Հայաստանում շարունակվում են ռեստորաններ փակվել, այդ թվում՝ հայտնի ռեստորաններ

Հայաստանում շարունակվում են ռեստորաններ փակվել, այդ թվում՝ հայտնի ռեստորաններ

Հայաստանում շարունակվում են ռեստորաններ փակվել, այդ թվում՝ հայտնի ռեստորաններ։Ստեղծված իրավիճակի շուրջ «Հրապարակը» զրուցել է հանրային սննդի փորձագետ, ռեստորանային ոլորտի էքսպերտ Աշոտ Բարսեղյանի հետ, որը դեռ վաղուց էր կանխագուշակել, որ ռեստորաններից շատերը, չդիմանալով տնտեսական ճգնաժամին՝ փակվելու են։

Բարսեղյանը պնդում է՝ սա պանդեմիայի պայմաններում տնտեսական համաշխարհային ճգնաժամի արդյունք է, բայց ոլորտը այս վիճակում է հայտնվել նաև կառավարության, առողջապահության, պարետատան, ոստիկանության անհաշվենկատ գործողությունների, թերացումների արդյունքում։

«Հենց սկզբից այս ամենը ռեստորանային ինդուստրիան հաշվի էր առել, և անկեղծորեն, պատրաստ էր չոր կարանտինի։ Մենք պատրաստ էինք 40 օր տոտալ փակ մնալ, նստել տունը, և թույլ տալ կառավարությանը իր շրջանակներում գործողություններ իրականացնել, որը թույլ կտար ցանկալի արդյունքներ ստանալ։ 

Ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները, ես էլ անձամբ, հայտարարել ենք, որ պատրաստ ենք փակվել մինչև վտանգը անցնի, բայց մենք ի՞նչ տեսանք, տեսանք մի շարք գերատեսչությունների թերի աշխատանքներ, այսինքն՝ մենք ունեցանք բացված տնտեսություն, բայց  բացվելուց որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ ինչ-որ բաներ , ամեն դեպքում, լավ չենք կազմակերպել։ Բազմիցս եմ ասել, որ տնտեսական ճգնաժամը անխուսափելի է, բայց դրա խորությունը արդեն կախված է կառավարության , պետական կառավարման համակարգի գործողություններից»,-նշեց Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ իրենք՝ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները, բազմիցս նշել են նաև , որ պետությունից ակնկալում են ուղիղ ազդեցություն ոլորտի վրա։

«Հարկերի, տուրքերի, այլ վճարների մասով սպասել ենք օժանդակությունների, բայց ոչ մի օժանդակություն չի եղել,  օրերս տեղեկացանք, որ ավագանու անդամներից Նվարդ Վարդանյանը նախաձեռնել է տեղական տուրքերի ներում, ինչը, իհարկե ողջունելի է, շնորհակալություն ենք հայտնում»,-ասաց Աշոտ Բարսեղյանը։

Ռեստորանային ոլորտի էքսպերտը նկատում է՝ ոլորտի ներկայացուցիչներին, տնտեսվարողներին ոչ թե պետք է պետությունը ներումներ անի, այլ նրանք պետք է պաշտպանված լինեն հենց օրենքով։

Բարսեղյանը շեշտում է, որ կառավարության գործողությունների, քայլերի մեջ իրենց ոլորտի մասով այս պահի դրությամբ էլ հստակություններ չկան, ինչի արդյունքում տնտեսվարողները շարունակում են մնալ անհասկանալի իրավիճակում ։

«Այս մասով ես ևս մի շարք հարցեր բարձրացրել եմ։ Օրինակ՝ արդյոք մեր պետությունը  ունի հստակ գործողությունների պլան, հերթականություն, արդյոք մենք հստակ գիտենք այն օրը, թե մենք երբ ենք վերջնականապես բացելու , ազատականացնելու տնտեսությունը ։ Բոլոր պետությունները ունեն էս մասով պլաններ և հստակ գիտեն՝ ինչից հետո ինչ են անելու։ Ցավոք իհարկե, երևի թե միայն Հայաստանն է մնացել, որը չգիտի։ Եվ հենց սրա ուղիղ արդյունքն է, որ ամբողջ ծավալով չեղարկվել են տուրիստական այցելությունները, ամբողջ ծավալով չեղարկվել են այն միջոցառումները, որոնք շատ մեծ ազդեցություն ունեին և ունեն մեր ոլորտի վրա։ Միայն 300 մլն դոլար մեր բնագավառի տուրիստական շրջանառության ազդեցությունն է։ Այսինքն, մեծ հաշվով, այս շրջանառությունները նվազել են նրա համար, որ կառավարությունը չգիտի՝ երբ է բացելու տնտեսությունը»,- ասաց Բարսեղյանը։