350 կիլոմետր ճանապարհ է սարքվել, դա էլ է ինչ-որ տեղ քաղաքացիների աշխատավարձի բարձրացում

350 կիլոմետր ճանապարհ է սարքվել, դա էլ է ինչ-որ տեղ քաղաքացիների աշխատավարձի բարձրացում

Հարցազրույց «Իմ քայլի» պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի  հետ

- Պարոն Սարուխանյան, փաստորեն, պատգամավորներդ 10 ամիսների ընթացքում 14 անգամ պարգեւատրվել եք, եւ մոտավորապես 2 միլիոն դոլար գումար է բյուջեից հատկացվել այդ պարգեւատրումների համար։ Հանուն ինչի՞ եք ամիսը մի քանի անգամ պարգեւատրվել։

- Ես կոնկրետ թիվ չեմ հիշում, բայց գիտեմ, որ պետական համակարգի բոլոր աշխատակիցները ստացել են այդ 30 տոկոս պարգեւավճարները, պատգամավորները՝ նույնպես, ոչ միայն պատգամավորները, այլեւ ԱԺ աշխատակազմը՝ կարծեմ 700 հոգի, պատգամավորների խորհրդականներ, օգնականներ։ Այո, ստանդարտ ամեն ամիս, բացի աշխատավարձից, դրա 30 տոկոսի չափով ստացել ենք։ Այնպես չի, որ մենք հատուկ ստացել ենք՝ որպես պատգամավոր, այդ գումարներն աշխատում են ընդհանուր պետական համակարգում։

- Նախկինում երբեւէ չի եղել, որ ամսվա ընթացքում մի քանի անգամ պարգեւավճարներ տան, սա նախատեսվել է բյուջեով՝ ինչո՞ւ։

- Բյուջե ունենք, ուրեմն լավ չէ՞, որ  աշխատակիցներին պարգեւավճարներ է հասնում, ողջունելի՞ չէ։

- Մի կողմից հայտարարում եք՝ նպաստի գումարը չենք կարող բարձրացնել, նվազագույն աշխատավարձերը մոտ 10 հազարով ենք կարողանում, գիշերօթիկները փակում ենք, որովհետեւ գումար չկա, մյուս կողմից՝ ձեր աշխատավարձերը 140-200 հազարով բարձրացնում եք ու անունը դնում պարգեւավճար․ իհարկե, ողջունելի է։

- Տեսեք, այդ պարգեւավճարների համակարգը երաշխավորելու է լավ աշխատանք, արդյունավետ աշխատանք։ Մյուս կողմից տեսնում ենք, որ մարզպետարաններում օպտիմալացում է կատարվում։ Մեկ այլ տեղերում՝ եւս։ Մենք հակված ենք ավելի արդյունավետ աշխատանքի։ Եթե լավ աշխատանք ես պահանջում, պետք է լավ էլ վճարես։ Մենք Ազգային ժողովում լավ մասնագետների կարիք ունենք, լավ իրավաբաններ, տնտեսագետներ եւ այլն, որոնք այդ աշխատավարձով չեն աշխատում։ Դա նաեւ կանխարգելիչ միջոց է կոռուպցիայի դեմ պայքարում, որովհետեւ մարդ եթե չի տեղավորվում իր ստացած աշխատավարձի մեջ, կսկսի այլընտրանքային միջոցներ փորձել գտնել։ Ուստի հնարավորինս պետք է ամեն ինչ անենք, որ պետական ծառայողի աշխատավարձը հնարավորինս բարձրանա։

- Բայց պարգեւավճարները սահմանում են լավ աշխատանքի համար, հիմա ձեզ՝ պատգամավորներիդ, կոնկրետ ինչի՞ համար են այդքան գումար տալիս, թե՞ տալիս են միայն այն բանի համար, որ կոռուպցիա չանեք։

- Ես չեմ ուզում ինքնագովեստով զբաղվեմ, բայց կասեմ, որ այդ գումարը ստանում են բոլորը, չի կարող մեկը ստանալ, մեկ ուրիշը չստանալ։ Այլ հարց է, որ մենք ընդհանուր մեխանիզմ պիտի ստեղծենք, որը կխրախուսի, պարգեւավճարը կտրվի ըստ աշխատանքի։ Մենք հիմա չունենք այդ մեխանիզմը, բյուջեն ասում է, որ բոլորին հասնում է այդ պարգեւավճարը։

- Հիմա այդ փողը կա՛մ պարգեւավճար է, կա՛մ աշխատավարձի այլընտրանքային բարձրացում՝ բյուջեի նախագծով։ Կա՛մ խոստովանեք, որ բարձրացրել եք ձեր աշխատավարձերը, կա՛մ պետք է ասեք՝ ի՞նչ եք արել, որ ձեզ ամսական պարտադիր պարգեւավճար եք սահմանել։

- Ես էլի եմ ասում՝ պետք է օրենքում ինչ-որ կետ փոխել, ինչ-որ բան անել, որպեսզի դա չհնչի պարգեւավճար, այլ որպես աշխատավարձ դառնա, որովհետեւ անունը «պարգեւավճար», այս դեպքում ինչ-որ բան անելու համար չէ, այլ աշխատավարձի այդ չափով բարձրացում։

- Հասկացա, փաստորեն, աշխատավարձ է բարձրացվել, բայց՝ բյուջեի միջոցով։ Կարծում եք՝ պատգամավորի՝ մոտ կես միլիոնանոց աշխատավարձը մեր պայմաններում քիչ էր, ու առաջնահերթ ձե՞ր աշխատավարձերը պետք է բարձրանային։

- Այո, պատգամավորի աշխատավարձը քիչ է, պլյուս 30 տոկոսն էլ քիչ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորը պարբերաբար այցեր է կատարում, իրեն այլ պետության կողմից այլ ծախսեր՝ թե՛ մեքենա, թե՛ վառելիքը չի հատկացվում։ Մանավանդ  մարզերի պատգամավորների դեպքում գումարվում է մարզային այցերի ճանապարհածախսը։ Կես միլիոն դրամը փոքր գումար է կատարված աշխատանքի համար։

- Եվ քանի որ համառորեն չեք ասում, թե որն է ձեր աշխատանքի արդյունքը, ինչ լավ բանի համար պետք է հավելյալ վարձատրվեք, ասացեք, խնդրեմ՝ Դուք ամենաաղքատ մարզից ընտրված պատգամավոր եք, ինչպե՞ս կընդունեն այնտեղ Ձեր հայտարարությունը, որ կես միլիոնանոց աշխատավարձը շատ քիչ է։ Եվ առհասարակ՝ հեղափոխականներդ ասում էիք՝ գալիս ենք, պատրաստ ենք զրկանքների, ոտքով գործի գնալ, գործուղումներից հրաժարվել, ժողովրդին հանել «ավերակներից»։

- Էլի հեղափոխական ենք, բայց եթե հաշվի առնենք, որ նախկին իշխանությունում պատգամավորները հսկա բիզնեսներ են ունեցել, եւ հիմա մենք սահմանափակվում ենք այդ աշխատավարձով․․․ Որեւէ պատգամավորի իր աշխատավարձը չի հարստացնելու, դա մի մեծ գումարի մասին էլ չի, դա ուղղակի իր աշխատանքի, կատարվող ծախսերի համար կատարվող ծախս է, այդ աշխատավարձով որեւէ մեկը մեծահարուստ չի դառնալու, գործարաններ չի բացելու։ Հեղափոխությունը հենց նաեւ դա է։ 

- Ո՞րն է…, որ սկսեք ձեզնի՞ց, այլ ոչ թե Շիրակի տնակներում ապրող կարիքավորներից։

- Ո՛չ, բացարձակ, մենք իրենց մասով էլ ունենք աշխատավարձերի բարձրացում, 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձն է բարձրանալու, մենք առողջապահության ոլորտում ունենք աշխատավարձերի բարձրացում, ուսուցիչների աշխատավարձերի, զինվորականների… բա ի՞նչ եք ուզում՝ սա աշխատանք չէ՞, որ ասում եք՝ որն է ձեր աշխատանքը։
Հիմա 350 կիլոմետր ճանապարհ է սարքվել, դա էլ ինչ-որ տեղ աշխատավարձի բարձրացում է․ մարդիկ վատ ճանապարհով երթեւեկելիս պարտադիր 3-4 անգամ վերանորոգում էին ավտոմեքենաները, եւ իր գրպանից էր ծախս անում, հիմա չի անի։

- Փաստորեն, պատգամավորները պետության ամենախոցելի սոցիալական խավն են, եւ իրենցից էր պետք սկսել։

- Դուք ինչո՞ւ եք անընդհատ շեշտում՝ սոցիալապես ոչ բարվոք․․․ Դա մի մեծ գումարի մասին չի խոսքը։ Այո, ես համարում եմ, որ պատգամավորն այնպես չէ, որ ապահով է։ Մենք կարող ենք ունենալ պատգամավորներ, որոնք ոչ բարվոք վիճակում են։
Շատ պատգամավորներ կարող էին մասնավորում շատ ավելի բարձր գումար ստանալ։ Բայց ժողովուրդն իրենց գործուղել է այստեղ աշխատելու, բա հո իրանք անվճար չե՞ն աշխատելու, ընտանիք են պահում։

- Ի դեպ, Դուք է՞լ եք 10 ամսում 14 անգամ պարգեւավճար ստացել։

- Ես չգիտեմ, գիտեմ, որ մեր քարտերին ամեն ամիս այդ 30 տոկոսը փոխանցվել է։

- Եղե՞լ է ամիս, որ մի քանի անգամ են փոխանցել։

- Չգիտեմ, չեմ հիշում։

- Բա ասում եք՝ փողը չի հերիքում, չգիտե՞ք ինչքան գումար է փոխանցվում Ձեր հաշվին։

- Չեմ հիշում, երեւի փոխանցվել է, չեմ ֆիքսվել։