ՀՅԴ-ում անհատական որոշումներ չկան

ՀՅԴ-ում անհատական որոշումներ չկան

Դիմադրության շարժման առաջնորդ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը այսօր հաստատեց մեր լուրը, որ քննարկումներ եղել են իր՝ մանդատը դնելու հարցով։ Ավելացրեց, որ Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմինը որոշում է ընդունել, որ ԱԺ «Հայաստան» դաշինքի բոլոր դաշնակցական պատգամավորները, այդ թվում եւ Իշխան Սաղաթելյանը, մանդատները վայր չեն դնելու։

«ՀՅԴ-ի ներսում անհատական մոտեցումներ չկան, եղել է որոշում, որ բոլոր պատգամավորները մասնակցելու են խորհրդարանական աշխատանքներին ու վայր չեն դնելու մանդատները, հետեւաբար, ես իմ մանդատը վայր չեմ դնելու, եթե մենք դնեինք, դնելու էինք բոլորս, եթե որոշում ենք, որ մասնակցում ենք՝ մասնակցելու ենք բոլորս»,- ասաց նա։

Արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի միասնաբար մանդատներից հրաժարվելու դիրքորոշումը, որը կառաջացներ ներքաղաքական ճգնաժամ, հակառակ պարագայում «սեփական օրակարգով խորհրդարան» վերադարձած ընդդիմադիրների «սեփական օրակարգը» վերածվել է ՔՊ-ի բերած նախագծերին քվեարկելու գործընթացի։

Սաղաթելյանը մանդատները վայր դնելու հարցին կարճ պատասխանեց․ «Այս պահին մեր որոշումն ենք ճիշտ համարում»։ Ապա չհամաձայնեց, որ իրենց չի հաջողվում սեփական օրակարգ թելադրել խորհրդարանում։ Նրա խոսքով՝ եթե իրենք չվերադառնային, հանրությունը տեղյակ չէր լինի ՔՊ-ի՝ Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի մասին։ Ավելորդ չէ հիշեցնել, որ իշխանությունները երազում էին, որ ընդդիմությունը վերադառնա խորհրդարան, եւ քաղաքական ճգնաժամի հարց չառաջանա։