Բանկերը նոր ժամանակներում «ձգվում» են

Բանկերը նոր ժամանակներում «ձգվում» են

Հայաստանյան բանկերում ներքին խմորումներ են: Կադրային փոփոխություններ են տեղի ունեցել մի քանի բանկերի ղեկավար կազմում: Այսպես․ օրեր առաջ, Արարատբանկի խորհրդի որոշմամբ, պաշտոնին հրաժեշտ տվեց այս բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, եւ նրա տեղում նոյեմբերի 1-ին ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց: Պաշտոնապես հայտարարվեց, որ Օսիպյանն անցել է աշխատանքի ինչ-որ միջազգային կառույցում, որի անունը չի տրվում, իսկ ոչ պաշտոնական տեղեկություններով՝ նրա ինչ-ինչ գործողություններից դժգոհ է եղել բանկի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:

Փոփոխություն է եղել նաեւ ամենա«ոչհայկական» բանկում՝ «ԷյչԷսԲիՍի բանկ Հայաստան»-ում: 
Օգստոսին «ԷյչԷսԲիՍի բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր ֆինանսական տնօրեն է նշանակվել Ռուբեն Մելքոնյանը, իսկ հոկտեմբերին գրանցվել է որպես բանկի գլխավոր հաշվապահ։ Նախկինում նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնությունում գործող «Էուլեր Հերմես Ռու», «Քեյ 5 ինվեսթմենթ գրուփ» ընկերություններում։

«ԷյչԷսԲիՍի բանկ Հայաստան» ՓԲԸ մամուլի պատասխանատու Դիանա Գազիյանը, մեր հարցերին պատասխանելով, հավատացրեց, որ փոփոխությունը պայմանավորված չէ բանկի քաղաքականության փոփոխությամբ: «Ռուբեն Մելքոնյանը կառավարիչ չէ, այլ՝ ֆինանսական մենեջեր, պարզապես անձը, որն իրենից առաջ էր աշխատում, տեղափոխվել է աշխատանքի այլ երկիր: «Կուրսի» փոփոխություն չի եղել»,- ասաց խոսնակը: 

«Կադրային փոփոխություններն առանձին բանկերի ներքին հարցերն են: Բոլորն էլ ինչ-որ փոփոխություններ են անում՝ ըստ իրենց հայեցողության։ Բանկի սեփականատերերի ու խորհուրդների որոշելիք հարցերն են դրանք»,- հայտնեցին Կենտրոնական բանկից՝ վստահեցնելով, որ կադրային փոփոխությունները կոմերցիոն բանկերի ղեկավար անձնակազմում չեն նշանակում, թե ինչ-որ ներքին գործընթաց կա: Այնուամենայնիվ, տպավորություն ունենք, որ բանկերը եւս «ձգվում» են, հավանաբար, ուզում են համապատասխանեն նոր տնտեսական իրողություններին եւ դիմակայել Հայաստանի բանկային ոլորտում առկա դաժան մրցակցությանը: