Ճարտարապետների պալատի հոգսերն անսպառ են եւ խորքային

Ճարտարապետների պալատի հոգսերն անսպառ են եւ խորքային

Նոյեմբերի 19-ին Երեւանի ճարտարապետի տանը սկսվեց Հայաստանի ճարտարապետների միության իրավահաջորդ՝ Հայաստանի ճարտարապետների պալատի (ՀՃՊ) հերթական ընդհանուր ժողովը՝ 20-րդ հաշվետու-վերընտրական համագումարը: Պալատի 340 անդամից ներկա էր 214 պատվիրակ: ՀՃՊ-ի գործող նախագահ Մկրտիչ Մինասյանի հռետորական կոչը՝ ուղղված պատվիրակներին, ամենացավոտն էր՝ գործել համերաշխության մթնոլորտում: Սպասվում էր, որ համագումարը բեկումնային է լինելու, սերնդափոխությամբ՝ պալատի դերակատարման, ներկայացվածության  աճ էր ակնկալվում:

Ժողովականները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայ-ադրբեջանական պատերազմներում զոհվածների հիշատակը:

Համագումարին ներկա ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ա. Ղուլարյանն իր խոսքում կարեւորեց մասնագիտական հանրության եւ պետական համակարգի միջեւ աշխատանքային հարաբերությունների արդյունավետության բարձրացումը: Հիրավի, մեծաթիվ են ճարտարապետաքաղաքաշինական կուտակված խնդիրները, որոնց լուծման համար իր ուրույն դերակատարումը պետք է ունենա նաեւ ՀՃՊ-ն՝ որպես մասնագիտական հասարակական միավորում: 

Սա դեռ ամբողջը չէ. կարեւոր է Հայաստանի ճարտարապետաշինարարական ազգային համալսարանի (ՀՃՇԱՀ)՝ որպես գիտակրթական, իրավական, նորմատիվային դաշտի կատարելագործման դարբնոցի, եւ ՃՊ-ի միջեւ համագործակցության խորացումը: Հրատապ է բնակավայրերի, հատկապես Երեւանի ճարտարապետաքաղաքաշինական նկարագրի արմատական կարգավորումը, ասել է թե՝ գլխավոր նոր հատակագծի մշակումը եւ հետեւողականորեն նրանով առաջնորդվելու իրավական, բայց մոռացված սկզբունքների կիրառումը: 

Շինարարների միության նախագահ Գ. Գալստյանը հստակեցրեց, որ լուրջ թափ պետք է հաղորդել ՃՊ-ի, Շինարարների միության, Կառուցապատողների միության, ՀՃՇԱՀ-ի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջեւ ստեղծագործական  համագործակցությունը, քանզի առողջ համագործակցության գրեթե բացակայության պայմաններում  տեղ են գտել անորակ նախագծեր, անազնիվ մրցույթներ, որոնք առաջ են բերել վեճեր, տուգանքներ, դատական գործեր, շինարարության ժամկետների խախտումներ, շինկազմակերպությունների սնանկացումներ:

Հստակեցնենք փաստով. շինարարության ոլորտում ապօրինությունների համար, սովորաբար, մեղադրում են նախագծողներին եւ վերահսկողին՝ ՃՊ-ին: Իսկ  ՃՊ-ն երկու տասնամյակից ավելի «գործազուրկ» է: Այսպես. մրցույթին պատրաստվելիս շինարարական օբյեկտի նախահաշվային գինը հաշվարկվում է՝ հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաջորդ տարվա համար հաստատված գնաճը, ասենք՝ 3.0 տոկոս: Իսկ շինարարական նյութերի գնաճը մրցույթի պահին եւ շինարարության ընթացքում ցատկում է վեր, հասնում 30 տոկոսի:

Առաջացած անկապակցվածության վերացումը պետական կառույցների կողմից  ձգձգվում է նույնիսկ տարիներ՝ իր բոլոր հետեւանքներով: Ուստի շինարարության ոլորտում  (բնականաբար՝ շուկայական հարաբերությունների պայմաններում) տասնամյակներ տեւող կոմային վիճակից դուրս գալու օրենսդիր դաշտի ճկունությունը, թափանցիկությունն ապահովելու համար պետական կառույցները  եւս պետք է  սթափվեն եւ  արդյունավետ լուծումներ առաջադրեն:

Նորություն չէ, որ մեզանում դեռեւս  բացակայում է օրենքի գերակայությունը, եւ առկա է զանգվածային  օրինազանցության  պահանջ: Այսպիսի նպաստավոր պայմաններում  չէր կարող  չստեղծվել չինովնիկ ճարտարապետների արտոնյալ  խավ (կաստա): Աներկբա է, որ այդ խավն է բոլոր ձախողումների հիմքերի հիմքը: Այս կարգի  զրույցներ էին  ընթանում  համագումարի ընդմիջումների ժամանակ իրար գլխի  հավաքված խմբերում, եւ փորձում էին շոշափել ՃՊ-ի  ապագա կարողությունները՝ ստեղծված իրավիճակից  դուրս գալու հույսով:  

ՀԳ 1. Համագումարին ինքնատիպություն հաղորդեց Նարեկ Սարգսյանի մասնակցությունը: 2007-ին նա ցուցադրաբար լքեց Ճարտարապետների միությունը, այժմ՝ 15 տարի անց, աննախադեպ աշխուժությամբ մասնակցում էր քննարկումներին եւ քվեարկում որպես ՃՊ անդամ: 

ՀԳ 2. Մեկ շաբաթ անց (26.11.2022թ.), հանձին Ալեքսանդր Բադալյանի, Հայաստանի ճարտարապետների պալատը չորս տարի ժամկետով ունեցավ իր նոր նախագահը:

Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ
Ճարտարագետ - նախագծողներ