Մեր ինքնության որոնումի ճամփեքին

Մեր ինքնության որոնումի ճամփեքին

Արցախ, Արցախ… Ինչո՞ւ է քեզ ամեն ինչ այդքան դժվար տրվում: Ամեն անգամ ոտքդ մի բանի է դեմ առնում, ամեն անգամ ճամփիդ մի գերան, մի փոս, ժեռ քար է հայտնվում ու ստիպում երկարացնել ճանապարհդ: Ամեն ինչդ տեղն էր, իբր, հիմա էլ էս թավշյա հեղափոխությունը չոքեց դռանդ: Դուռը սաստիկ ծեծում է, ուզում է ներս գալ, սպառնում է: Չբացես՝ կփռի ասֆալտին, բացես՝ քեզ իրենով կանի, կդարձնի կուռկուռի ձագ: Ոնց որ պարտքատեր լինի, պարտքն է ուզում: Պարտքդ էլ էն է, որ հայ ես, հայկական ես, հայեցի ես…Թավշյա չե՞ս, ուրեմն լավը չես, ուրիշ ես, տարբեր ես, այլ խոսքով՝ «սեւ» ես, թավիշը քեզ պետք է «սպիտակեցնի», դարձնի թավիշ… Պիտի մոռանաս քաջ զավակներիդ ձայնով սարերը դմբդմբացնելը… Ու դա էն ձենն է, որ ահ գցեց աշխարհի մեծերի սիրտը: Ու եկան աշխարհի մեծերն ու խորհուրդ արին ու մինչեւ օրս էլ դեռ գնում ու գալիս են, քո ղեկավարների հետ հարգանքով խոսում, նրանց հետ նստում-վեր կենում՝ ինչպես կվարվեին միայն հոգով ու կամքով ուժեղների հետ: Դու գիտես, որ պարտք չես ոչ մեկին, բայց թավիշն աներես է, Արցախ: Որ կպավ, էլ պոկ չի գալու: 

Գնում ես ընտրությունների…Բարով գնաս, լավ ընտրություններ քեզ, Արցախ: Ամենաարժանի զավակիդ ընտրիր քեզ ղեկավար: Արժանիները շատ են, բայց ընտրիր ամենաարժանիին, ում հետեւից ականջներ չեն երեւում, ով քո սրտից է խոսում՝ քո դմբդմբան ձայնով, քո սարերին հասկանալի լեզվով, քո սահմանին կանգնած զինվորի մտածողությամբ, քո շինարար պապերի կենսափորձով, օջախաշեն մամիկներիդ գթառատ սրտով: Դու դատապարտված ես անպարտելիության: Գոյության այլ ձեւ դու չունես: Պարտվեցիր՝ Հայաստանն է պարտվելու, հայն է պարտվելու, հայոց պատմությունն ու լեզուն են պարտվելու: Դու դատապարտված ես հաղթելու եւ այդպես ապրելու: Քո ճաշակով ում էլ ընտրես՝ ամենաճիշտը քո ընտրությունն է լինելու: Ճաշակդ չխառնես, ձեռիդ չափը չկորցնես… Սայաթ-Նովեն ասում էր՝ խիլքդ հիմարին բաբ մի անի… Այ, այսպես դուզ՝ գնա, գնա անկախությունդ ծոցիդ մեջ տաքացրած-պահած: Եվ իմացիր, որ մայր հայրենիքի հետ միացումդ անկախության ճամփով է գծված՝ քո դուզ ճամփով: 

Որ այսքանն ասացի, մի երկու խոսք էլ մեզանից ասեմ: Մենք էլ ենք գնում ընտրության: Մի հատ ՍԴ նախագահ ունենք՝ Հրայր Թովմասյան, գործից հանում ենք: Չեն ասում՝ լավ չի աշխատում, պարզապես թավշի սրտով չի: Հրայրն ինքնին օրենքի մարդ է, բայց թավիշը, ինչպես ասացի՝ աներես, կպչուն բան է: Ինչո՞ւ զարմացար: Ոչ մի բարդ բան չկա, ընդհակառակը, շատ սովորական պրոցեդուրա է ՝ ժողովուրդը Հրայրին գործից հանելու է, իսկ թավշյա իշխանությունն իր մարդուն է նշանակելու: Համենայնդեպս՝ այսպես են ուզում: Ասում են նաեւ, որ ՍԴ նախագահ նշանակելու ժամանակ պետք չէ, որ շատ ժողովուրդ հավաքվի: Նեղ «կռուգով», սուսուփուս, կնշանակեն իրենց տղուն, ու կանաչ խիարի այս պատմությունը կավարտվի: Բայց որ «հանրաքվե» ասված այս իդիոտության արդյունքը հանկարծ թավշի սրտով չեղավ, ի՞նչ է… 

Հարկ կա՞ Նիկոլին քեզ ավելի լավ ներկայացնելու: Կարծում եմ՝ չէ: Դու ամեն ինչ շատ լավ տեսնում ես ու հասկանում: Հավանաբար գիտես նաեւ, որ Նիկոլը երկու ոտքը դրել մի կոշիկի մեջ՝ ուզում է թավշյա հեղափոխությունն Արցախ արտահանել, իսկ քո ընտրություններն էլ համարում է շատ լավ առիթ դրա համար: Այնպես որ՝ ուշադիր եղիր օրումեջ Հայաստան գնացող-եկող, Նիկոլի հետ լեզու թրջող թեկնածուներիդ հանդեպ: Նիկոլը կարող է նրանց այնպես «ֆռռացնել», նրանց գլուխներն այնպիսի բաներով լցնել, որ հետո չճանաչեք ձեր մարդկանց: Տեսեք, ասում է՝ ես Արցախի ընտրություններին չեմ միջամտելու, արբիտր եմ լինելու եւ այլն: Բայց դու հասատատ ինձնից ավելի լավ գիտես, թե դուզ խոսքն ում են ասում: Այս պահի դրությամբ արդեն հայտնի է, որ Նիկոլը քո ընտրություններում առնվազն 2 ձի է վազացնում: Քաղաքականության լեզվով՝ սա նշանակում է, որ 2 թեկնածու ունի այդտեղ: Անունները չտամ, լա՞վ: Թե ինչու հենց նրանց, նույնպես դժվար չէ հասկանալը: Թավիշն Արցախ արտահանելու գերխնդիրն է մեջտեղում, որից հետո՝ էլ ի՜նչ Սայաթ-Նովա, էլ ի՜նչ պապի ու տատի, ի՜նչ ձեն, ի՜նչ դմբդմբոց ու անկախություն… Ամեն ինչ կխառնեն իրար, ու մի սիրուն օր հայաստանցի եւ արցախցի տրանսգենդերները մերձեցման երեկո կկազմակերպեն Լաչինի միջանցքում: Թավիշից դեռ ոչ ոք խեր չի տեսել…

Մենք որ շատ բողոքեցինք, թե էս ի՞նչ եք անում, մեր ադաթները մոռացության եք տալիս, հայոց լեզուն ու պատմությունն եք ուրանում, Նիկոլը մի թեթեւ նահանջեց: Չէ, չվախեցավ, նա վախեցող պտուղ չէ, նահանջեց եւ, որպեսզի ժողովրդի հոգու նուրբ լարերի վրա խաղա, որոշեց ռազմատենչ Յարխուշտայի տոն հռչակել: Ժողովուրդ սիրող (պոպուլիստ) է, էլի, ձեւանում: Ասա՝ էն ոչխար խուզելու տոնն ի՞նչ վատ էր, ազգային չէ՞ր, թե՞ նվազ ռազմատենչ էր… մեկ, երկու, երեք, 100 հազար, 650 հազար, ինչքան որ ձեռքդ ընկնի, որը որ ընկնի: Խուզիր, խուզիր մինչեւ վերջ՝ սա էլ այդ տոնի արդիական նշանաբանը: 

Ի դեպ՝ ի՞նչ վիճակում են ավանակներով մրցումները, որ հաճախ էին տեղի ունենում Արցախում: Թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ չի՞ փոխվել, ո՞ւմ ավանակն է գործող չեմպիոնը, ո՞ր գյուղից: Բա թերթերում ինչո՞ւ չեք գրում-լուսաբանում: Լավ չէ: Էն էլ ասեմ, որ Հայաստանի ընթերցողն այնքան դարդ ու ցավ ունի, որ չի կարող այդ ամենը մի կողմ դնել ու ձեր թեկնածուների բամբասանքները կարդալ մեր թերթերում: Էս երկու օրը նրանցից մեկը, որ Ստեփանակերտի ավտոլվացման կետերում մի քանի աշխատող ունի, հո մի հարցազրույց չէր տվել, հո հարցազրույց չէր տվել… Հռոմի պապից ավելի կաթոլիկ, Նիկոլից ավելի թավշյա, Արման Բաբաջանյանից ավելի ուժեղ գործ տվող: Որտեղից էլ գտե՞լ եք դրան: Ասում է՝ թեկնածուներից մեկը փող, այսինքն՝ ընտրակաշառք է բաժանում եւ բողոքում, թե այսպես չի լինի, ես անհավասար վիճակում եմ, այդքան փող չունեմ, հանկարծ կպարտվեմ, կխայտառակվեմ: Ես հիմա հարցնում եմ՝ եթե քո այս թեկնածուն չի ուզում Նիկոլի աչքը մտնել, Նիկոլի 3-րդ ձին դառնալ, ինչո՞ւ է այդ հարցազրույցը տվել Արմանի թերթին, Ղարաբաղում թերթ չկա՞: Կամ՝ ինչո՞ւ է եկել, ինձ պատմում այդ ամենը, ե՞ս եմ ընտրելու Արցախի նախագահին, Արցախը հո մարզ չի՞, որ ուզում է Նիկոլն իրեն մարզպետ նշանակի: Ասելս էն է՝ տիրություն արեք ձերոնց, թե չէ կարող են Հայաստանում թավշոտել, աչքաբացվել ու հաղթել ձեր կողմից շատ սիրված կենդանիների վազքարշավում:

Ուրիշ սրտաճմլիկ բաներ չեմ ուզում ասել, սիրելի Արցախ, բայց չեմ կարող չհիշեցնել, որ ընտրակաշառքը՝ ընտրությունների ժամանակ փող խաղացնելը, կոռուպցիոն երեւույթ է: Որ դա հանկարծ ընկավ եվրոպացիների ականջը՝ կորած ենք մենք էլ, դուք էլ: Ու մանավանդ նման բան Նիկոլը չպետք է իմանա, որովհետեւ դա հարված է առաջին հերթին իրեն, իսկ իրեն հարվածել, ինչքան ես գիտեմ, վայթե չի կարելի: