյանական ընտանիք, եթե չպիտի փորձ աներ յուրացնելու այս մի «պաշտոնն» էլ։ 

Ա․ Հակոբյանին առաջին տիկնության գայթակղությունից հետ չի պահել նույնիսկ այն հանգամանքը, որ ամբողջ կյանքով ու գործունեությամբ ինքը չափազանց շատ է ստվերված իրավա՛մբ ՀՀ առաջին տիկնոջ՝ Նունե Սարգսյանի կողմից  (ՀՀ նախագահի պաշտոնական ֆեյսբուքյան էջը՝ Նունե Սարգսյանի մասին․ «Ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական լեզուների բաժինը: Աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում: Ավարտել է Լոնդոնի համալսարանի Գոլդսմիթս քոլեջը եւ ստացել արվեստի մագիստրոսի կոչում: Արվեստաբանություն է ուսանել նաեւ Լոնդոնի Սոթբիզ ինստիտուտում: Այնուհետեւ սովորել է Ուեսթմինսթեր քոլեջի նկարչական բաժնում: Հեղինակ է ժամանակակից արվեստի, մշակույթի եւ երաժշտության գործիչների մասին բազմաթիվ հոդվածների եւ ակնարկների, որոնք տպագրվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական տարբեր երկրներում: Կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ, ինչպես նաեւ՝ դասական երաժշտության համերգներ տարբեր համերգասրահներում:

Հեղինակ է երկու տասնյակից ավելի մանկական գրքերի՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: Նրա հեքիաթները լույս են տեսել ոչ միայն արեւելահայերենով ու արեւմտահայերենով, այլ նաեւ՝ Արցախի, Գավառի, Գյումրու բարբառներով: Նունե Սարգսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան»): Այս կենսագրությունն ունեցող առաջին տիկինը, իհարկե, իրեն պիտի պահեր արժնապատվորեն՝ «կռիվ» չտար առաջին տիկնության պատվի համար` մանավանդ ագրեսիվ հավակնորդի հետ, «մեջ» չընկներ, չգովազդվեր, լիներ համեստ, մնար աննկատ։

Իսկ Ա․ Հակոբյանը, բացի սահմանադրական հստակ ամրագրումից, առաջին տիկին չէ մասնավորապես իր այն դերակատարությամբ նաեւ, որ ունեցել է 2020 թվականի արցախյան աղետալի պատերազմում։ Այդ տարօրինակ դերակատարության մասին մարդիկ առայսօր ամենազարմանալի բաներն են պատմում։Ուրեմն՝ Աննա Հակոբյանն առաջին տիկին չէ ո՛չ իրավական, ո՛չ բարոյական առումով։ 

ՀԳ․ Անշուշտ, հոգեբանական առումով լրիվ հասկանալի է, թե Ա․ Հակոբյանին ինչու է հիմա՛ պետք եկել առաջին տիկնության սույն «հավաստումը»։ Պետք է եկել, քանզի նրա վարչապետ ամուսինն էլ վարչապետ  լինելու եւ այդպիսին ընկալվելու օր-օրի խորացող հոգեբանական ճգնաժամի մեջ է։ Եվ այդ քստմնելի անձնախնդրության պատճառով երկիր ու պետություն  ենք կորցնում։