Մաստեր-կլաս

Մաստեր-կլաս

Երեկ խորհրդարանում դեմագոգության մաստեր-կլաս էր։ Անկեղծ հիացմունք էր առաջացնում այն, թե ինչ վարպետությամբ էր Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում դահլիճն ու հանդիսատեսին, ինչպես էր շրջանցում հարցերը, ինչ վարպետությամբ էր հարցին հարցով պատասխանում եւ մեղքի սլաքները կրկին ուղղում դեպի ընդդիմությունն ու նախկինները։ Մենք երբեւէ այսքան ճկուն ղեկավար չենք ունեցել երկրի ղեկին, եւ իշխանությունը պահելու գաղտնիքը հենց դրանում է։ Ի՞նչ պետք է հասկանա երեկվա նիստից, օրինակ, հեռավոր Կողբի բնակիչը։ Պետք է լսի ու մտածի՝ ի՜նչ ճարտար վարչապետ ունեմ՝ բոլոր հարցերի տակից դուրս եկավ, անգամ ձայնի տոնը չփոխեց։

Կողբեցին, որ չի տիրապետում արցախյան բանակցային պրոցեսի մանրամասներին, «պատերազմ, թե խաղաղություն» երկընտրանքի մեջ անպայման ընտրում է խաղաղությունը, գլուխ չի հանում կառավարման նրբություններից եւ ամենակարեւորը՝ կեղծիքն ու սուտը դժվարությամբ է տարանջատում ճշմարտությունից, կարող է անգամ հպարտանալ իր ընտրած վարչապետով ու մտածել՝ «էս ընդդիմությունն ի՞նչ է ուզում խեղճից»։ Իսկ ձայնի մեղմ տեմբրը հենց այդ խեղճության միֆն ապահովելու համար է։

Մեր ժողովուրդը սիրում է խեղճերին․ խեղճի ջեբը պատերազմ գցեցին, խեղճին ընդդիմությունը նեղում է, խեղճն էլ ի՞նչ անի, որ գոհանաք, խեղճն անգամ ձայնը չի բարձրացնում, երբ իրեն վիրավորում են։ Խեղճի կերպարի մեջ մտած Փաշինյանն իրականում գառան մորթի հագած գայլ է, որն իր «ոհմակին» շատ լավ կառավարում է՝ կես խոսքով հասկացրեց, որ լավ չեն արձագանքում ընդդիմությանը, պորտները տեղը չեն դնում, տեսա՞ք, թե ինչպես բոլորը դերի մեջ մտան, ու խորհրդարանը դարձավ ռազմի դաշտ։ Մինչդեռ՝ համազգեստով մարդուն Փաշինյանն է ներմուծել ԱԺ, նաեւ օրինականացրել կին պատգամավորների նկատմամբ բռնությունը։