Կառավարությունը աչքը սարքելու տեղը ունքը տվեց հանեց․ Դավիթ Խաժակյան

Կառավարությունը աչքը սարքելու տեղը ունքը տվեց հանեց․ Դավիթ Խաժակյան

«Այս ընթացքում բազմաթիվ շինարարություններ կանգնած են այն պատճառով, որ տեխհսկողություն չի իրականացվում։ Ինչո՞ւ եմ ուզում սրա մասին խոսել, որովհետեւ ամեն անգամ այս ամբիոնում քննարկում ենք, թե ինչ խնդիրներ կան շինարարությունների հետ կապված, հնչում են ելույթներ, որ՝ գիտեք, մենք ամեն ինչ հասցրել ենք, բայց այս գնումների օրենսդրությունը էնքան վատն է, որ ընթացքը նորմալ չի լինում, ինչպես հայտնի արտահայտությունն է ասում՝ Կառավարությունը աչքը սարքելու տեղը ունքը տվեց հանեց»։ Այս մասին այսօր ավագանու հերթական նիստի ժամանակ ասաց «Լույս» խմբակցության ավագանու ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Նա նշեց, որ ունենք մի իրավիճակ, երբ տեխնիկական հսկողություն իրականացնողներից պահանջվում է շատ մեծ ծավալի բանկային երաշխիք․ «Փաստորեն, այս գնումները կանգնում են, շինարարությունը կանգնում է, որովհետեւ չեն ներկայացվում համապատասխան երաշխիքները։ Մենք մեկուկես տարվա ընթացքում անընդհատ խոսում ենք, որ առաջարկություններ պետք է ներկայացվի Կառավարությանը եւ ԱԺ-ին, որպեսզի այս օրենքը բարեփոխվի։  Ինչպե՞ս ենք մենք այս իրավիճակը պատկերացնում, երբ մասնակցում են մրցույթներին, այդ թվում՝ երբ միակ մասնակցողը լինում է կեղծ բանկային երաշխիքով։  Մենք գնացել ենք ավելի մեծ մոնոպոլիայի , որովհետեւ մենք շինարարներից, տեխհսկողություն իրականացնողներից պահանջում ենք այնպիսի երաշիքներ, որոնք կարող են ապահովել խոշոր կազմակերպությունները։ Պարոն քաղաքապետ, սա պետք է Ձեզ մտահոգեր, երբ կառավարությունը որոշումն ընդունում  էր»։

Ընդդիմադիր ավագանու անդամը թեմայի շուրջ օրինակ բերեց նաեւ աղբամանների հետ կապված մրցույթների դեպքը․ «Ունենք երկու տարբեր մատակարարներ, երկուսն էլ բերել են նույն ստանդարտի աղբամանները, մեկից ընդունել եք, մեկից չեք ընդունել։ Հիմա երբ բանկային երաշիքխի գործոնն է տեղի ունենում, մարդիկ կմտածեն, որ դուք  ինչ-որ կամայական պատճառով չեք ընդունել, եւ իրենք կվախենան, որ իրենց տված բանկային երաշխիքը քաղաքապետարանը կկարողանա հետ ստանալ»։

Հայկ Մարությանն ասաց, որ համաձայն է Խաժակյանի հետ․ «Աղբամանների մասով բոլոր մասնակիցներին առաջարկվել է նույնն պայմանը, որ անցնեն էքսպերտիզա, էն մյուսը չի բերել, չենք ընդունում, էլ  ի՞նչ անենք։ Այո, մենք այս կարգավորմանը կողմ չենք եղել եւ մենք առաջարկություն ենք արել, որը չի ընդունվել։ Մեր առաջարկությունն է եղել մինչեւ հարյուր տոկոս լինի եւ կարգավորի հանձնաժողովը»։