Նվիրատվության դիմաց շինթույլտվություն տալը պետք է օրենսդրական առումով ամրագրել

Նվիրատվության դիմաց շինթույլտվություն տալը պետք է օրենսդրական առումով ամրագրել

Իմքայլականները ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել իրենց «նշանակած» քաղաքապետի՝ Հայկ Մարությանի սխալները եւ կոռուպցիա տեսնել նրա իրականացրած գործարքներում։ Առհասարակ, այս իշխանությունը կարծես զուրկ է սեփական սխալները նկատելու, գիտակցելու եւ խոստովանելու ունակությունից։ Նրանք նախկիններից էլ ավելի խրոխտ պաշտպանում են միմյանց՝ մի սանտիմետր անգամ չզիջելով։ Դրա համար էլ բացարձակ անտարբեր են ձախողված պաշտոնյաների  հրաժարականի պահանջներին՝ ասես ոչինչ էլ չի եղել։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հրաժարական տալիս են միայն ինքնակամ, այն մարդիկ, ովքեր զզվել ու հոգնել են պոպուլիզմից, ներթիմային խարդավանքներից ու ապաշնորհ կառավարումից։ Երեկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին համարեց, որ Հայկ Մարությանի՝ շինթույլտվություններ «ԿամԱԶ»-ների դիմաց գործարքներում որեւէ անօրինական բան չկա, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ իր հերթին։ Ի դեպ, հետաքրքիր է, որ երկուսն էլ խուսափեցին պատասխանել «ԿամԱԶ»-ների նվիրատուներից Սամվել Ալեքսանյանի եւ նրան պատկանող «Ալեքս հոլդինգի» կապի մասին հարցին։ Հարցը նրբորեն շրջանցեցին՝ խնդրելով դա ուղղել քաղաքապետին։ Երեւի իրենց համար էլ է զավեշտալի, որ Հայկ Մարությանը կապ չի հայտնաբերել։

«Գիտե՞ք, խնդիրը հենց այն է, որ փորձում ենք էստեղ սուբյեկտիվության տեսանկյունից ինչ-որ ճշմարտություններ փնտրել։ Հարցը հետեւյալում է․ ինչ է ուզում անել այսօր քաղաքապետարանը եւ քաղաքապետ Հայկ Մարությանը՝ փորձում է ներմուծել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքը, որը կիրառելի է աշխարհի տարբեր երկրներում եւ իր մեջ կարող է ներառել մի շարք բաղադրիչներ։ Օրինակ՝ կարող է ներառել բնապահպանական տեսանկյունից բարենպաստ ներդրումներ, կարող է ներառել կամավորական աշխատանք, նաեւ կարող է ներառել նվիրատվություններ։ Եվ ես վստահ եմ, որ քաղաքապետարանը եւ Հայկ Մարությանն առաջնորդվել են բացառապես Երեւան քաղաքի եւ երեւանցիների շահերով»,- մեզ հետ զրույցում այսպիսի գիտական բացատրություն տվեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։

- Դա անձամբ Ձե՞ր տեսակետն է, քանզի Մարությանը նման բան չէր ասում, որ կորպորատիվ պատասխանատվության սկզբունք է կիրառել։

- Քաղաքապետը որոշ չափով անդրադարձավ դրան, միգուցե լավ չմանրամասնեց այդ առումով, բայց սա ընդունված պրակտիկա է։

- Իսկ ինչո՞ւ դրա մասին մինչ այդ այդպես պարզ ու անկեղծ չէր հայտարարում։

- Տեսեք, երբեմն այնպես է ստացվում, երբ, օրինակ, դու ինչ-որ կոնսպիրատիվ գործունեություն ես ծավալում, ինչ-որ բան փորձում ես թաքցնել, ամեն ինչ շատ էսպես ոսկերչական ճշտությամբ շատ հեշտ հնարավոր է լինում թաքցնել, ինչպես նախկինում բավականին տարածված պրակտիկա եղել է։ Եվ ես այդ առումով համաձայն եմ, որ կարելի է շատ ավելի մանրամասն եւ հստակ ներկայացնել, որպեսզի հանրությանը պարզ լիներ ամեն ինչ։

- Ամեն դեպքում, քաղաքապետը չի ասում, որ այդ «ԿամԱԶ»-ները նվիրել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նպատակով, որպեսզի շինթույլտվություն տան։ Ինքն առհասարակ հերքում է, որ այդ թույլտվություններն ինչ-որ բանի դիմաց են տրվել։

- Տեսեք, Դուք ասում եք՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նպատակով, որպեսզի շինթույլտվություններ տրվեն․․․ դրանք բացարձակապես իրար հետ կապ չունեցող գործընթացներ են, եւ Հայկ Մարությանը հենց դա էր փորձում պարզաբանել, որ շինթույլտվությունները եւ պայմանագրերը բոլորովին այլ գործընթաց են, իսկ այն, ինչ տեղի է ունեցել համայնքին օգուտ բերելու առումով, դրանք բոլորովին այլ գործընթացներ են։

- Բայց ընդդիմադիր «Լույս» խմբակցությունը փաստերով ու փաստաթղթերով հակառակն ապացուցեց։ Մինչդեռ Հայկ Մարությանը համառորեն փորձում է կոծկել, թաքցնել այդ փաստերը։

- Ես նորից հայտնում եմ համոզվածություն, որ որեւէ բան կոծկելու, որեւէ բան գաղտնի պահելու ո՛չ մտադրություն է եղել, ո՛չ էլ իրականում դրա հնարավորությունը կա։ Բացառվում է, որ ինչ-որ բան հնարավոր լինի թաքուն պահել։ Ինչ վերաբերում է այդ փաստաթղթային մանրամասներին, ես դրանց չեմ տիրապետում եւ, ճիշտն ասած, ցանկություն էլ չունեմ մտնել այդ դաշտ։ Ես մեկնաբանում եմ, թե ընդհանրապես տերմինաբանության տեսանկյունից դա ինչ երեւույթ է, եւ արդյոք ընդունելի՞ պրակտիկա կարող է լինել նաեւ Հայաստանի համար, թե ոչ, եւ որն է լինելու այն ընկերությունների, բարերարների շահը, որոնք ներգրավված են լինելու այս գործընթացում։

- Իսկ գուցե դա օրենքո՞վ ամրագրվի, եւ միասնական մոտեցում լինի, ոչ թե հայեցողական, որ մարդիկ էլ չմտածեն՝ այդտեղ կոռուպցիոն ռիսկ կա, երբ մեկից 2 «ԿամԱԶ» են վերցնում, մյուսից՝ 12։

- Միանշանակ, Ձեզ հետ համաձայն եմ, որ պետք է օրենսդրական առումով այն նույնպես ամրագրել, որովհետեւ, քանի որ սա նոր երեւույթ է, որը փորձ է կատարվում ներմուծել, ես համաձայն եմ, որ այն օրենսդրական կարգավորումներ պետք է ստանա, եւ որեւէ մեկի մոտ կասկած չառաջանա։

- Դուք է՞լ եք համաձայն, որ «Ալեքս հոլդինգը» կապ չունի Սամվել Ալեքսանյանի հետ։

- Գիտե՞ք, եկեք, ես այդ դաշտ ընդհանրապես չմտնեմ, ես մեկնաբանում եմ, թե նվիրատվությունների այդ պրակտիկան ինչ է։

- Պարզապես տպավորություն է, թե Հայկ Մարությանը մարդկանց հիմարի տեղ է դնում․ վարչապետը գնում է «Ալեքս հոլդինգի» հերթական ձեռնարկության բացմանը, որտեղ որպես սեփականատեր է հանդես գալիս հենց Ալեքսանյանը, իսկ Մարությանն ասում է՝ ինքը չի կարող ասել, թե դա նրանն է։

- Ես Ձեր ձեւակերպումների հետ համաձայն չեմ, Վահե ջան։ Ես, նորից եմ ասում, պատասխանում եմ այն հատվածին, որին իրավասու եմ պատասխանել, մնացած փաստաթղթայինը, թե որն ինչ է, ես մանրամասն չեմ ուսումնասիրել, չեմ կարող ասել, թե էնտեղ ինչ կա, ինչ չկա։ Էդ ուղղությամբ ես պատասխանատվություն չվերցնեմ։

- Հայկ Մարությանը պե՞տք է հրաժարական տա։

- Ոչ, միանշանակ ոչ, որովհետեւ այդտեղ, բացի լավ մտադրություններից, բարի նպատակներից, անկեղծ մղումներից, որեւէ այլ բան անձամբ ես չեմ տեսնում։

- Տարոն Մարգարյանն էլ լավ նպատակներ ուներ, երբ «Երեւան» հիմնադրամն էր ստեղծել եւ դրանով նվիրատվություններ էր ընդունում, հետո դրանք ծառայեցնում էր քաղաքին։

- Սկզբունքները բոլորովին ուրիշ էին, ես չեմ ուզում անդրադառնալ նախկինում կատարված պրակտիկային, ես ասում եմ, թե հիմա նվիրատվությունների սկզբունքը եւ նպատակը որն է։ Ես նույնիսկ գիտեմ, որ ինչ-որ ուսումնասիրություն է կատարվում դատախազությունում, եթե չեմ սխալվում, եւ եթե որեւէ կերպ խախտում լինի, բնականաբար, կարձանագրվի այդ ամենը։

- Ձեզ ընդդիմացողները հիշեցնում են, որ թե՛ վարչապետը, թե՛ Արայիկ Հարությունյանը, երբ ընդդիմադիր էին, քննադատում էին նմանատիպ երեւույթները, իսկ հիմա, երբ ձեր թիմակցին է վերաբերում, արդարանում են։

- Երբեք չեն կարող արդարացվել այն դեպքերը, երբ որեւէ փորձ է կատարվում սեփական շահի, սեփական գրպանը լցնելու համար ինչ-որ գործողություն ձեռնարկելը։ Ես այս պարագայում բացառում եմ նման գործունեությունը Հայկ Մարությանի կողմից։

- Հայկ Մարությանը նշանակման օրվանից հայտնվում է քննադատությունների ու սկանդալների կենտրոնում, բայց իշխանությունը, կարծես, չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել նրա արարքների համար։

- Բոլոր այն դեպքերում, երբ որ ինչ-որ հանրային հնչեղություն է ստացել խնդիրը, իհարկե, անդրադարձ կատարվել է, պարզաբանումներ տրվել են։ Այն հատվածները, որտեղ կարելի է ավելի շտկել, միանշանակ, մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի շտկենք։ Իսկ ինչ վերաբերում է Հայկ Մարությանի հասցեին քննադատություններին, սովորաբար քննադատում են աշխատող մարդուն։

- Փաստորեն, հանրապետականներն ամենաաշխատող մարդիկ էին, որ այդքան քննադատում էիք եւ շարունակում եք քննադատել։

- Մենք խոսում ենք հիմա ինչի՞ մասին, երբ մարդն ինչ-որ բան գրպանել է, կոռուպցիայի մեջ ներգրավվա՞ծ է եղել, թե՞ ոչ։ Ես ասում եմ, որ իմ գնահատմամբ՝ ոչ։