Երբ ադեկվատ չէ պետության ղեկավարը

Երբ ադեկվատ չէ պետության ղեկավարը

Հայաստանից բեռներ փոխադրող հազարավոր բեռնատարներ կանգնած են Թբիլիսիի մատույցներում՝ սպասելով Վերին Լարս շարժվելու իրավունքին: Այդ իրավունքն ուշանում է, քանի որ մի այդքան մեքենա էլ սպասում է Վերին Լարսի անցակետի մատույցներում: Արդեն ավանդույթ է դարձել շաբաթներով հերթի սպասելը: Իսկ հայկական մեքենաների հերթը խիստ դանդաղ է առաջ շարժվում, քանի որ բարդացվել է զննությունը: Մեր գործարարները հսկայական վնասներ են կրում՝ թե՛ ապրանքը տեղ հասցնելու ժամկետների եւ թե՛ մի քանի ամիս կանգառի պատճառով. չվերամշակված գյուղատնտեսական մթերքը փչանալու հատկանիշ ունի՝ ի գիտություն Նիկոլի կառավարության էկոնոմիկայի նախարարության: Վնաս կրող գործարարները չեն կարող վճարել նաեւ գյուղացիներին, որոնցից մթերքը գնվել է վաճառքից հետո վճարելու պայմանով: Ի դեպ, հրապարակումներից պարզվում է, որ նման խիստ վերահսկողություն իրականացվում է միայն հայկական բեռնատարների նկատմամբ: Վրացական եւ թուրքական մեքենաները, հայ վարորդների վկայությամբ, շրջանցում են հերթը եւ մուտք գործում Ռուսաստան: Չէ, կարգ չեն խախտում. անցակետում նրանք ավելի թեթեւ ստուգում են անցնում:

Այս վիճակը սկսվեց հոկտեմբերի 8-ին՝ Ղրիմի կամրջի պայթեցումից հետո: Եվրոպայի ամենաերկար կամուրջը ՌԴ նախագահի հպարտության առարկան էր: 2018 թվականին շահագործման հանձնելու ժամանակ հենց ինքն է նստել կամրջով անցնող առաջին բեռնատարի ղեկին: Կամուրջը, հիշեցնեմ, պայթեցվել էր ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից իրականացված գործողության արդյունքում: Ի դեպ, Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին մինչ այդ շարունակ սպառնում էր պայթեցնել կամուրջը: Պայթեցնելուց հետո հպարտորեն հայտարարում էր, որ դա իրենց ձեռքի գործն է: Բայց շատ արագ ամերիկացիները նրան ստիպեցին ետ կանգնել իր խոսքերից: Զելենսկին, իհարկե, կատարեց վերջիններիս հրահանգը, սակայն արդեն ուշ էր:

Կամրջի պայթեցումից երկու օր անց սկսվեց ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների հրթիռակոծումը ռուսների կողմից, որ շարունակվում է մինչեւ այժմ: Դրա հետեւանքով խափանումներ են սկսվել պետության համարյա ողջ էներգետիկ համակարգում: Բարդություններ են առաջացել նաեւ ջեռուցման եւ խմելու ջրի մատակարարման առումով: Իսկ ձմռանն այդ երկրում բավականին ցուրտ է: Ե՛վ շարքային, ե՛ւ ոչ այնքան շարքային ուկրաինացիներն այսօր պատժվում են պետության ղեկավարի ոչ ադեկվատ վարքագծի պատճառով: Դա տեղի ունեցավ, քանի որ Զելենսկին որոշել էր անձնապես պատժել Պուտինին՝ պայթեցնելով նրա հպարտության առարկան:
Կամրջի պայթեցման գործողության մեջ, ենթադրաբար, ներառվել էր Հայաստանը: Կամուրջը պայթեցնող ֆուռն Ուկրաինայից Ռումինիա, այնուհետեւ Բուլղարիայի վրայով Թուրքիա, Վրաստան ու վերջապես Հայաստան էր մուտք գործել եւ մաքսազերծվել էր այստեղ: Մաքսազերծվելուց հետո Վրաստանի ու Վերին Լարսի վրայով անցել էր Ռուսաստանի Կրասնոդարի մարզ ու ուղեւորվել դեպի կամուրջ: Կարծում եմ՝ չնայած չունեմ ապացույց, որ Ուկրաինայից մինչեւ Հայաստան հասնելը մաքսային բոլոր անցակետերում այդ բեռնատարի առջեւ արեւմտյան երկրների հատուկ ծառայությունների հրահանգով կանաչ լույս է վառված եղել:

Քանի որ բեռնատարի ապրանքը մաքսազերծվել էր մեր երկրում, Հայաստանի վրա էլ ընկավ ահաբեկչության իրականացմանն աջակցելու մեղադրանքը: Չնայած այն պաշտոնական մակարդակով չբարձրաձայնվեց: ՀՀ մաքսային մարմինները ներկայացրին մի շարք տեսանյութեր՝ ապացուցելու, որ մեքենայում ոչ մի արգելված ապրանք ու հատկապես՝ պայթուցիկ, չի եղել: Բայց դա, ինչպես երեւում է, չի համոզել ռուսական կողմին: Եվ եթե նույնիսկ դա համապատասխանում է իրականությանը, ապա բավական բարդ է ենթադրելը, թե մեքենան պայթուցիկով բեռնավորվել է հենց Կրասնոդարի երկրամասում: Ինչեւէ, կարծում եմ, որ ռուսական ԱԴԾ-ն, այնուամենայնիվ, կասկածում է Նիկոլի իշխանությանը: Իսկ արդյունքում պատժվում եւ տուժում են մեր գործարարներն ու ֆերմերները: Որովհետեւ եթե չլիներ այդ կասկածը, ապա այդքան խստությամբ չէին ստուգվի հենց հայաստանյան բեռնատարները, ինչը մինչ այդ առկա չի եղել Վերին Լարսում:

Վերադառնալով պետության ղեկավարի ոչ ադեկվատ վարքին՝ ասեմ, որ այդ խնդիրը մենք ունենք արդեն չորսուկես տարի: Այնպես որ, փողոցի ուժով հանուն «ժողովրդավարության» պայքարն ու իշխանափոխությունը հանգեցնում են ոչ թե երջանկության, ինչպես երազում էին փողոցներ եւ հրապարակներ փակողները եւ խոստանում էին փողոցային առաջնորդները, այլ աղետների ու ողբերգությունների: