Իսկ դու, մարզպետ, ի՞նչ ես արել մարզի համար, բացի պարգևավճարներ տալուց

Իսկ դու, մարզպետ, ի՞նչ ես արել մարզի համար, բացի պարգևավճարներ տալուց

Փետրվարի 21-ին «Արտաշատի իրավապաշտպան» ՀԿ նախագահ Արուս Հովհաննիսյանը, ով ակտիվ է Արարատի մարզում, վերջին շրջանում հակասություններ է ունեցել Արարատի մարզպետ, կոկորդիլոսասեր Գարիկ Սարգսյանի հետ: Բանն այն է, որ, ինչպես ինքն է պնդում, ՀԿ նախագահի գործունեությանը խոչընդոտում են մարզպետարանի որոշ չինովնիկներ՝ առողջապահության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, աշխատակազմի ղեկավար Լիլիթ Միրզախանյանը։ Նպատակը, նրա կարծիքով՝ որպեսզի իր  հաջողությունները վերագրեն մարզպետարանին: Նա դիմել է տարբեր ատյանների, այդ թվում՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, սակայն վերոհիշյալները սատարել են մարզպետ Սարգսյանին: Ի վերջո, նա՝ վիրավորված, դիմել է «Քաղպայմանագրի» գլխավոր գրասենյակ եւ հանդիպել ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանին։

Նա պատմում է, որ Հովակիմյանը վիրավորել եւ ծաղրել է իրեն՝ ՔՊ երիտասարդ անդամների ներկայությամբ: «Ես 2009 թվականից ակտիվ աշխատում եմ մեր մարզի ազգաբնակչության խոցելի խավի՝ առաջինից-երրորդ խմբի հաշմանդամների, ծնողազուրկ երեխաների, զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ, զորամասերին օգնություն տրամադրելով, զբաղվել եմ այն մարդկանց խնդիրներով, ովքեր իմ օգնության կարիքն են ունեցել, բժշկական ակցիաներ եմ իրականացրել բժիշկ-մասնագետների մասնակցությամբ, տասնյակից ավելի գյուղական համայնքներում անվճար բուժզննում եւ մասնագիտական խորհրդատվություն: Սակայն մարզպետարանն ինձ որեւէ հարցով չի օժանդակել, հակառակը՝ մարզպետի գիտությամբ ինձ որոշ չինովնիկներ խոչընդոտել են, ես էլ այս ամենին վերջ դնելու համար դիմել եմ այսօրվա իշխանության ազդեցիկ անդամներին, սակայն ինձ վրա եւ իմ բարձրացրած խնդիրների վրա  ուշադրություն չեն դարձնում, իմ առաջարկներին լուրջ չեն վերաբերվում, ուղղակի պաշտպանում են մարզպետ Սարգսյանին: Օրերս մարզպետի անօրինականությունների վերաբերյալ հանդիպեցի պատգամավոր Վահագն Հովհակիմյանին, ով վիրավորական արտահայտվեց իմ մասին եւ անվանեց ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանի մտերիմ, իբր աշխատել եմ հանրապետականների համար, եւ կոպտորեն դուրս հրավիրեց: Ներկա երիտասարդները ծաղրեցին ու ծիծաղում էին ինձ վրա, եւ ես վիրավորանքից արտասվեցի, որ նման անդաստիարակ մարդկանց համար ենք պայքարել, որ գան իշխանության: Ինչպե՞ս կարելի է մարդուն արհամարհել՝ իրենց թիմակից մարզպետին սատարելու նպատակով, մի՞թե այսօրվա համար ենք պայքարել, որ անհիմն կերպով մարդուն վիրավորեն, եւ նման մարդը լինի նախկին լրագրող ու տե՞ղ զբաղեցնի այսօր մեր խորհրդարանում։ Նրանք վարկաբեկում են իրենց պահվածքով իրենց կուսակցությանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- վրդովված եւ հուզված պատմեց ՀԿ նախագահը:

Արուս Հովհաննիսյանը պատիվ է պահանջում պատգամավորից, որեւէ ապացույց չկա, թե երբեւէ ինքն աշխատել է Ալիկ Սարգսյանի համար: «Եթե այս իրավիճակին լուծում չտրվի, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, այս անգամ մարզպետ Գարիկ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Ամսի 10-ին Ֆրանսիայից հյուրեր են գալու, որոնք մարզի հաշմանդամություն ունեցող անձանց համար անվասայլակներ են բերելու, իսկ դու, մարզպետ, ի՞նչ ես արել մարզի համար»,-ասում է նա եւ ավելացնում, որ ինքը մարզի համար մեծ գործեր է կատարել, ի տարբերություն մարզպետի։ «Ես իմ ՀԿ-ի միջոցով մարզի հաշմանդամություն ունեցող անձանց եւ սոցիալապես անապահով ընտանիքներին որքան կարողացել, աջակցել եմ, օգնություններ եմ բաժանել, ապահովել եմ անվասայլակներով, հենակներով, 9 գյուղ լիցենզավորված բժիշկներ են գործուղվել՝ մարդկանց բուժելու նպատակով, իսկ դու, մարզպետ, ի՞նչ ես արել, բացի քո թիմակիցների պարգեւատրումներից»։