Ադրբեջանական լկտի քարոզչությանը՝ հայկական 0 արձագանք

Ադրբեջանական լկտի քարոզչությանը՝ հայկական 0 արձագանք

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» «Սումգայիթյան ողբերգություն․ ինչից է այն սկսվել եւ ինչպես է եղել» վերտառությամբ խայտառակ մի հոդված է հրապարակել, որում Լեւ Ասկերով անուն-ազգանունով հոդվածագիրը, որը նաեւ Ադրբեջանի Գրողների միության անդամ է, փորձում է քիչ թե շատ ճշմարտանման հիմնավորել, որ սումգայիթյան ջարդերն ուղղորդվել են հենց հայերի կողմից։ 
Ի դեպ, նյութում օգտագործված են նաեւ Ադրբեջանի ու ԽՍՀՄ ՊԱԿ-ի արխիվային փաստաթղթեր։ Օբյեկտիվության պատրանք ստեղծելու նպատակով, հոդվածագիրը նախ նախազգուշացնում է, որ արխիվային թղթերի մի մասը ոչ այլ ինչ է, քան մատնագրեր, զրպարտագրեր, իրավասու մարմիններին ահազանգեր, որոնք աչալուրջ քաղաքացիներից տեղ են հասել անստորագիր։ Ադրբեջանի ԳՄ անդամ լրագրողի այս հոդվածն առաջին հայացքից բաղկացած է «փաստերից» ու պատմական բեքրաունդից, որը ստեղծելու համար հոդվածագիրը հղում է անում Ադրբեջանի ԿԳԲ-ի գնդապետ Թոմազ Կարիչաձեի՝ իր վերադասին ուղղված 1963 թ․ զեկուցագրին, որում չեկիստը համոզմունք է հայտնում, որ հայկական բնակչության շրջանում Ստեփանակերտի եւ Բաքվի հոգեւորականների կողմից իրականացվում է թաքուն եւ կազմակերպված քանդիչ գործունեություն, որն արտահայտվում է ադրբեջանական ժողովրդի նկատմամբ ատելության քարոզով։ ԿԳԲ-ի գնդապետը գրում է, թե դասախոսություններն այստեղ կարդում են «Էջմիածնի էմիսարները»։


Ադրբեջանցի չեկիստն իր ղեկավարին զեկուցում է, որ 50-ականներին սփյուռքից Հայաստան հայրենադարձվածները բնակեցվել են «ադրբեջանցիների տեղաբնիկ՝ աբորիգեն  տարածքների վրա», իսկ Հայաստանում ապրող ադրբեջանցիներն էլ ուղարկվել են Ադրբեջան։ Սա, չեկիստ գնդապետի մեկնաբանութամբ, հակասում է «լենինյան ազգային հարցերով  քաղաքականությանը եւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով»։

Հետո Ասկերովը եզրակացնում է, որ այդ զեկուցագրից քառորդ դար անց՝ 88-ի փետրվարի 27-ին, կատարվեց այն, ինչի մասին Կարաչիձեն զգուշացնում էր։ Ասկերովը նաեւ պնդում է, որ Միխայիլ Գորբաչովի ցուցումով է միլիոններով տիրաժավորվել սուտը  «Սումգայիթի մասին»։ Պեղվել է մի փաստաթուղթ՝ նամակ Գորբաչովին այն ադբեջանցիների անունից (նշվում է 200 հազար), ովքեր Հայաստանում են թողել իրենց «հարազատ տները, խաղողի վազերն ու գերեզմանները», եւ որոնց մայրերին Հայաստանում ծեծել են, քույրերին՝ բռնաբարել՝ Գորբաչովի անունը շուրթերին, ու վռնդել դեպի Արեւելք՝ Ադրբեջան։ Ադրբեջանցիները Գորբաչովին պատմում են, որ սումգայիթյան ջարդերի օրերին անծանոթ մարդկանց խմբեր էին լցվել Սումգայիթի փողոցներ ու սկսել իրենց՝ ազերիների լեզվով ոռնալ՝ «ջարդե՛ք հայերին, ինչպես նրանք՝ մերոնց»։ Բերվում է նաեւ  «Սումգայիթի կոմունիստ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ռաֆայիլ Շիֆի վկայությունն այն մասին, որ դեպքերի նախորդ օրը վաղ առավոտյան Հայաստանից ժամանել է սպանված 52 ադրբեջանցիների դիակներով գնացք, որոնց մորթված, խոշանգված   լուսանկարները հաջորդ օրը հայտնվել են իր տան շեմին ու քաղաքի փողոցներ թափած գազազած ադրբեջանցիների ձեռքում։ Գումարած այն վանկարկումները, որ «մահմեդական եղբայրներ, հայերը մեզ մորթում են»։ Հետո՝ մի «անկեղծություն»․ «Այո, մարդկային այս կուտակումներում հիմնական մասն ադրբեջանցիներն էին, կային եւ ռուսներ, ուկրաինացիներ ու հրեաներ։ Մի խոսքով՝ սումգայիթցիներ, հիմնականում՝ երիտասարդություն։ Բայց նրանց տանում էին հայերը։ Սա ես տեսել եմ սեփական աչքերով»։
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ԱԳՆ-ն անպայման պետք է արձագանքի այս քարոզչական բլեֆին։

Հատկապես եթե նկատի ունենանք, որ հիբրիդային պատերազմից խոսել սիրող այս իշխանությունը, վստահաբար, գիտակցում է, որ դրա մաս է կազմում քարոզչական պատերազմը։ Ավելին՝ այդ պատերազմի «Իսկանդերն» է։ Զոհրաբյանը հիշեցնում է, որ բացի ականատեսները, կա նաեւ Սումգայիթի ջարդերի հետ կապված Եվրոպական խորհրդարանի մի քանի հայտարարություն, որում հստակ ամեն ինչ ձեւակերպված է։ Մասնավորապես, որ Սումգայիթում ազգությամբ հայ բնակիչները ենթարկվել են էթնիկ զտումների, եւ որ որեւէ անգամ Ադրբեջանը նույնիսկ համարձակություն չի ունեցել վիճարկելու Սումգայիթում տեղի ունեցածը։
«Եվ նույնիսկ ադրբեջանական լկտի քարոզչամեքենան, որն անգամ Սառուցյալ օվկիանոսի հալոցքի թեման եվրոպական հարթակներով փորձ արեց կապել Արցախի խնդրի հետ, երբեւէ չի վիճարկել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում իրենց կատարած ոճրագործությունները եւ դրանց փորձել է հակադարձել Խոջալուի քարոզչական բլեֆով»։
Նաիրա Զոհրաբյանի ամփոփմամբ՝ գնված, վճարված ու անամոթ այդ տեղեկատվությունը պարունակող հոդվածից ծայրից ծայր ադրբեջանական էժան կերոսինի հոտ է գալիս։
 «Վստահ եղեք, որ եթե այդ ասվածի ու գրվածի մեջ 0,0-ական տոկոսի չափ իրականություն լիներ, ապա իրենք սա վաղուց էին սարքել իրենք մշտական քարոզչական շպարգալկան։ Ինչպես այս տարիների ընթացքում Խոջալուն, որն իրենց նախկին նախագահի վկայությամբ՝ կազմակերպված է եղել հենց իրենց իշխանությունների կողմից, այն պայմաններում, երբ յուրաքանչյուր քարոզչական հարթակ օգտագործում են Խոջալուի, այսպես կոչված՝ ցեղասպանությունը հիշատակելու համար»։