Ավելի լավ կլիներ, որ ԺՀՄԻԳ-ը հետեւեր ժողովրդավարության խախտումներին

Ավելի լավ կլիներ, որ ԺՀՄԻԳ-ը հետեւեր ժողովրդավարության խախտումներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տեղեկացմամբ՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) իր նախաձեռնությամբ կապվել է Հայաստանի ՄԻՊ-ի հետ՝ քննարկելու  ՍԴ դատավորների նշանակման գործընթացը, եւ որոշել է մանրամասն հետեւել գործընթացին:
«Մարդու իրավունքների պաշտպանը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը մի շարք քննարկումներ են ունեցել Հայաստանի սահմանադրական դատարանի դատավորների նշանակման գործընթացի անկախ գնահատման կարեւորության մասին եւ այն մասին, թե ինչպես կարող են երկու հաստատությունները համատեղ աշխատել գործընթացին հետեւելու հարցում:

Քննարկումների ընթացքում նշվել է, որ ԺՀՄԻԳ-ը կտրամադրի փորձագիտական աջակցություն գնահատման հարցում եւ կպատրաստի իրավական վերլուծություն դատավորների նշանակումը կարգավորող օրենսդրության, վերաբերելի միջազգային չափանիշների, պարտավորությունների ու առաջատար փորձի վերաբերյալ: Գնահատման նպատակն է՝ իրականացնել գործընթացի անկախ եւ անաչառ ուսումնասիրություն՝ դատական իշխանության անկախության նկատմամբ հանրային վստահության ձեւավորման տեսանկյունից։ Ուշադրություն կդարձվի դատավորների նշանակման հարցերը կարգավորող իրավական ակտերին ու ընթացակարգերին, այդ ընթացակարգերի գործադրմանն ու գործընթացի թափանցիկությանը: Երկու հաստատությունները համատեղ նշել են, որ դատավորների նշանակման ցանկացած գործընթացի կարեւոր բաղադրիչ է թափանցիկությունը, ուստի խորհրդարանում պետք է ապահովվի, որպեսզի գործընթացի բոլոր փուլերը լինեն հնարավորինս թափանցիկ:

Դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը կարող է ամրապնդվել թափանցիկ գործընթացների միջոցով»,- ասված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ։
«Հրապարակի» հարցին, թե նորմա՞լ պրակտիկա է, երբ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հետեւում է որեւէ երկրում տեղի ունեցող դատական գործընթացներին, ՍԴ դատավորների նշանակման գործընթացին եւ այլն։ Ինչո՞վ է պայմանավորված նման ուշադրությունը, արդյո՞ք ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը խախտումներ է նկատել կամ խախտումների մտավախություն ունի, եւ նախկինում նման դեպքեր եղե՞լ են, երբ ԺՀՄԻԳ-ը հետեւել է գործընթացներին։ Թաթոյանը պատասխանեց․ «ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն ունի փորձ, երբ մի շարք երկրներում հետեւել է բարձրագույն դատական մարմնի դատավորների ընտրության կամ նշանակման գործընթացին։ Այս պահին խոսքը գնում է ոչ թե խախտումների կամ մտավախությունների, այլ դիտարկում նախաձեռնելու մասին»։ Նույն հարցը տվեցինք նաեւ Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանին։ «Նորմալ է, որ եվրոպական կառույցները ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հանձնառություն են ստանձնել, ընդունված գործիքակազմ կիրառելով այդ ոլորտներում՝ իրավիճակը գնահատելու համար։ Շատ ավելի նորմալ կլիներ, որ ԺՀՄԻԳ-ը եւ նմանատիպ կառույցները հետեւողական լինեին ժողովրդավարության եւ մարդու իրավունքների այն խախտումներին, որոնք ՀՀ-ում այս ընթացքում տեղի են ունեցել, եւ այդ տեսանկյունից եթե հետեւեր ու համարժեք արձագանքեր հունիսին տեղի ունեցած այդ խայտառակ փոփոխություններին եւ դրանց կիրառմանը, ապա ավելի հասկանալի կլիներ։ Ամեն դեպքում՝ եթե ուզում են հետեւել, թող հետեւեն»։

Բայց ինչ-որ մտավախությունների դեպքո՞ւմ են հետեւում։ «Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը վերաբերում է ոչ թե կոնկրետ նշանակումներին, այլ ողջ գործընթացին, եւ գաղտնիք չէ, որ, չնայած քաղաքական առումով իշխող ուժին տված «կրեդիտներին», եվրոպական շատ կառույցներ ուղղակի չկարողացան ձեռնպահ մնալ քննադատող ձեւակերպումներից։ Այլ հարց է, որ այդ քննադատությունները շատ մեղմ էին, անատամ էին եւ, ըստ էության, առաջ չանցան ինչ-որ ցավ հայտնելու՝ ոչինչ չասող ձեւակերպումներից։ Ես այս  համատեքստում կդիտեի եւ կարծում եմ նաեւ, որ կարեւոր է եղել այս որոշումը կայացնելիս այն ամբողջ գործընթացը, որ տեղի ունեցավ 2018 թվականից՝ Վահե Գրիգորյանի նշանակման կապակցությամբ։ Այդ ժամանակ մենք զեկույց էինք հրապարակել, եվրոպական կազմակերպություններին, այդ թվում նաեւ ԺՀՄԻԳ-ին էինք կոմունիկացրել․ կարծում եմ՝ այդ գործընթացը եւս իր դերն ունեցել է»,- ասաց Մելիքյանը։