Այս ակումբը չի պատկանում ինձ կամ ինչ-որ քաղաքական ուժի. Վազգեն Մանուկյան

Այս ակումբը չի պատկանում ինձ կամ ինչ-որ քաղաքական ուժի. Վազգեն Մանուկյան

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը սկսել է իր գործունեությունը: Hraparak.am-ը տեղեկացրել է, որ այսօր Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ակումբի համագումարը: «Վերնատան» ղեկավարը Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է, որը իր ելույթի սկզբում նշեց՝ Հայաստանում վաղուց ի վեր անհրաժեշտություն էր զգացվում մի հարթակի ստեղծման, որտեղ տարբեր քաղաքական կազմակերպություններ, կուսակցություններ, անհատներ, մասնագետներ, հեղինակություն ունեցող մտավորականներ կարողանան իրար հետ հանդիպել և հանգիստ մթնոլորտում քննարկել այնպիսի հարցեր, որոնք կանգնած են Հայաստանի առջև:

«Ակումբի մասնակիցներից ամեն մեկն,  իհարկե, մնում է իր գաղափարներին, իր սկզբունքներին, իր կուսակցական պատկանելիությանը, բայց այդպիսի շփումները շատ կարևոր են և նոր մտքեր գեներացնելու համար, և նաև որոշակի համերաշխություն ապահովելու համար երկրի ներսում»,-ասաց Վազգեն Մանուկյանը՝ ընդգծելով, որ ակումբի քննարկումներին պետք է մասնակցեն և՛ ընդիմադիր կուսակցություններից ներկայացուցիչներ, և՛ իշխանական կուսակցություններից:

Մանուկյանի խոսքով՝ ակումբը դեռ ձևավորման շրջանում է, և իրենք անցկացրել ենք մի քանի քննարկումներ՝ կապված Արցախի հարցի, կապված անվտանգության հարցերի, տնտեսության հարցերի հետ, ներքին իրավիճակի հետ և այլն: «Այդ քննարկումների ժամանակ առաջացել են մշտական մասնակիցներ, և հիմա էլ ակումբը գտնվում է ձևավորման փուլում, դեռ հստակ ակումբի անդամներ չկան: Ես դիտավորյալ չեմ արագացնում անդամակցության հարցը, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը հասկանան, որ սա չի պատկանում ինձ, կամ ինչ-որ քաղաքական ուժի, այլ այս հարթակը պատկանում է բոլորին, և այսօրվա մեր քննարկումներից հետո, կարծում եմ, բազմաթիվ մարդիկ կդառնան մեր մշտական մասնակիցները հետագա քննարկումների ժամանակ»,-ասաց Վազգեն Մանուկյանը: